Աստված ենք կանչում՝ մենակ իմ բալեն շուտ վերադառնա տուն

Աստված ենք կանչում՝ մենակ իմ բալեն շուտ վերադառնա տուն

Անհետ կորածների հարազատների մի մասն արդեն 50 օր շարունակ օրվա մի մասն անցկացնում է Կարմիր խաչի գրասենյակի մոտ, մյուսը՝ ՊՆ-ի։ Եվ նրանք արդեն հուսահատության եզրին են։ Երեկ տեղափոխվել էին Ռուսաստանի դեսպանատան մոտ, ապա կառավարության շենքի դիմաց էին՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Այս պահի դրությամբ փնտրվում է մոտ 280 անհետ կորած զինվոր։ Շատերի մոտ հույսի փոքր նշույլներ էր առաջացրել շրջանառվող տեղեկությունը, թե ՀՀ կառավարությունից հեռախոսազանգ են արել Ռուսաստանի կառավարություն: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն այս զանգի փաստը մեր զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց։ Ասաց․ «Այն, որ աշխատանքները ռուս խաղաղապահների միջոցով ինտենսիվ կերպով տարվում են, որպեսզի մեր զինվորների դիերը տարհանեն, տեղափոխեն մեր տարածք՝ այդքանը կարող եմ ասել»։ 
Երեկ Ազգային ժողովում մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փակ հանդիպում է ունեցել ռազմագերիների ու անհետ կորածների այն ծնողների հետ, ովքեր ադրբեջանցիների կողմից համացանցում տարածված հայ ռազմագերիների տեսանյութերում տեսել ու ճանաչել են իրենց հարազատներին։

«Վերցրել եմ ողջ տեղեկատվությունը եւ կապը պահպանում եմ «Իրավական ուղի» կազմակերպության  նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։ Մենք փորձել ենք մեր ունեցած տեղեկատվությունը համադրել Սիրանուշի հետ, հիմնականում՝ ռազմագերիների մասով։ Անհետ կորածների ծնողներից որոշներն ինձ տեղեկատվություն են տրամադրել, որ իրենց հասել են տեղեկություններ, որոնց հավաստիությունը չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող եւ, մասնավորապես, Հադրութի Վանք գյուղի տարածքներում հնարավոր է դեռեւս շրջափակման մեջ լինեն զինվորներ։ Տեղեկությունը ֆիքսել եմ, արձանագրել, կապ եմ հաստատել Պետդումայի մի քանի գործընկերների հետ։ Խնդրել եմ իրենց ուղղակի միջամտությունը, իրենց ուղղակի միջնորդությունը՝ Արցախում խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուսլան Մուրատովի հետ հարցը քննարկելու համար»,- ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը Մուրատովի հետ կապ դեռեւս չի հաստատել (ասել են, որ ՌԴ խաղաղապահների ղեկավարը երեկվա դրությամբ Արցախում չի եղել), բայց պատրաստվում է առաջիկայում մեկնել Արցախ՝ Մուրատովի հետ հարցը քննարկելու համար։ «Քննարկելու ոչ միայն այդ, այլեւ տարբեր գյուղերից տեղահանված արցախցիների հարցերը, որոնք, ինչպես տեսանք Վազգենաշենում, ինչպես են տեղահանվում ադրբեջանցիների նվաստացումների ներքո»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ այդ տեսանյութերը հոգեխանգարմունք են առաջացնում այդ զինվորներին անգամ չճանաչողների՝ պարզապես հայ մարդկանց մոտ։

Այդպիսի տեսանյութերից է նաեւ 18-ամյա Էրիկ  Խաչատրյանի նյութը, որում ադրբեջանցիներն Էրիկին հարկադրել էին համբուրել Ադրբեջանի դրոշը։ Սա որդու մասին Սարիբեկի վերջին տեղեկատվությունն է։ Ասում է՝ չգիտի, թե 2 ամսվա ժամկետային զինծառայող որդին որտեղ է՝ Բաքվում, Շուշիում, այլ տարածքում։ Ոչ մի կապ չկա դասակի կամ ջոկի որեւէ անդամի հետ՝ հրամանատարը զոհվել է պատերազմի հենց սկզբում։ «Սահակյան Սամվել՝ առաջին, թե երկրորդ օրվանից մահացել է։ Ու էլ չգիտեմ՝ ուրիշ աֆիցեր ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Գիտեմ մենակ, որ մի հատ հրազդանցի տղա կա, Էրիկի հետ տեսել ենք, իրա պապան ասաց՝ էս իմ տղա Նարեկն ա։ Էդ ա»,- ասաց Սարիբեկը։ Հեռախոսային վերջին խոսակցության ժամանակ որդին հորը հայտնել էր, որ վիրավոր Նարեկի հետ Հադրութում են՝ ապահով վայրում։

Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ Կարմիր խաչից իրեն հայտնել են՝ գործընթացն ուժի մեջ է։ «Սկսել են կատարել արդեն․․․ Ադրբեջանի դեսպանատան հետ սկսել են խոսակցությունը»։ Էրիկի հայրը հույս ունի, որ փոխանակման գործընթացը նորմալ կընթանա։ «Աստծուց առաջ ոչ մեկը չի կարա ընկնի։ Մենակ Աստված գիտի, մեկ էլ՝ իրանք։ Կլինի։ Հույս ունեմ, որ կլինի։ Աստված կանչելով՝ ման ենք գալիս, մենակ իմ բալեն շուտ վերադառնա տուն։ Բոլոր էրեխեքն էլ գնան-հասնեն իրենց ծնողներին»։