Կորոնավիրուսը՝ փող աշխատելու հնարավորություն

Կորոնավիրուսը՝ փող աշխատելու հնարավորություն

Այն օրերին, երբ Չինաստանում նոր-նոր էր սկսել կորոնավիրուսը տարածվել, եւ դեռ հայտնի չէր, թե այս վարակն ինչ չափերի է հասնելու եւ մինչեւ ուր, հայ որոշ ճարպիկ գործարարներ անմիջապես հասկացան, որ այն նաեւ անսպասելի ու արագ հարստացման պարարտ հող է ստեղծելու ոմանց համար։ Մասնավորապես՝ դեղագործական ընկերությունների, վակցինայի մշակման լաբորատորիաների, վարակի կանխարգելմանն ուղղված տարբեր բիզնես-ձեռնարկների համար։ Եվ սկսեցին մտածել, թե մենք՝ հայերս, ինչով կարող ենք «երակ» մտնել ու փող աշխատել։

Դեռ փետրվարի կեսերին լուրեր տարածվեցին, որ Հայաստանի բոլոր դեղատներից անհայտ անձինք գնում են դիմակների հսկայական խմբաքանակներ եւ ծանրոցներ ուղարկում Չինաստան։ Այն նույն դիմակները, որոնք Հայաստան են եկել հենց Չինաստանից, հիմա հետ են ուղարկվում Չինաստան, որովհետեւ վարակի հանդեպ սարսափը ստիպել է, որ միլիարդանոց այդ երկրի ամբողջ բնակչությունը դիմակ կրի։ Ոչ ոք, անշուշտ, չգիտի, թե որքանով են այդ դիմակները պաշտպանում վարակվելուց, ինչպես հասկանալի չէ, թե ինչ դեր կարող է խաղալ, ասենք, ձեռքերը հաճախ լվանալու հորդորը, քանզի, եթե վարակի դեմ պայքարի միակ միջոցը հիգիենայի կանոնները պահպանելն է, ապա ինչպես է ստացվում, որ վարակվում եւ մահանում են նաեւ կորոնավիրուսով հիվանդներին բուժող բժիշկները։

Ամեն դեպքում, փաստ է, որ հայաստանյան բոլոր դեղատներից կարճ ժամանակում անհետացան բժշկական դիմակները։ Եվ այսօր առողջապահության նախարարությունը հայտարարում է, թե մի անհանգստացեք, մենք 160 հազար դիմակ ունենք պահեստավորած։ Ընդամենը 160 հազար։ Որպեսզի հասկանալի լինի, թե դա ինչքան քիչ է, պետք է նախ հաշվի առնել, որ ամենաորակյալ դիմակն անգամ «գործում է» ընդամենը 2-3 ժամ։ Դրանից հետո այն կորցնում է իր պաշտպանիչ ֆունկցիան։ Եվ մեկ հիվանդանոցը մեկ ամսում օգտագործում է մինչեւ 40-50 հազար դիմակ։ Ճիշտ է՝ այս աժիոտաժի մեջ հայաստանյան հիվանդանոցներն անցել են դիմակների դաժան խնայողության, սակայն դրանից երկրում դիմակների քանակը չի ավելանում, քանի որ նման դիմակներ Հայաստանում չեն արտադրում՝ դրանք բերվում են Չինաստանից, որտեղից այժմ ոչ թե բերվում, այլ հետ են ուղարկվում մեծ քանակի դիմակներ։

«Հիմա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի արտադրող ընկերությունները դիմակներն ուղարկում են Չինաստան, քանի որ այնտեղ երկար ժամանակ չի արտադրվել, իսկ պահանջարկը մեծ է։ Չինաստանում մեկ տուփ դիմակը հասել է մինչեւ 50 դոլարի։ Արտադրողները 3-4 ամսվա կտրվածքով պատվերներ ունեն, չեն կարող նոր պատվեր ընդունել։ Արտադրված ողջ խմբաքանակն ուղարկվում է Չինաստան»,-ասում է ներկրող ընկերության տնօրենը։

Մեզ պատմեցին, որ Հայաստանից միայն վերջին 20 օրում մոտ 3 միլիոն բժշկական դիմակ է արտահանվել Չինաստան։ Դա արել է կոնկրետ անձ, ում թիկունքում, մեզ հասած տեղեկություններով, իրավապահ համակարգից մի բարձրաստիճան պաշտոնյա է կանգնած։ Եվ նրանք մեծ գումար են աշխատել այս աղմուկի ու մարդկանց ողբերգության վրա։

Թվում է՝ անօրինական բան չի կատարվել, սակայն, եթե երկրում կա անվտանգության համակարգ, առողջապահության նախարարություն, հակահամաճարակային եւ այլ ծառայություններ, պետք է նման փաստը բացառվեր, եւ թույլ չտային, որ այդ քանակի դիմակ արտահանվի երկրից։ Վաղը նույնկերպ կարող են այլ նման իրավիճակներ ստեղծվել եւ ստրատեգիական նշանակության այլ ապրանքներ արտահանվել օտար երկրներ՝ անպաշտպան թողնելով մեր բնակչությանը։ Պետությունը հենց նման քայլեր կանխելու համար է։