Փաշինյանի գնալուց հետո դահլիճը դատարկվեց, իսկ ջուր այդպես էլ չբերեցին

Փաշինյանի գնալուց հետո դահլիճը դատարկվեց, իսկ ջուր այդպես էլ չբերեցին

Կառավարությունն այսօր Ազգային ժողովում ներկայացնում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը: Քննարկումը, ինչպես միշտ, անցկացվում է ԱԺ 334 դահլիճում: Ելույթով հանդես գալու համար խորհրդարան էր եկել Նիկոլ Փաշինյանը: Ու հատուկ նրա «անվտանգության» համար այս դահլիճում ևս շշով ջուրը հավաքել էին սեղաններից կամ պարզապես ջուր չէին դրել: Երևի վախենում են, որ ինչ-որ մեկը շշով կհարվածի նրան:

Նրա հեռանալուց հետո անգամ ջուր չբերեցին քննարկմանը մասնակից պատգամավորներին և կառավարության անդամներին: Ընդդիմադիր պատգամավորներից մեկը ջուր էր ցանկանում խմել ու զարմացավ` Փաշինյանը գնացել է, ինչո՞ւ ջուր չեն բերում:

Ի դեպ, Փաշինյանի ելույթի ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր: ՔՊ գրեթե ամբողջ ֆրակցիան այս փոքր դահլիճում էր` խմբակցության ղեկավարից սկսած: Վստահաբար, նրանցից շատերը գաղափար չունեին` ինչ է քննարկվում, ինչ բան է պետական բյուջեն, չեն հասկանում այդ փաստաթղթից, բայց քանի որ իրենց թիմի ղեկավարն է եկել, բոլորը պարտաճանաչ եկել նստել էին, որ «շեֆի աչքին ներկա ստանան»: Փաշինյանի հեռանալուց վայրկյաններ անց` դահլիճը դատարկվեց: Զուտ ներկա ստանալու համար եկած ՔՊ-ականները շարքով դուրս եկան, քանզի իրենց բուն բյուջեի քննարկումը չէր հետաքրքրում:

Այս պահին քննարկումն ընթանում է մի քանի ընդդիմադիր և մի քանի իշխանական պատգամավորների ներկայությամբ:

Ի դեպ, ընդդիմությունից ևս շատ մարդ ներկա չէ: «Պատիվ ունեմ» խմբակցությունից Իշխան Զաքարյանն է ներկա, «Հայաստան» խմբակցությունից` Թադևոս Ավետիսյանը, Արթուր Խաչատրյանը: