Նախկին նախարարները՝ քովիդի այլընտրանքային պատվաստման մասին

Նախկին նախարարները՝ քովիդի այլընտրանքային պատվաստման մասին

Եվ այսպես․ բոլոր հնարավոր պատվաստանյութերից պետությունը որոշել է ներկրել «Աստրազենեկա» պատվաստանյութը, որն ամենաէժանն է ու ամենակասկածելին, որքան էլ առողջապահության նախարարությունը հայտարարի, թե 20 միլիոն պատվաստումներից թրոմբոէմֆոլիայի ընդամենը 9-10 դեպք է արձանագրվել։ Իրականում եվրոպական 1 տասնյակից ավելի երկրներ կասեցրել են այս պատվաստանյութի կիրառումը, իսկ որոշ երկրներում էլ այն պատվաստում են միայն երիտասարդներին, 65 տարեկանից բարձր անձանց արգելվում է։

Հարցին, թե, փաստորեն, ՀՀ բնակչությունը դատապարտված է «Աստրազենեկայով» պատվաստվելուն, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը բավականին լավատեսորեն արձագանքելով՝ ասել էր, թե շուտով կներկրվի նաեւ «Սպուտնիկ Վ», իսկ մասնավոր ԲԿ-ներն էլ, որոնք հետաքրքրված են՝ վճարովի հիմունքներով պատվաստումներ անելու, ինչպես եղավ կորոնայի թեստերի պարագայում, կմիանան այս գործընթացին։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացին կունենա այլընտրանք։ Բայց փաստն այն է, որ նման այլընտրանք դեռ չկա եւ առաջիկա ամիսներին չի էլ սպասվում։ Այնպես որ, առայժմ ՀՀ քաղաքացիները մնալու են «Աստրազենեկայի» հույսին։

Պարզվում է՝ մասնավոր հիմնարկներն իրոք մտածում են պատվաստանյութ բերելու մասին, բայց պատվաստանյութը երկիր բերելու խնդիր ունեն։

«Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը մեզ ասաց, որ, այո, մտածում են պատվաստանյութ բերելու եւ նման ծառայություն մատուցելու մասին։ Մտածում են եւ «երեւի «Սպուտնիկ»-ը բերեն։ Բայց, նրա խոսքով, «դժվար է, չեն վաճառում, նենց չի, որ ամեն ինչը կա, ու ազատ վաճառք է՝ լիմիտավորված է, հետո՝ հիմնականը․ պետական բանով են վաճառում։ Պետություններին են վաճառում, պետություններն են առնում, հլը որ չի ստացվում մասնավորին վաճառեն։ Հենց ստացվի․․․ որովհետեւ մենք դեռ չգիտենք՝ ով է մեզ ծախելու»։ Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ բանակցությունների փուլում են։ Ասատուր Ասատրյանն ուղղեց․ «Չէ, մտածում ենք ու փորձում ենք գտնել վաճառողներին»։ Եթե ստացվի, կունենա՞ն նման ծառայություն մատուցելու լիզենզիա, Ասատյանն ասաց, որ ունեն։ «Մենք անում ենք վակցինացիա, հո ամեն մի պատվաստանյութի համար առանձին լիցենզիա չի՞ տրվելու»,- ասաց «Աստղիկ» ԲԿ-ի տնօրենը։ 

Նույնն ասաց «Վարդանանց» կենտրոնի հիմնադիր, առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը։ «Մենք մտածում ենք, ուղղակի, կառավարությունները, որոնց հետ աշխատում ենք, դեռ պատրաստ չեն աշխատել մասնավորների հետ։ Իրենց ներքին քաղաքականությունն է, ես ասում եմ այն երկրների մասին, որտեղ արտադրվում է»։ Ռուսական կո՞ղմն էլ է դեմ։ Լեւոն Ալթունյանն ասաց, որ ռուսներն էլ առաջնահերթ աշխատում են կառավարությունների հետ։ Նրա խոսքով՝ իրենց նախապատվությունը շուկայի 5-6 պատվաստանյութերն են, բայց ոչ «Աստրազենեկան»։ Ասաց, որ բոլորն արել են stand by, այսինքն՝ սպասելու առաջարկ։ «Մոդեռնայի՞ց»։ «Մոդեռնան» նույնպես բաշխում է ԱՄՆ կառավարությունը։ Իսկ «Մոդեռնա» արտադրող ընկերության սեփականատեր Նուբար Աֆեյանի հայ լինելու հանգամանքը չի՞ արագացնում stand by-ն։ Լեւոն Ալթունյանն ասաց․ «Ինքը հայ է, այդ պատվաստանյութը հայտնաբերել է իր ընկերությունը, բայց բաշխումով զբաղվում է կառավարությունը»։ Այնուամենայնիվ, որքա՞ն է տեւելու այդ սպասումը։ Առողջապահության նախկին նախարարն ասաց՝ չգիտեմ, մինչեւ որ իրենց քաղաքականությունը փոխվի։

Փաստորեն, առողջապահության նախարարությունը փափուկ բարձ է դնում մարդկանց գլխի տակ՝ ասելով, որ կա կամ կլինի այլընտրանքային պատվաստանյութ։ Ու որքան էլ ԱՆ-ից գրեթե երդվեն, թե «Աստրազենեկան» շատ լավն ու որակյալ է (Գայանե Սահակյանն անգամ հայտարարեց, թե Գերմանիան վերականգնել է այս պատվաստանյութի ներարկումները), շատ խոսուն է, որ թե՛ նախարարը, թե՛ իր մայրը պատվաստվում են ոչ թե «Աստրազենեկայով», այլ՝ «Սպուտնիկ V»-ով: Լեւոն Ալթունյանի հետ զրույցի վերջում հետաքրքրվեցինք՝ փաստորեն, առաջիկա 2-3 ամիսներին մասնավորի կողմից պատվաստումներ սկսելու մասին խոսք լինել չի կարող։ Ալթունյանն ասում է․ բիզնեսում ամեն ինչ շատ արագ է փոխվում՝ կարող է երեկոյան զանգեն, եւ վակցինան 2 օրից Հայաստանում լինի։ «Չի կարելի ասել, որ եթե հիմա բան չկա, հաստատ մի 2 ամիս ոչ մի բան չի կատարվի»,- ասաց նախկին նախարարը։

«Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական կենտրոնների սեփականատեր, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն էլ ասաց, որ հիմա ՌԴ-ի հետ բանակցում են այդ հարցով։ «Այն արտադրող կազմակերպության հետ։ Ուղղակի, գիտեք, մեծ պահանջարկ կա, առավոտյան նայում էի՝ 59 երկիր հայտ է ներկայացրել։ Ինձ թվում է՝ կհաջողվի»,- ասաց Քուշկյանը։