Եվ ինչպես Փանջունին կասեր՝ մի քիչ էլ փող…

Եվ ինչպես Փանջունին կասեր՝ մի քիչ էլ փող…

Եթե սփյուռքահայը չի գալիս թավշյա հեղափոխության մոտ, ապա թավշյա հեղափոխությունը կտանեն սփյուռքահայի մոտ… Օրվա պաթոսին համահունչ, սփյուռքի հետ տարվող աշխատանքների երկրորդ փուլն է վրա հասել: ՀՀ իշխանություններին ոչ մի կերպ չի հաջողվում այնպես անել, որ Սերժ Թանկյանը տուն գնի Հայաստանում եւ տարվա մի մասն անցկացնի այստեղ: Վաղուց լուր չկա նաեւ Արսինե Խանջյանից, իսկ Քիմ Քարդաշյանն էլ Նիկոլի հետ հանդիպելուց հետո մի տեսակ փոխվել է՝ իր ծրագրերն այլեւս թավշիստների հետ չի կապում: Չի երգում նաեւ համեմատաբար երիտասարդ սփյուռքահայ Թաթան, որ հեղափոխության օրերին Նիկոլից հետո ժողովրդին լացացնում էր հեղափոխությամբ երջանկացած իր ծնողների մասին երգերով: Է՞լ ով կար: Հա, էն դանիացի աղջիկը, որ ավիացիան թողեց ու որոշեց հեղափոխական ռիսկի չենթարկել սեփական երեխայի ճակատագիրը: Թույլ են նաեւ Հայկ Մարությանին Հայաստանի հետ կապող թելերը: Նա ավելի շատ չեխուհի կնոջ, քան հայոց մայրաքաղաքի հետ է կապված, եւ չի բացառվում, որ պարգեւատրումների ֆոնդերն սպառելուց հետո թռնի Չեխիա:

Ասելս ի՞նչ է: Նիկոլ Փաշինյանն ու սփյուռքը անհամատեղելի երեւույթներ են, եւ ոչ մի պարագայում չի կարելի թողնել, որ նրանցից մեկը ներազդի մյուսի վրա: Փաշինյանին սփյուռքահայից, իսկ սփյուռքահային Փաշինյանից պետք է հնարավորինս հեռու պահել, այլապես այն, ինչ ծնվում է նրանց փոխհարաբերություններից, վնասում է Հայաստան-Սփյուռք կապերին: 
Օրերս հայտնի ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանը, անդրադառնալով թավշյա հեղափոխությանը, նշել էր, որ դա ամենամեծ նվերն էր հայ ժողովրդի վերջին հարյուրամյակների ընթացքում: Սա, ինչպես հասկացաք, Սասուն Միքայելյանի խայտառակ հայտարարության առավել խայտառակ տարբերակն է: Եթե Սասունը թավշյա հեղափոխությունը դրեց Արցախյան գոյամարտից առաջ, ապա Սերժ Թանկյանն այն համարում է վերջին հարյուրամյակների մեր ամենալավ նվերը, ասես այդ ժամանակահատվածում ո՛չ դարավոր թշնամուն ենք զգետնել Սարդարապատում, ո՛չ պետականություն ենք կերտել, ո՛չ համաշխարհային պատերազմ տեսել, ո՛չ նոր վերանկախացում ապրել ու Արցախ ազատագրել… Եվ այս ամենը մի կողմ՝ թե մենք հեղափոխություն ենք արել, ու դրա արդյունքում իշխանության եկած իմքայլական դիվիզիոնը մեր ժողովրդի ամենամեծ նվերն է: Այսքանն ասող Սերժ Թանկյանը գուցե նաեւ ասեր, թե ում կողմից է այդ մեծ նվերը: Նվերն ի վերջո մեկի կողմից է լինում, չէ՞: Աստծո՞ նվերն էր դա, թե՞ քայլող Նիկոլի: Իսկ գուցե սփյուռքի կամքով ու հանգանակությա՞մբ ստացանք այդ անսպասելի նվերը:

Լավ, ընդունենք, որ թավշյա հեղափոխությունը խոշոր իրադարձություն էր մեր կյանքում: Համաձա՞յն եք, որ խոշոր իրադարձությանը պետք է հաջորդեին ոչ պակաս խոշոր քայլեր: Ո՞ւր են այդ քայլերը: Խոստումների տեսքո՞վ՝ այդպես էլ իրականություն չդարձած: Ամենեւին պատահական չէ, որ հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել հենց Սերժ Թանկյանի խոստումներից մեկը՝ տուն գնել Հայաստանում եւ տարվա մի մասն ապրել այստեղ: Պատճառներից մեկն էլ այն է, որ հայտնի սփյուռքահայերից հատկապես Սերժ Թանկյանն է սիրում խոսել թավշյա հեղափոխության կարեւորության մասին. «Երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, ու ես վերադարձա Լոս Անջելես, եւ բոլորն ինձ հարցնում էին՝ ի՞նչ է կատարվում այնտեղ, իմ առաջին ու անկեղծ արձագանքն այն էր, որ մենք ունեցանք հեղափոխություն Հայաստանում, հիմա ժամանակն է, որ անենք դա Սփյուռքում։ Մեզ պետք է նոր հայացք՝ նայելու Հայաստանին, մեր ժողովրդին, մեզ պետք է Հայաստանի հետ կապվելու նոր եղանակ»: Ես Թանկյանին կանվանեի իսկական Փանջունի, որ հայտնվել է Լոս Անջելեսում ու չգիտի պարապությունից ինչ անել: Ի՞նչ է նշանակում՝ «մեզ պետք է նոր հայացք՝ նայելու Հայաստանին, մեր ժողովրդին, Հայաստանի հետ կապվելու նոր եղանակ» արտահայտությունը, եւ ումի՞ց է այն թխել Թանկյանը: Եթե չեմ սխալվում, այդպես խոսում էր Նիկոլ Փաշինյանը հեղափոխության օրերին, բայց հետո պարզվեց, որ Հայաստանին պետք չէ սփյուռքի նախարարություն, որ բոլոր հարցերով պետք է դիմել ուղիղ Նիկոլին, եւ ինչպես Նիկոլն է նայում Հայաստանին ու հայ ժողովրդին, այդպես սփյուռքը պետք է նայի: Բայց, արդյոք, սփյուռքը երբեւէ նման խնդիր դրե՞լ է իր առջեւ, սփյուռքում երբեւէ մտածե՞լ են, որ մայր հայրենիքում ամեն մի նոր ղեկավարի հետ պետք է նոր հայացքով նայեն հայ ժողովրդին: Ավելին՝ սփյուռքահայերի մտքով երբեւէ անցե՞լ է մի հատ էլ հեղափոխություն անել, որ կարողանան ուրիշ ձեւով կապվել Հայաստանի հետ:

Մի խոսքով՝ սա հայկական սփյուռքն ու սփյուռքահայությանը չճանաչելու, մեր ունեցած մեծագույն հարստությունն ու հավելյալ ներուժը չգնահատելու, չարժեւորելու հետեւանք է: Եթե Նիկոլ Փաշինյանն իմանար, թե ինչ բան է որեւէ ազգի կազմակերպված սփյուռքյան հատվածը, նման թեթեւությամբ չէր վարվի հայկական սփյուռքի հետ եւ այս հարցում կխուսափեր սեփական անձի հավելյալ գերագնահատումից: Սփյուռքի համար կարեւոր չէ, թե ով է Հայաստանի ղեկավարը: Կարեւորը Հայաստանն է ու հայ ժողովուրդը: Նույնիսկ խորհրդային տարիներին է Հայաստանը եղել սփյուռքահայի եւ սփյուռքյան մեր կառույցների հոգածության առարկան եւ մեծագույն հույսը, որ 1918 թվականին անկախություն կերտած հայ ժողովուրդը մի օր կրկին ունենալու է անկախ պետականություն: Ամերիկահային հաստատ պետք չէր Լոս Անջելեսում ինչ-որ հեղափոխություն անել, որպեսզի ավելի շատ սիրեր Խորհրդային Միության փլուզումից հետո վերանկախացած երկիրը: 10 հատ էլ Նիկոլ Փաշինյան ծնվի, հնարավոր չէ սփյուռքահայի միջից հանել հայրենիքի մասին պատկերացումները, ստիպել այլ հայացքով նայել ինքն իրեն:

Կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչո՞ւ սփյուռքահայերը վերջին տարիներին չեն գալիս Հայաստան, տներ չեն առնում, ներդրում չեն անում: Դա այդպես չէ: Եկողը գալիս է, ներդրումներ էլ անում է: Այլ հարց է, որ չկա առաջվա էնտուզիազմը: Ընդամենը 2 տարի առաջ ոչ ոք չէր բողոքում, թե սփյուռքահայերը երկար փողերով կգան, Երեւանում տներ կառնեն, բիզնեսներ կդնեն, պաշտոններ կստանան, մեզ տեղ չի մնա: Ժամանակը ցույց տվեց, որ թվարկածս նպատակներից ոչ մեկն առաջնային չէր Հայաստան վերադարձող սփյուռքահայի համար: Սփյուռքյան կառույցները, պարզվեց, ավելի շատ մտածում էին Հայաստան եւ Արցախ ծրագրեր բերելու, տներ ու գյուղեր կառուցելու եւ ոչ թե հայաստանցիներից տներն առնելու, նոր գործատեղեր հիմնելու եւ ոչ թե հայաստանցիների աշխատատեղերն ու պաշտոնները սեփականացնելու մասին: Մինչդեռ այսօր փաշինյանական մի լրատվակայք գրում է. «Հիանալի է, երբ մեր հայրենակիցները տուն են ձեռք բերում Հայաստանում, բայց դա, լինելով բարոյական ոգեւորության աղբյուր, զուտ տնտեսական ազդեցության իմաստով այնքան էլ նպաստավոր չէ, քանի որ բերում է անշարժ գույքի գների արհեստական աճի, ինչը բարդություններ է ստեղծում արդեն Հայաստանում մշտապես ապրող ընտանիքների համար՝ հաշվի առնելով այն, որ հայաստանյան բնակֆոնդի ճնշող մեծամասնությունն էլ բավականին հին է, եւ գրեթե մեծ մասն ունի բնակարանի թարմացման, նաեւ՝ ընդլայնման խնդիր»: Ի՞նչ ասես այս տողերի հեղինակին, ի՞նչ էնտուզիազմի մասին կարող է խոսք լինել, երբ սփյուռքահային ուղիղ տեքստով ասում ես՝ ուրախ եմ, որ ուզում ես գալ Հայաստան, բայց դա, կներես, այնքան էլ նպատակահարմար չէ:

Ըստ նույն լրատվամիջոցի՝ շատ ավելի կարեւոր է հենց այն հեղափոխությունը, որի մասին խոսում է Սերժ Թանկյանը: Պետք է նաեւ սեփական կյանքում Հայաստանի դերի վերարժեւորման հեղափոխություն: Այս վերամբարձ տողերի տակ, կարծում եմ, հստակ երեւում է «սփյուռքը կթու կով է» հայտնի ձեւակերպումը՝ դուք մնացեք ձեր ամերիկաներում, փող ուղարկեք, իսկ մենք այստեղ ծաղիկ ա, բան ա՝ կջրենք: Ու էս խելքի քանի՞ լրատվամիջոց ու լրագրող ունի Նիկոլ Փաշինյանը: Եվ անչափ ծիծաղելի է, որ դեռ մի բան էլ հարց են բարձրացնում՝ բա ո՞վ գլխավորի սփյուռքի հեղափոխությունը. «Ո՞վ պետք է Սփյուռքում առաջնորդի այդ հեղափոխությունը: Հայաստանը պետք է լինի գաղափարական աջակից, ոգեշնչող, ոգեւորող, էներգետիկ աղբյուր, բայց առաջնորդները պետք է այլ լինեն, որովհետեւ հեղափոխության բնույթն է այլ լինելու: Սերժ Թանկյանը՝ ինքը, կառաջնորդի՞ սփյուռքի հեղափոխությունը, ստանձնելով երկարաժամկետ պատասխանատվություն այդ մեծ վերափոխման գործընթացի համար, գտնելով, իհարկե, այդ գործում ամենատարբեր համախոհներ: Դա շատ ավելի կարեւոր է, քան տունը Հայաստանում, քան Հայաստանի հեղափոխության որեւէ երկրպագություն: Այդ ամենի ժամանակն անցել է, այժմ կոնկրետ եւ առարկայական գաղափարների ու նախաձեռնությունների ժամանակն է»:

Ահա այսպես, սիրելի սփյուռքահայեր: Հեղափոխական Հայաստանին հաճելի չէ, թե դուք ինչպես եք ձեր տատիկ-պապիկների պատմություններով, ձեր զգացմունքներով, սփյուռքյան վարժարաններում եւ առաջադեմ համալսարաններում ստացած ձեր գիտելիքներով սիրում ու երկրպագում Հայաստանը: Այժմ քայլ անելու հերթը ձերն է: Մեզ պետք են կոնկրետ գաղափարական առաջարկներ, նախաձեռնություններ եւ, ինչպես Փանջունին կասեր՝ մի քիչ էլ փող…