Անսպասելի մանրախնդրություն

Անսպասելի մանրախնդրություն

Վարչապետի փաստասիրության մասին վաղուց գիտենք։ Գիտենք նաեւ, որ փաստերը սիրում են ներկայանալ թվերի տեսքով։ Բայց այդ թվերը հրապարակավ հնչեցնելը միշտ չէ, որ խոսում է նրա օգտին, ով հնչեցնում է։

Ասացվածք կա՝ «Նվեր տված ձիու ատամները չեն հաշվում»։ Այս ասացվածքն ունի նաեւ իր տարընթերցումը՝ նվեր տված ձիուդ ատամների քանակը պետք չէ, որ հիշեցնես նվեր ստացողին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին խոսել է մի նվեր «ձիու» մասին, որ Հայաստանի կառավարության կողմից տրվել է Վրաստանին։ Ակնհայտորեն նեղված այն հանգամանքից, որ Վրաստանը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարելու անհամեմատ գերադասելի ներուժ եւ վիճակագրություն ունի, չգիտես ինչու, նեղվելով նաեւ վրացական իշխանությունների պատրաստակամությունից՝ օգնության հասնելու հայ եղբայրներին, վարչապետը վրացիներին հիշեցրել է 2019 թվականը, երբ Հայաստանի կառավարությունն էր օգնել վրացական կողմին՝ վերջինիս՝ կարմրուկի համաճարակի դեմ պայքարելու ժամանակահատվածում։ Այդ հիշեցումն ինքնին արդեն պատշաճ չէր, բայց երբ նաեւ փաստի ու թվի «տեսք» ստացավ, վրա հասավ անհարմարության զգացումը։ Ն․ Փաշինյանի  կողմից անսպասելի մանրախնդրություն էր՝ հիշեցնել եղբորը, որ մենք նրա նեղության ժամանակ նվիրել ենք․․․ «30 հազար դոզա պատվաստանյութ»։  Այդ թիվը հիշելու համար պետք էր նախապես որոշակի ինֆորմացիայով զինված լինել, իսկ այդպիսի նախնական զինման պարագայում խոսքդ թռչում է ոչ թե դեպի հասցեատերը, այլ՝ դեպի թիրախը։ 
Եղբայրները միմյանց հանդեպ հակակրանքով կարող են լցվել հենց այսպիսի՝ վատ թաքնված մանրախնդրության պատճառով, թեեւ դա կարող են բացահայտ չարտահայտել։

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ