Ալիևը պետք է նահանջի այս ճանապարհով, ընդունի առաջարկը և դադարեցնի շրջափակումը. Մանե Թանդիլյան

Ալիևը պետք է նահանջի այս ճանապարհով, ընդունի առաջարկը և դադարեցնի շրջափակումը. Մանե Թանդիլյան

«Հրապարակը» զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ:

-Ռուբեն Վարդանյանը Hardtalk-ին տված հարցազրույցի ժամանակ, Ձեր կարծիքով, կարողացա՞վ շեշտը դնել Արցախի բլոկադայի վրա, արդյոք այդ ազդակը հասա՞վ միջազգային հանրությանը։

 -Կարծում եմ, որ այդ հարցազրույցը կարելի է դասել Արցախի շրջափակման վերաբերյալ ամբողջական պատկերի տարածման լավագույն միջոցների շարքին, քանի որ այն հնարավորություն տվեց տեղեկատվությունը հասցնել այն լսարաններին, որոնք Արցախի համար սովորաբար անհասանելի են եղել։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Արցախի նոր կառավարությունն իր գործունեության սկզբից օգտագործում է իր բոլոր հնարավորությունները` միջազգային հարթակներում ներկայացնել արցախյան օրակարգը, քանի որ պատերազմից հետո տարբեր ուժեր փորձ են անում փակել արցախյան հարցը, և միջազգային հանրությունը պետք է առնվազն իմանա, որ առկա է նման հարց։ 

 -Հարցազրույցից հետո սկսվեցին քննարկումներն այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի՝ Պուտինի մարդը լինելու հանգամանքը բացահայտվեց այդ հարցազրույցի ժամանակ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նման կարծիքները։

 -Չեմ ցանկանում մեկնաբանել որոշ բացահայտ շրջանակների պատվիրված դավադրության տեսության «կարծիքները»։ Այդ մարդկանց մի ասելիք ունեմ․ ամեն մարդ դիմացինին չափում է իր արշինով։ Եվ մենք, որպես հասարակություն, պետք է առհասարակ դադարենք այսբովանդակ հիմնազուրկ «կարծիքներին» տուրք տալ։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդն այլևս չի տրվում պատվերով կարծիքների ազդեցությանը։ 

 -Արդյոք պրն Վարդանյանի խոսքում ուղերձ կա՞ր` ուղղված Ռուսաստանին, այն է` ավելացնել խաղաղապահ կոնտիգենտն Արցախում:

 -Ես նման ուղերձ չլսեցի, բայց համոզված եմ, որ մոտ 2000 հոգանոց խաղաղապահ առաքելությունը դժվար է համարել բավարար 120,000 խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար, երբ գործ ունես Ադրբեջանի նման ագրեսիվ և հայատյաց հարևանի հետ։ Շատ կարևոր է նաև, որ Արցախի հարցը վերադառնա միջազգային հարթակներ, նախևառաջ` անվտանգային համակարգի մասով։ Այս պահին Արցախին պետք է միջազգային երաշխիքների ներքո կայուն անվտանգային համակարգ։  

 -Արցախում իրավիճակն ավելի ու ավելի է սրվում: Իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծում եք ակնկալում:

 -Ծանրագույն պայմաններում Արցախի ժողովուրդը լուռ պայքար է մղում՝ դիմանալով, չկոտրվելով, իրենց հողում ապրելու իրավունքը գազից, լույսից ու հացից վեր դասելով։ Այս ժողովուրդը պաշտպանում է ինքնուրույն իր ճակատագիրը որոշելու իրավունքը։ Եվ նրանց ձայնը սկսեց լսելի դառնալ, նրանց զրկանքները սկսեցին արձագանք ստանալ։ Մենք տեսնում ենք, որ այս օրերին ճնշումն ուժեղանում է Ադրբեջանի վրա։ Հանգուցալուծումը պետք է տանել բացառապես քաղաքական բանակցությունների ճանապարհով։ Արցախյան կողմն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է բնապահպանական միջազգային էքսպերտներ ընդունել։ Ալիևը պետք է նահանջի այս ճանապարհով, ընդունի առաջարկը և դադարեցնի շրջափակումը։ Հայկական կողմը պետք է շարունակի օգտագործել միջազգային և հանրային ճնշումների գործիքակազմը՝ բացահայտելու ալիևյան ռեժիմի իրական դեմքը։ 

 -Հայկական ԴՆԹ-ի մասին Փաշինյանը խոսեց կառավարության նիստի ժամանակ եւ Ռուբեն Վարդանյանը` Սակուրի հետ հարցազրույցի ժամանակ։ Արդյո՞ք այստեղ քաղաքական մտածողության ու քաղաքական գծի տարբերությունն ավելի երեւաց։

 -Եվ ոչ միայն մտածողության կամ քաղաքական գծի։ Գործ ունենք տարբեր աշխարհընկալման, բարեվարքության, հայրենիքի, հայկականության նկատմամբ վերաբերմունքի, առհասարակ տարբեր արժեքների հետ։ Մեր երկիրը և մեր ժողովուրդը մի օր ունենալու են իրենց արժանի իշխանություն։