Գյուղացու վիշտը

Գյուղացու վիշտը

Երեկ կարտոֆիլ աճեցրած գյուղացիները փողոց էին ելել: Նրանցից մեկը մեր լրագրողի հետ զրույցում մորմոքում էր. ախր, ես Նիկոլ Փաշինյանի հետ քայլել եմ, իրեն ընտրել եմ, հետո հավատացել եմ, որ 3 միլիոն վարչապետներից մեկն եմ, ինչո՞ւ է նա ինձ մենակ թողել` իմ խնդրի հետ: 100 տոննա կարտոֆիլ ունի մարդը նկուղում, որ պետք է վաճառեր` ապրուստի փող աներ, հիմա ամեն օր այդ կարտոֆիլը նեխում է, գնող չկա: Զոլաքարցի մեր մոլորյալ հայրենակիցը խաղաղ-խելացի նկարագրում է իրավիճակը․ կաղամբն ու կարտոֆիլը հարեւան երկրներից` Իրանից, գուցե նաեւ Իրանի միջոցով Թուրքիայից, գալիս են Հայաստան ու վաճառվում սուպերմարկետների ցանցերում: Ասում է, որ լսել են` մաքսազերծում էլ չի արվում: Գուցե նաեւ ճիշտ է, որովհետեւ եթե մեր իշխանությունն ադրբեջանցի դիվերսանտին` կարմիր բանտիկը վզին, հապճեպ հանձնում է յոլդաշներին, ինչո՞ւ չպետք է չգրված կանոններ սահմանի եւ հարեւանների մթերքն առանց սահմանափակման ընդունի իր երկրում` խփելով սեփական գյուղացու գործին ու գրպանին:

Արդյունքում` Գեղարքունիքում աճեցրած կարտոֆիլը չի իրացվում: Առաջ բավականին մեծ քանակ ուղարկում էին Արցախ, հիմա ո՛չ Արցախը կա, ո՛չ արցախյան շուկան: Իսկ գյուղացին չարքաշ աշխատանքով բերք է աճեցնում, չի կարող դրան զուգահեռ նաեւ ապրանքի համար դրսերում շուկաներ փնտրել: Մանավանդ` Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացրել են, Վրաստանը մեր կարտոֆիլը չի ընդունում` ԵԱՏՄ անդամ չէ, Թուրքիա, Ադրբեջան չեն կարող արտահանել: Ի՞նչ անեն մարդիկ: Գյուղացի մարդ է, բայց գրագետ հետեւություններ է անում, ասում է` էդքան պարապ իշխանավոր կա, թող ամեն մեկի ձեռքը մի-մի կարմիր պապկա տան, ուղարկեն ռուսաստաններ` մեզ համար շուկաներ գտնելու: Այլընտրանքը ո՞րն է՝ արտագաղթելը կամ խոպան գնալը: