Ի վերջո, ինչո՞ւ խմբակցությունից դուրս եկավ Ուրիխանյանը

Ի վերջո, ինչո՞ւ խմբակցությունից դուրս եկավ Ուրիխանյանը

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը փետրվարի 11-ին հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին եւ հայտարարեց, որ այսուհետ որպես անկախ պատգամավոր է հանդես գալու։ Պատճառը նա չբացատրեց, միայն գրեց․ «Բազմաթիվ իրադարձություններ, վերջին տարիների ընթացքում գոյացնելով մի իրավիճակ, որն անպայման պետք է փոխվեր, ստիպեցին վերջապես կայացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում»: Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը։

«Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքները համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումների հետ: Այդ իսկ պատճառով այս պահից սկսած՝ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով»,- ասվում է ԲՀԿ հայտարարության մեջ: Եվ չնայած իր հայտարարության մեջ Ուրիխանյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին եւ խմբակցության գործընկերներին, սակայն պարզ է, որ նա ինչ-որ բանով արժանացել է Գագիկ Ծառուկյանի զայրույթին եւ հեռացվել խմբակցությունից։ Ավելին, տեղեկություններ կային, որ Գագիկ Ծառուկյանը նրա ձեռքից վերցրել է մանդատը եւ անգամ որոշած է եղել նրա պատգամավորական լիազորությունները դադարեցնել, սակայն դա չի արել միայն այն պատճառով, որ Ուրիխանյանից հետո մանդատ ստանալու հերթը Մարինա Խաչատրյանինն է, ով հայտնի է իշխանություններին եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանին դաժանաբար քննադատելու մոլուցքով, իսկ Ծառուկյանը նոր պրոբլեմներ չի ուզում ունենալ։
Այս փաստը Տիգրան Ուրիխանյանը հերքում է։ Մեզ հետ զրույցում նա ասաց․ «Պարոն Ծառուկյանը բարձր բարոյական արժեհամակարգի տեր անձնավորություն է»։

Ապա հավելեց, որ այդ խոսակցությունները բացարձակ ոչ մի կապ չունեն իրականության հետ եւ որ իր համար անակնկալ են։ «Իրականությանը ոչ միայն չեն համապատասխանում, այլեւ դրա համար հող էլ չկա, ու խոսելն էլ է անիմաստ»։ Պատգամավորին հարցրինք՝ այնուամենայնիվ, անհասկանալի մնաց, թե ինչու դուրս եկաք խմբակցությունից։ Նա բացականչեց․ «Ինչպե՞ս թե, ձեր կայքը, ձեր թերթը նույնիսկ գրեց, թե ինչու՝ առանձին, ուրույն քաղաքական կուրս իրականացնելու համար»։ Փաստորեն, չէի՞ք կարողանում ԲՀԿ-ի հետ, չէ՞ր ստացվում՝ հարցրինք նրան։

«ԲՀԿ-ի հետ, ինչպես նշեցի, անցել ենք շատ դժվարին, շատ փշոտ, բայց, միեւնույն ժամանակ, հետաքրքիր ժամանակ, որի արդյունքում, կարծում եմ, շահել են շատ ու շատ քաղաքացիներ, եւ շատ բան հաջողվել է անելու»։ Եվ, Ուրիխանյանի խոսքով, առանձին կուրս իրականացնելու համար անհրաժեշտ են առանձին գործեր։ Անհամբերությամբ սպասում ենք այդ նոր՝ «առանձին գործերին»։