ՍԴ-ի փոքրիկ չարաճճիությունն անցավ, դրա համար էլ դիմեցինք

ՍԴ-ի փոքրիկ չարաճճիությունն անցավ, դրա համար էլ դիմեցինք

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներ առաջադրելու գործընթացին զուգահեռ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերջապես որոշեց եւ օրերս ԲՀԿ-ի հետ դիմեց բարձր դատարան՝ վիճարկելու սահմանադրական վերջին փոփոխությունների օրինականությունը: Ըստ ԼՀԿ-ի՝ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից եւ խախտել Սահմանադրությունը, երբ սահմանադրական փոփոխությունները մինչեւ երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։ Բացի դրանից, ըստ ԼՀԿ-ի՝ հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու եւ հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը։ 

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո, երբ ԲՀԿ-ն ՍԴ դիմելու նմանատիպ հայց էր պատրաստում, ԼՀԿ-ում հրաժարվեցին միանալ եւ հայտարարեցին, որ ՍԴ կդիմեն բարձր դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո: 

Նախկին նախագահի դիմումը, հիշեցնենք, Սահմանադրական դատարանը պետք է քններ հուլիսի 7-ին, սակայն քվորումի բացակայությամբ պայմանավորված՝ այն անժամկետ հետաձգվել է։ Ցայսօր էլ ՍԴ-ում առկա է քվորումի խնդիր, եւ անհայտ է, թե երբ կքննվի, դիցուք, վերոնշյալ դիմումը։ Թե ինչու են այս քայլին գնում գործընթացից երկու ամիս անց, եւ սա ինչ զարգացում է ենթադրում, փորձեցինք պարզել ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հետ զրույցում։

- Պարոն Գորգիսյան, ի՞նչ փոխվեց այս ընթացքում, որ որոշեցիք դիմել ՍԴ, Ռոբերտ Քոչարյանի գործը համենայնդեպս չի քննվել, որով պայմանավորում էիք ձեր դիմել-չդիմելու հարցը։

- Ավարտին հասցրինք մեր դիմումը, եւ երկրորդ՝ Քոչարյանի գործով առաջ բերել, քննարկել, ՍԴ-ի նման փոքրիկ չարաճճիությունն անցավ, խոսքն ամսի 7-ի նիստի մասին է, որը պետք է կայանար, բայց չկայացավ։ Ընդհանրապես, անորոշ ժամկետով հետաձգվել է, եւ հայտնի էլ չէ, թե ՍԴ-ն երբ կկարողանա նիստ վարել, այդ հանգամանքը սպառվելուց հետո մեր դիմումն էլ երբ պատրաստ եղավ, ներկայացրինք։

- Իսկ գուցե դուք էլ տեսաք, որ ՍԴ-ն անորոշ ժամկետով նիստ անելու անկարողություն է դրսեւորում եւ դրա համա՞ր դիմեցիք։

- Առաջին օրվանից, երբ հակասահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ, ակնհայտ էր, որ ՍԴ-ն նիստեր չի կարողանալու գումարել, դա մեզ համար պարզ էր։

- Բայց սա այն հարցն է, որ ՍԴ դատավորներին էր առնչվում, եւ կարող էին հապշտապ կարգով նիստ հրավիրել ու կանխել նաեւ իրենց պաշտոնանկությունը։

- Շատ բարի, թող հիմա էլ ՍԴ-ն որոշի եւ նիստ հրավիրի։

- Հիմա այլ իրավիճակ է։ Ձեզ ինչ-որ մեկը խորհուրդ տվե՞ց դիմել ՍԴ՝ հաշվի առնելով, որ երկու դատավորի լիազորությունները դադարեցվել են, մյուսներն էլ արձակուրդում են։

- ԼՀԿ-ն իր որոշումները կայացնում է սեփական որոշումները քննարկելու արդյունքում։ Որեւէ մեկի խորհրդի կարիքը չունենք եւ դժվար թե ունենանք։

- Քոչարյանի գործն էլ չի քննվել, ու չի բացառվում, որ հանկարծակի օրակարգ բերվի, սրանի՞ց էլ չեք վախենում։

- Մենք ոչ թե ասել էինք՝ Քոչարյանի գործն ընդհանրապես ՍԴ-ում է, դրա համար չենք դիմում, այլ ասել էինք, որ ՍԴ-ն քաղաքական խաղերի մեջ մտավ՝ գործի քննության օրը առաջ բերելով։

- Հիմա վստա՞հ եք, որ էլ խաղեր չեն տա։

- Եթե ՍԴ-ի վրա կա ազդեցություն, դրանով թող ԱԱԾ-ն զբաղվի։

- Իսկ հնարավո՞ր է հասկացաք, որ ձեր վարկանիշը կորցնում եք կիսաընդդիմադիր պահվածք դրսեւորելով, դրա համար փոշմանեցիք։

- Ցանկացած ուժ, որն առաջնորդվում է ոչ թե գաղափարներով ու համոզմունքներով, այլ՝ վարկանիշով, դատապարտված է վերանալու։