Մենք կթոթափենք «նիկոլիզմը»

Մենք կթոթափենք «նիկոլիզմը»

Որքան էլ ծանր լինի այսօր մեր վիճակը, ես վստահ եմ, որ մենք թոթափելու ենք մեր ժողովրդի միջից «նիկոլիզմը»: Որովհետև դրա այլընտրանքը Հայաստանի, որպես պետության, վերացումն է: Քանի որ փոքր ու թույլ երկիր Հայաստանը չի կարող դիմագրավել Թուրքիայի նման հզոր պետությանը: Իսկ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքին, որի ղեկավարն այսօր աչք ունի նույնիսկ մեր մայրաքաղաքի և հոգևոր կենտրոնի վրա: Իսկ նշված այլընտրանքն էլ, անկասկած, կյանքի կկոչվի Փաշինյան Նիկոլի վարչապետության շարունակման դեպքում: Եթե որևէ մեկը, որպես պետության ղեկավար, անսասան կերպով (իր խոսքով) խաղաղություն է մուրում թշնամուց, ապա ստանում է ոչ թե իրեն հարմար, այլ հենց թշնամուն ձեռք տվող կարգավիճակ: Դա նույնն է, ինչ «երկու անգամ երկու հավասար է չորսի» դատողությունը: 

Եվ չի կարող պատահել այնպես, որ, հազարամյակների միջով անցնելով ու 21-րդ դար հասնելով, հայ ժողովուրդը վերանա: Իսկ այսօրվա համընդգրկուն (գլոբալիստական) աշխարհում պետականության կորուստը հանգիստ կարող է հանգեցնել հայության, որպես առանձին միավորի, վերացումը պատմության ասպարեզից: Այն էլ մեր ժողովրդի՝ «Որտեղ հաց՝ այնտեղ կաց» մտածելակերպի պայմաններում: Իսկ հանուն այդ «կացի», անհրաժեշտության դեպքում, մարդ ստիպված է լինում հարմարվել օտար պայմաններին ու նույնիսկ փոխել ազգությունը: Եվ որպեսզի խուսափենք այդ անապագա «ապագայից»՝ մենք պետք է դրսևորենք համառություն և դուրս գանք այս իրավիճակից: Հատկապես, որ նախկինում շատ ավելի ծանր իրավիճակներում ենք եղել, բայց, ի վերջո, հաղթահարել ենք դրանք: Չգիտեմ, կլինի դա լիբանանցի Նասիմ Թալեբի «Սև կարապ»-ի թե ժամանակակից հրաշքի մեկ այլ տարբերակով, բայց այն անխուսափելիորեն լինելու է:  

Մեզ մնում է կատարել առաջին տնային առաջադրանքը՝ վարչապետի պաշտոնից հեռացնել Փաշինյան Նիկոլին: Դա կլինի Էդգար Ղազարյանի «Անկախություն» շարժման թե մեկ այլ տարբերակով, բայց անհրաժեշտաբար պետք է կյանքի կոչվի: Այլապես, որքան ուշանում է այդ անձին պաշտոնից հեռացնելը, այնքան բարդանում է մեր երկրի սուբյեկտայնության վերականգնման և ազգային արժանապատվության բարձրացման գործընթացը: Քանի որ քանի գնում՝ խորանում է թե՛ ողջ պետության և թե՛ հասարակության անկման մեծությունը: Միաժամանակ, «չկա չարիք՝ առանց բարիքի» առածի համաձայն, որքան որքան խորն է անդունդը, այնքան առավել բացահայտ են դառնում ժողովրդի արատները: Եվ համապատասխան կամքի առկայության դեպքում ավելանում են դրանցից ամբողջապես ազատվելու հնարավորությունները: 
Այստեղ ներկայացվածը տեսական դրույթներ են, սակայն դրանք օժտված են կյանքի կոչվելու հավանականությամբ: Եվ միակ խնդիրը հին հույն գիտնական Արքիմեդի ասած հենման կետը գտնելն է, որ տվյալ դեպքում պետք է ստանա մարդկային մարմնավորում:

Ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ այն մարմնավորում ստացավ դաշնակցական Արամ Մանուկյանի տեսքով: Այն այսօր կարող է ունենալ Էդգար Ղազարյանի և նրա նախաձեռնած «Անկախություն» շարժման տեսքը: Ինչը նշանակում է, որ հասարակության գրագետ և գիտակից հատվածը պետք է մեկ մարդու նման  օգոստոսի 23-ին երեկոյան լինի Հանրապետության հրապարակում: Եվ ոչ մի նշանակություն չունի այն հանգամանքը, որ նախկին փորձերը հաջողություն չեն ունեցել: Որովհետև հաջողության հասնելու համար առաջին հերթին պետք է դրսևորել համառություն: Եվ դրա առկայության պայմաններում կարող է ստացվել այնպես, որ սեպտեմբերի 21-ը մենք իսկապես դիմավորենք առանց Փաշինյան Նիկոլ վարչապետի: Որպեսզի ապացուցենք նրան և ինքներս մեզ, որ Հայաստանը կարող էր ունենալ և ունեցավ մեկ այլ վարչապետ, որը չի կրում Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունը: Իսկ այնուհետև սկիզբ կդրվի մեր ազգաբնակչության մեծամասնությանը քաղաքացի դարձնելու գործընթացին: Ինչը շատ ավելի դժվար և բարդ իրագործելու խնդիր է լինելու: Բայց որպեսզի վերջնականորեն թոթափենք մեր ժողովրդի միջից «նիկոլիզմը», դա պետք է արվի, և ես վստահ եմ, որ դա տեղի է ունենալու: