Շատ գյուղեր ուղղակի հանձնվել են՝ առանց մեկ կրակոցի

Շատ գյուղեր ուղղակի հանձնվել են՝ առանց մեկ կրակոցի

Հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով սեփական աղբյուրներին, երկու օր է՝ գրում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել։ Այցի նպատակներն էլ, ըստ լրատվամիջոցների վարկածների, տարբեր են․ առավել տարածված է այն, որ Հարությունյանը Մոսկվա է մեկնել, որպեսզի փորձի կանխել իր հնարավոր պաշտոնանկությունը, որը ծրագրում է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որն այդ պաշտոնում տեսնում է Սամվել Բաբայանին, ով պատերազմի ընթացքում, ըստ Մովսես Հակոբյանի, Աննա Հակոբյանի հետ մարտեր էր կառավարում, իսկ պատերազմից հետո դիմում գրեց եւ հրաժարվեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնից՝ հայտարարելով, թե իր համար անընդունելի է ստորագրված փաստաթուղթը։

Երկրորդ վարկածի համաձայն՝ Արայիկ Հարությունյանը գնացել է ՌԴ-ին առաջարկելու, որ Արցախը վերցնեն Ռուսաստանի մանդատի ներքո։ Կա նաեւ երրորդ տարբերակը, որով Արայիկ Հարությունյանը ռուսական կողմի հետ անմիջական բանակցություններով փորձում է հասնել նրան, որ Հադրութը մնա հայկական վերահսկողության տակ։ Ուշագրավ է, որ երեք օր շարունակ Արայիկ Հարությունյանի Մոսկվա հնարավոր այցը պաշտոնապես ո՛չ հերքվում է, ո՛չ հաստատվում։ Նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը երեկ էլ չպատասխանեց մեր զանգերին եւ հաղորդագրություններին։ Նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը մեզ ասաց, որ իրավասու չէ այդ հարցերին պատասխանել, իսկ Մոսկվա մեկնելու մասին միայն ասաց, թե Արցախում էլ են խոսում, բայց ինքն ինֆորմացիայի չի տիրապետում։ Այսինքն, նախագահը մեկնել է՝ անգամ իր խորհրդականին չտեղեկացնելով դրա մասին։

Երեկ գիշերն Արայիկ Հարությունյանը վերադարձել է՝ վայրէջք կատարելով «Զվարթնոց» օդանավակայանում, ապա Երեւանում մասնակցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ հոգեհանգստին։ Ինչ վերաբերում է մոսկովյան այցին, ապա Արցախում շրջանառվող վարկածներից եւ ոչ մեկը լուրջ չեն համարում։ Նախ այն պատճառով, որ Արցախը պատերազմից հետո արդեն իսկ Ռուսաստանի անմիջական ազդեցության ներքո է։ «Համենայնդեպս այս փուլում, երբ պատերազմը նոր է ավարտվել, եւ երկուստեք գերլարված նյարդային իրավիճակ է, նման քայլն իրատեսական չէ, չեն գնա այդ ճանապարհով»,- ասաց մեր աղբյուրը։ Երկրորդ․ ՌԴ-ն, այսպես, թե այնպես, չի հանդուրժի իր համար «պերսոնա նոն գրատա» ճանաչված Սամվել Բաբայանի՝ իշխանության գալը։ Ինչ վերաբերում է որոշ տարածքների հետ կապված սակարկությանը, մեր աղբյուրը դա էլ բացառեց։ Իսկ Դավիթ Բաբայանը Ռուսաստանի մանդատի ներքո Արցախը դնելու հեռանկարի մասին հարցին ի պատասխան ասաց․ «Դուք պետք է իրականությանը պարզ նայեք։ Ռուսաստանը չի ձգտում, որ Արցախը մտնի իր մանդատի ներքո, իրենք եկել են որպես խաղաղապահներ, եւ դա արդեն պարզ երեւում է։ Այնպես որ, չեմ կարծում, որ ինչ-որ բան կարող է լինել»։

Եվ այնուամենայնիվ․ ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը Մոսկվա մեկնել։ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր՝ «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Գալստյանի համոզմամբ՝ նպատակը մեկն է՝ ՌԴ-ից վերադառնալ ու ժողովրդին եւ քաղաքական դաշտին սին խոստումներով կերակրել, թե իբր ինքը վայելում է Ռուսաստանի աջակցությունը, եւ շուտով Արցախը շենացնելու են, վերականգնելու։ «Իմ համոզմամբ, ինչպես Արայիկ Հարությունյանը շտապեց իր 1000 մարդով գալ Երեւան եւ մասնակցել Նիկոլ Փաշինյանի միտինգին, այնպես էլ շտապել է Մոսկվա, որպեսզի իր աթոռը պահի։ Չեմ բացառում, որ վերադառնալու է եւ հայտարարություններ անի, թե իբր պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Ասելու է, թե լավ է լինելու, ժողովրդին սին խոստումներ տալով՝ փորձելու է իր աթոռը պահել»,- ասաց Դավիթ Գալստյանը։ Նա վստահ է, որ Արայիկ Հարությունյանը ներկայացուցչական եւ լուրջ հանդիպումներ չի ունեցել, հակառակ դեպքում, Գալստյանի խոսքով, Ֆեյսբուքի եւ սելֆիի սիրահարը հիմա լուսանկարներ հրապարակած կլիներ դրանց մասին․ «Նա րոպե առաջ իր էջում կտեղադրեր, որ իմանայինք»։ Իսկ իրականությունը, պատգամավորի խոսքով, այն է, որ Արցախի ժողովուրդը չի ընդունում հող հանձնող ղեկավարին։

Մեր դիտարկմանը, թե առանձնապես դիմադրություն էլ չի նկատվում, Գալստյանը պատասխանեց․ «Արցախում հիմա ամեն մարդ իր դարդը շալակած՝ մտածում է ոնց ապրի, ինչ անի, օրվա հացը որտեղից հայթայթի, կոտրված տանիքը ոնց նորոգի։ Այսօր մարդիկ տուն են կորցրել, բոլորն իրենց հոգսերով են, մարդիկ հարազատ, երեխա են կորցրել, իրենց վիշտն են սգում, ոչ մեկն ուշադրություն էլ չի դարձնում, չի նկատում, թե քաղաքական դաշտում ինչ է կատարվում։ Մարդկանց ժամանակին անգամ չեն ներկայացրել տարհանման մասին, բանը հասել է նրան, որ թուրքերի ծաղրանքների ներքո է մեր ժողովուրդը լքում իրենց տները»։ Պատգամավորի խոսքով, Արցախում այս պահին անտերություն է, հազարավոր մարդիկ կան, որոնց խնդիրները մնում են չլուծված, ավելին՝ Գալստյանի խոսքով, պետական մարմինները միմյանց հակասող հայտարարություններ են անում, իրարից անտեղյակ են․ «Օրինակ, Արայիկ Հարությունյանը կոչ է անում վերադառնալ, իսկ Ասկերանի վարչական շրջանի ղեկավարը ընդամենը մի քանի օր առաջ հայտարարություն տարածեց՝ ասելով, որ դեռ նպատակահարմար չէ, եթե կարող եք, մի քանի օր էլ մնացեք Երեւանում։ Ասաց, որ բնակֆոնդը դեռ չի հերիքացնում, եւ քանի հնարավորություն կա, պետք է մնալ Երեւանում, մինչեւ հարցը կարգավորվի»։

Ժողովրդի մի մասն էլ չի ըմբոստանում, քանի որ, պատգամավորի կարծիքով, ՀՀ եւ ԱՀ իշխանությունները փորձում են համոզել, որ իրենք փրկել են Արցախը, 25 հազար զինվորի, իսկ իրականությունն այն է, որ Արցախը հանձնել են․ «Ավելին ասեմ․ Արցախում այս պահին դիրքերից շատերը չեն իջել եւ անգամ տեղյակ էլ չեն, թե իրականում ինչ է կատարվել։ Հյուսիսում գտնվողը չգիտի՝ հարավում ինչ է կատարվել, հարավում գտնվողը՝ հյուսիսում։ Նրանք ընդամենը հայաստանյան մամուլից եւ պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերից են տեսել, թե ինչ է կատարվում, իսկ այնտեղ իրականությունը չէ։ Շատ գյուղեր ուղղակի հանձնվել են առանց մեկ կրակոցի, պանիկա, խուճապ տարածելով՝ մարդկանց տարհանել են իրենց տներից, ինչպես նոյեմբերին եղավ Ստեփանակերտում։ Այս խուճապը տարածել են իշխանությունները, իսկ վերջում ներկայացրել, թե իբր փրկել են»։

Այնուամենայնիվ, փաստը, որ չկան ժողովրդական դիմադրություն եւ բողոքի ակցիաներ, դա չի՞ նշանակում, որ իշխանությունները պետք է շարունակեն պաշտոնավարել։ «Իրենց մնալու ամեն օրն ավելի վատ վիճակում է դնում մեր ժողովրդին եւ ավելի ցավալի հետեւանքներ է թողնելու հայրենիքի փրկության հարցում»։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանին սահմանադրական ճանապարհով այս պահին հնարավոր չէ իմպիչմենթ հայտնել, ԱՀ Սահմանադրությունը նման հնարավորություն կընձեռի Հարությունյանի պաշտոնավարման մեկ տարին լրանալուց հետո։ «Բայց հենց այսօր մեզ անգամ հատուկ կամ արտահերթ նիստ չի հաջողվում հրավիրել, քանի որ անհասկանալի իրավիճակ է։ Սամվել Բաբայանը հայտարարեց, թե հուշագիրը խզում են, բայց իր պատգամավորները չեն միանում մեր ոչ մի նախաձեռնությանը»։