«Հրապարակ». Ով Փաշինյանի խոսքում ատելության չափաբաժին է նկատել, թող դիմի ՄԻՊ գրասենյակ

«Հրապարակ». Ով Փաշինյանի խոսքում ատելության չափաբաժին է նկատել, թող դիմի ՄԻՊ գրասենյակ

Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո լրագրողների նկատմամբ Ֆեյսբուքում հերթական արշավը սկսվեց, տարբեր կեղծ ու իրական օգտատերեր, Փաշինյանի համակիրներ ու թիմակիցներ լրագրողներին սկսեցին անձնական նամակներով կամ հրապարակային սպառնալիքներ ուղղել։ Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ ՀՀ ՄԻՊ-ի եւ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրելով այս իրավիճակի վրա։ Նաեւ կոչ արեց հասարակությանը՝ «չտրվել նպատակաուղղված սադրանքներին, գիտակցել պահի լրջությունը եւ սատար կանգնել լրագրողական համայնքին, պետությանը, տեր կանգնել տեղեկացված լինելու իրենց իրավունքին»:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին երեկ հարցրինք, թե ինչ է մտածում այդ հայտարարության վերաբերյալ, տեսնո՞ւմ է խոսքի ազատության նկատմամբ ճնշում։ «Ես մշտապես եմ նշել․ ի սկզբանե՝ իմ պաշտոնավարումը սկսելու պահից, որ Հայաստանի Հանրապետությունում մենք միանշանակ ամբողջ տիրույթում՝ թե՛ սոցիալական հարթակներում, թե՛ ամբողջ հանրային խոսույթում, շատ մեծ խնդիրներ ունենք, եւ այդ խնդիրն ի հայտ չի եկել պարզապես Ձեր կողմից հիշատակված իրադարձություններից հետո, այդ խնդիրը մշտական է եւ այդ խնդիրը միանշանակ է, որ պետք է պատշաճ հասցեավորվի եւ լուծում ստանա»,- պատասխանեց Մանասյանը։

- Այսինքն՝ նկատի ունեք, որ լրագրողների վրա հարձակումները մշտական բնույթ ունեն եւ կապված չեն Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հետ։

- Ես նկատի ունեմ, որ մեր հանրային խոսույթն ընդհանրապես չի համապատասխանում խոսքի ազատությանը վերաբերելի չափանիշներին։ Խոսքը տվյալ պարագայում բացառապես լրագրողների մասին չէ։ Եթե ուսումնասիրեք մեր հանրային տիրույթը, այսինքն՝ այն բոլոր հանրային գործիչների, ընդհանրապես տարբեր դերակատարների եւ նույնիսկ պարզապես քաղաքացիների խոսքը թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ ընդհանրապես հանրային խոսույթի այլ ձեւաչափերի շրջանակներում, ապա դրանք խնդրահարույց են, մեծ մասը պարունակում է ատելության խոսքի տարրեր, մեծ մասը չի համապատասխանում խոսքի ազատությանը վերաբերելի սահմաններին, եւ այդ իրավիճակը չի առաջացել այդ մի դեպքով։ Կարող եք նաեւ ուսումնասիրել․․․ մենք, օրինակ, մոնիթորինգ ենք անում թե՛ մարդու իրավունքների պաշտպանի, թե՛ պաշտպանի հաստատության, թե՛ նաեւ այլ իրավիճակների հետ կապված հանրային խոսույթը մտահոգիչ է, միանշանակ։

- Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հարց ուղղեց, թե ինչ է նշանակում քաղբանտարկյալ։ Որպես Հայաստանի գլխավոր իրավապաշտպան՝ կարո՞ղ եք սահմանել «քաղբանտարկյալ» հասկացությունը։

- Ես այդ մասին մի շարք դեպքերում եմ խոսել, այս պահին ավելացնելու բան չունեմ, եթե չեմ սխալվում, նաեւ Ձեզ եմ հարցազրույց տվել։

- Այն ժամանակ ես Ձեզ հարցնում էի կոնկրետ անձի՝ Արմեն Աշոտյանի քաղբանտարկյալ լինելու մասին, հիմա ուզում եմ, որ «քաղբանտարկյալ» հասկացությունը սահմանեք։

- Ես մի քանի անգամ այդ հարցազրույցների շրջանակներում նշել եմ նաեւ այն մասին, թե ինչ չափանիշներ պետք է բավարարված լինեն, որպեսզի հնարավոր լինի անձին քաղբանտարկյալ համարել։ Այս պահին ավել բան ասելու կամ դա լրացնելու որեւէ բան չունեմ։

- Արցախի ու արցախցիների հետ կապված՝ Փաշինյանը մի քանի հայտարարություն արեց։ Օրինակ՝ «եթե Արցախի բարբառով ես խոսում, դա դեռ չի նշանակում, որ հերոս ես»։ Դուք այստեղ հայ ժողովրդի մի մասին թիրախավորելու հատկանիշներ չե՞ք տեսնում։

- Ի՞նչ առումով թիրախավորում։ Նախ նշեմ, որ ինքս քաղաքական հայտարարություններ չեմ մեկնաբանում, երեւի թե ճիշտ կլինի՝ խոսքի հասցեատիրոջից խնդրել սրա վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն, բայց Ձեր խոսքից հասկացա, որ խոսքը բարբառի հիմքով հերոս համարվելու մասին է, չգիտեմ, այս պարագայում երեւի թե հարցադրումը եւ խոսքն ուղիղ պատճառահետեւանքային կապի մեջ չեն գտնվում։ Ամեն դեպքում, խոսքի հասցեատիրոջից ճիշտ կլինի պարզաբանումներ խնդրել։

- Շատ իրավապաշտպաններ ասում են, որ այդ օրն արցախահայության նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության խոսքի մեծ չափաբաժին հնչեց, Դուք նման դրսեւորումներ չե՞ք նկատել։

- Ես հետեւյալը կխնդրեմ․ իրականում քաղաքական հայտարարություններն իրենք իրենց մեջ տարբեր տեսակի տարրեր են պարունակում։ Ես չեմ կարող խոսել, այսպես ասած, հստակ հիմքերի մասին, թե ինչու են, օրինակ, անձինք տեսել ատելության խոսքի չափաբաժին, կխնդրեմ բոլոր նրանց, ովքեր նման չափաբաժին տեսել են, օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացնեն ՄԻՊ գրասենյակ, եւ հիմքերն ուսումնասիրելու միջոցով, օրենքով սահմանված կարգով մենք հնարավորություն կունենանք այդ հարցադրումներին պատասխաններ տալ։