«Իշխանությունները չներեցին Քաջարանի բողոքի ակցիաները»

«Իշխանությունները չներեցին Քաջարանի բողոքի ակցիաները»

«Այս գործում ամենազարմանալի այն է, որ այդ երիտասարդները ներկայացել են Քննչական կոմիտե։ Կալանքի նպատակը ո՞րն,է  ասում են՝ տուժողի վրա ճնշումներ կգործադրի, մենք ասում ենք դեպքերը մեկ ամիս առաջ է եղել, եթե ճնշում եղած լիներ, ապա եղել, վերջացել է։ Տուժողը պաշտպանության տակ է, եթե ողջ քաղաքը գիտի, որ այս անձը պաշտպանության տակ է, կմոտենա՞ն»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի դեպքերով կալանավորված անձանց պաշտպաններից Արա Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այս գործն արտառոց է․ «Մի պաշտոնատար անձ մեզ հասկացնել տվեց, որ էն որ սարքեցին էնտեղ, չկարծեք, թե իրենց չենք կալանավորելու։ Կալանքը քողարկված պատիժ է։ Ի՞նչ փախուստի, խոչընդոտելու հավականության մասին է խոսքը․ այդ մարդիկ մեկ ամիս ազատ ապրել են։ Իսկ մեզ դատարանում բերում են 20 օր առաջվա գաղտանլսումներ, բայց մենք էսօրվա դրությամբ պետք է վերլուծենք»։

Կալանավորման որոշումը բողոքարկել են Վերաքննիչ, դատարանը մերժել է նաեւ գրավի միջնորդությունը․ «Կալանքը մենք բողոքարկել ենք։ Հիմա գրավի ըթնացակարգը բարդացել է, մերժել են մեր գրավի միջնորդությունները, այս պահին ակտիվ քննչական, դատավարական գործողություններ չեն կատարվում․, որովհետեւ գործը ծավալ չի, այն բխում է մեկ մարդու ցուցմունքներից։ Տուժողը դարձել է ե՛ւ քննիչը, ե՛ւ դատախազը, ե՛ւ դատարանը, նաեւ կասեմ՝ դահիճը․․․Կարծում եմ՝ սա որոշակի ռեակցիաներ էր Քաջարանի բողոքի ակցիաների, իշխանությունները չներեցին այդ բողոքի ակցիաները։ Կալանքը իր նպատակին չի ծառայում, դա քողարկված պատիժ է»։

Մյուս պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ հավելեց, որ տուժողի եւ իրենց պաշպանյալների միջեւ առերեսում տեղի չի ունեցել, թեպետ իրենք նման ցանկություն են հայտնել․ «Առերեսում չի կատարվում, վարույթն իրականացնող մարմինը պատճառաբանում է, որ կառերեսի, երբ նպատակահարմար կգտնի, սակայն ամսի 27-ից սկսած անհապաղ մեր կողմից ներկայացված միջնորդությունը չի քննարկվել։ Վարույթն իրականացնող մարմինը ինքն է  խուսափում առերեսում կատարել, իրենք էլ են հասկանում, որ մեղադրանքը փլվում է»։

Նշենք, որ Կապանում մայիսի 24–ին լարված իրավիճակ էր ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել էին բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում էին Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի էին ենթարկել։ Ոստիկանությունը հերքում էր բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։