Թուրքը գյուղ չի մտել, ոչխար չի տարել, ոչխարներն են անցել սահմանը․ Տեղի համայնքապետ

Թուրքը գյուղ չի մտել, ոչխար չի տարել, ոչխարներն են անցել սահմանը․ Տեղի համայնքապետ

«Թուրքը չի մտել Կոռնիձոր գյուղ, անասունը անցել է իրենց սահմանը, նրանք էլ տարել են։ Ես ասում եմ՝ տենց բան չկա, Արման Թաթոյանին էդ հարցը կտաք՝ ինչու է տենց բան ասել, ինձ էդ հարցը մի տվեք»։ Այս մասին քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ անդրադառնալով ՄԻՊ-ի օրերս տարածած հայտարարությանը, ըստ որի՝ ահազանգ է ստացվել, որ ադրբեջանցի զինծառայողները Կոռնիձորի բնակչի 107 ոչխար ու 5 այծ են գողացել։

ՏԻՄ ընտրություններում Ղուլունցը գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ 

«Ո՞վ կարող է ինձ ապացուցել, որ թուրքը մտել է Կոռնիձոր գյուղ ու ոչխար տարել։ Տենց հասկացողություն չկա, Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է ասում, կարող եք հենց տենց էլ ասել։ Համայնքի կողմից ամեն ինչ արվում է»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացվել ահազանգ այն մասին, որ 2021թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ: 

«Կենդանիներին գերեզմանոցի հարակից արոտավայրում արածեցնող քաղաքացին նկատել է, որ ադրբեջանական երկու զինված ծառայողներ իրենց դիրքերից իջել և գալիս են դեպի իր կենդանիները, մոտենալուն պես կենդանիներին քշել-տարել են դեպի իրենց դիրքեր: Այս հանգամանքները, ինչպես նաև այն, որ ադրբեջանական զինծառայողները հափշտակել են հենց նշված քանակի կենդանիներ, ստուգվել են մի քանի աղբյուրների տվյալներով:
Կոռնիձորի բնակիչը ժամը 12։15-ի սահմաններում դեպքի մասին տեղեկացրել է համայնքային մարմիններին: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկությունների՝ դեպքից գրեթե անմիջապես հետո ժամանել ու տեղում ուսումնասիրություններ են իրականացրել ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայողները ու ներկայում ձեռնարկում են համապատասխան քայլեր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերծանել է ահազանգի հանգամանքները, որոնք այն մասին են, որ ՀՀ քաղաքացու սեփականության հափշտակությունը տեղի է ունեցել ՀՀ տարածքից: Այդ հանգամանքները փոխակերպված են սույն հայտարարությանը կից հրապարակվող քարտեզի հատվածի վրա:

ՀՀ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինծառայողների այս հանցագործության ահազանգը պետք է դրվի Ադրբեջանի նկտամամբ մեր պետության պահանջների հիմքում միջազգային հարթակներում: Այն կդրվի նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների ու պահանջների հիմքում:

Մարդկանց պատճառվող առանձնապես խոշոր չափերի հասնող վնասների հատուցումը կլինի ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ապահովման կարևոր երաշխիք:
Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքները խախտում են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքները, մարդկանց զրկում են անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն՝ անվտանգության խնդիրներին ավելացնելով սոցիալականը:

Ակնհայտ է, որ բոլոր հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը:
Ուստի, պետք է անհապաղ սկսվի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում:

Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ կուղարկի նաև միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,- հայտնել է ՄԻՊ-ը: