Ծիրանի բունտի դասերը. ՌԴ-ում նոր առևտրային հարթակներ պետք է  ստեղծել

Ծիրանի բունտի դասերը. ՌԴ-ում նոր առևտրային հարթակներ պետք է  ստեղծել

Ծիրանի պատերազմը Մոսկվայում կարելի է ավարտված համարել: հայկական գյուղմթերքը հաջողությամբ մուտք է գործում ՌԴ շուկաներ: Մեր աղբյուրը Մոսկվայի առևտրականների շրջանում հաղորդում է, որ առանց ՌԴ հատուկ ծառայությունների միջամտության գործը գլուխ չեկավ: Հիշեցնենք, ՌԴ իրավապահներին էին դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, հայ համայնքը:  «Ի վերջո, Խնդիրը լուծեց ՌԴ ղեկավարություն, ՖՍԲ-ն ու Մոսկվայի քաղաքային իշխանությունը, իսկ մերոնք ֆեյսբուքում  նստած, կապիկություն էին անում», - ասաց նա:  

Հիշեցնենք, հայ-ադրբեջանական հուլիսյան լարվածության օրերին հայկական ծիրանով բարձված մի քանի տասնյակ ֆուրեր չկարողացան մտնել ադրբեջանցի միլիարդատերեր Գոդ Նիսանովի և Զառախ Ալիևի ենթակայությամբ գործող խոշորագույն «Ֆուդ Սիթի» առևտրի կենտրոն: Տնօրինությունը, իբր, ստիպված է եղել գնալ այս քայլի, մտահոգված լինելով հայերի անվտանգությամբ: Արդյունքը եղավ այն, որ հայկական ծիրանը լրացուցիչ գովազդ ունեցավ, 50-ից ավելի բեռնատարների մոտ հերթեր գոյացան, նկարները տարածվեցին սոցցանցերով մեկ, և ծիրանն արագությամբ վաճառվեց: Իսկ մեր առևտրականները այն ժամանակ էլ հետ չգնացին շուկա, քանի որ ավելի լավ գնով դրսում ծախում էին ծիրանը: «Не было бы счастья, да несчастье помогло, ինչպես ասում են, մենք հասկացանք, որ պետք է ունենալ սեփական առևտրի հարթակներ, ոչ թե տանել ուրիշի կենտրոններ, որոնց քմահաճույքը կարող է անդրադառնալ բացասական իմաստով: Սա, գուցե, առիթ կհանդիսանա, որ Մոսկվայի իշխանությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերեն, օրինակ, մեծ առևտրի կենտրոն ստեղծելու: ՎԴՆԽ-ում կա, իհարկե, բայց դրա տեղն այնքան էլ մեծ չի, որ խոշոր ծավալի գյուղմթերք այնտեղ իրացվի: Այս իրավիճակը այդ իմաստով դաս եղավ»: 

Ըստ Վազգեն Սաֆարյանի, դրանով պետք է զբաղվի պետությունը, ակտիվացնելով առևտրային կցորդների ինստիտուտը: «Դա նրանց սուրբ պարտականությունը պետք է լինի, այդ հարթակների ստեղծումը», - ասաց Վազգեն Սաֆարյանը: «Մենք պետք է մի քանի առևտրային կցորդներ ունենանք Ռուսաստանի տարբեր ռեգիոններում, որոնք պետք է շուկայի ուսումնասիրությամբ զբաղվեն, Հայաստանի համար պատվերներ բերեն, որ էս ինչ տարածաշրջանում էս ինչ արտադրանքի կարիքը կա, և այլն»: