Քաղաքագիտական ալքիմիա

Քաղաքագիտական ալքիմիա

Lragir.am-ի մեկնաբանը թուրքախոս երկրների գագաթաժողովում Նախիջեւանի եւ «մայր Ադրբեջանի» Սյունիքով բաժանվածության մասին Իլհամ Ալիեւի տեսակետից բխեցնում է, թե նա «գործնականում ազդարարում է կամ ընդգծում, որ Նախիջեւանն այլեւս չի պատկանում Ադրբեջանին» այնուհետեւ  վարկածում, որ Մերձավոր Արեւելքում խրվելով՝ Թուրքիան «կարող է ելք տեսնել Նախիջեւանի համար որեւէ այնպիսի պայմանավորվածություն, որը կարող է տհաճ անակնկալ լինել Բաքվի համար» եւ ամփոփում. «Հայաստանն իսկապես պետք է լինի բավականին աչալուրջ մասնավորապես նաեւ Նախիջեւանի հարցում, բայց ոչ միայն մարտահրավերներին դիմակայելու, այլ նաեւ հնարավորություններ բաց չթողնելու համար»: 

Սույն դիտարկումը կարելի էր ուշադրության չառնել, եթե հեղինակը «թավշյա հեղափոխության» արտաքին քաղաքական ուղեգծի խորհրդատուի համարում չունենար կամ իրեն նման առաքելություն չվերագրեր եւ հետեւողականորեն չգեներացներ նոր Հայաստանի տարածաշրջանային, անգամ աշխարհաքաղաքական դերակատարության գաղափարը:  Սա, թող թույլ տրվի ասել, քաղաքագիտական ալքիմիա է, որովհետեւ Թուրքիան երբեք եւ ոչ մի պայմանով Նախիջեւանը որեւէ երկրի չի զիջի: Ինչ վերաբերում է այնտեղ թուրքական ազդեցության ծավալմանը, ապա դա լիովին համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Եւ այդ հարցում թուրք-ադրբեջանական թյուրըմբռնումը կամ հակասությունները նույնպես բացառված են: Զանգեզուրի հարցի ակտուալացումով Ադրբեջանի նախագահը փաստացի ուժային կենտրոններին, առանձնապես՝ Ռուսաստանին, հղում է «փոխզիջումային առաջարկ»: Այն է՝ Ադրբեջանը կհամաձայնի Նախիջեւանի էքսկլավային կարգավիճակին՝ այնտեղ թուրքական ապահովության հովանիով հանդերձ, եթե Լեռնային Ղարաբաղի հարցով վերականգնվի 1988թ. ստատուս-քվոն: Ալիեւը քաղաքականության մեջ վերջին համբակը չէ, որպեսզի չհասկանա, որ սահմանների լայն վերաձեւում տեղի չի ունենալու, բայց Լեռնային Ղարաբաղը կարող է ճանաչվել Հայաստանի մաս: Ոչ թե հանուն պատմական արդարության վերականգնման կամ հայոց աչքերի սիրուն, այլ՝ որպեսզի նոր, ավելի լայնածավալ անկայություն չհրահրվի:

Պարզ է նաեւ, որ հարցի նման դրվածքը չի ողջունում Ռուսաստանը: Հենց դրա վրա էլ Ալիեւը փորձում է կառուցել «ամբողջական Ադրբեջանի» տեսլականը: Այս տեսանկյունից դատելով՝ Հայաստանի խնդիրը ոչ թե Նախիջեւանի հարցում «հնարավորություն բաց չթողնելն» է, այլ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման այն տարբերակի պնդումը եւ պաշտպանումը, որը կբացառի 1988թ. ստատուս-քվոյին վերադարձը: Մի գերակայություն, որը սահմանվել է դեռեւս Գերագույն խորհրդի 1992թ. ամռանն ընդունած որոշմամբ, ըստ որի Հայաստանի համար անընդունելի է միջազգային կամ միջպետական որեւէ համաձայնություն, որով Լեռնային Ղարաբաղը կճանաչվի իբրեւ Ադրբեջանի մաս: Ահա Հայաստանի գերխնդիրը: Այն լուծելու համար քաղաքագիտական ալքիմիան միայն վատ խորհրդատու է: