Հայ-իրանական հարաբերություններում առկա են որոշակի խոչընդոտներ․ Վարդան Ոսկանյան

Հայ-իրանական հարաբերություններում առկա են որոշակի խոչընդոտներ․ Վարդան Ոսկանյան

«Հայրենիք» կուսակցությունում գործունեության, հայ-իրանական հարաբերությունների և այլնի վերաբերյալ «Հրապարակ»-ը զրուցել է «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

- Պարո՛ն Ոսկանյան, ինչո՞վ է պայմանավորված Ձեր նոր գործունեությունը։

-Արդեն իսկ նշանակման մեջ երևում է գործունեության ոլորտը, հանրային կապերն եմ համակարգելու կուսակցության։ Եվ կարծում եմ կկարողանամ այդ գործն անել ի պատիվ թե՛ մեր կուսակցության, թե՛ մեր Հայաստանի Հանրապետության։

-Ինչո՞ւ որոշեցիք ընդունել առաջարկը։

-Իրականության մեջ, գիտեք, Հայաստանում ձևավորվում է ազգային ուժերի բևեռ, և այդ ազգային ուժերի բևեռում կարևոր դերակատարություն, առանցքային դերակատարություն է ստանձնելու «Հայրենիք» կուսակցությունը, արդեն իսկ ստանձնել է այդ դերակատարությունը։ Եվ նաև հաշվի առնելով իմ գաղափարական մոտեցումները զանազան խնդիրներին՝ ավելի հարազատ համարեցի այս կուսակցության գաղափարախոսությունը։

-Սա չի՞ խանգարի Ձեզ՝ որպես փորձագետի, իրանագետի գործունեությանը։

-Չեմ կարծում, թե կխանգարի։ Գիտեք, իրանագիտությունն իմ մասնագիտությունն է, հետևաբար որևէ անձ, կուսակցական ներգրավվածություն ունենալով, չի թողնում իր մասնագիտությունը։ Ըստ էության, ես շարունակելու եմ իմ մասնագիտական գործունեությամբ զբաղվել, և դա բնական է։ Եվ նաև իմ ուժերն ի սպաս եմ դնելու նաև «Հայրենիք» կուսակցությանը հանրային կապերի ոլորտում։

-Եթե անդրադառնանք Հայաստանի անվտանգային, ազգային անվտանգային հարցերին, ինչպե՞ս եք գնահատում Իրանի հետ հարաբերությունները, մեր այլ գործընկերների հետ հարաբերությունները։

-Ես այժմ Ձեզ հետ կխոսեմ որպես փորձագետ` հայտնելով իմ սեփական տեսակետները Հայաստանի անվտանգային միջավայրի մասին, արտաքին անվտանգային միջավայրի մասին։ Ակնհայտ է, որ այս պահին մենք ունենք որոշակի մարտահրավերներ, և այդ մարտահրավերները վերաբերում են թուրք-ադրբեջանական դաշինքին։ Ինչո՞ւ եմ այս պահը շեշտում․ որովհետև կարծում եմ այդ մարտահրավերները մշտական բնույթ ունեն, որովհետև նրանցում հայտնվել են նոր շեշտադրումներ։ Մասնավորապես թուրքական ակտիվության տարրն է բավականին նկատելի դարձել վերջին շրջանում, և դա բնական է, չի կարող չանհանգստացնել մեր պետության անվտանգությամբ շահագրգիռ կողմերին։ Կարծում եմ, որ այս պահին հիմնական անվտանգային մարտահրավերը հենց թուրք-ադրբեջանական գործողություններն են, որոնք իրականացվում են երկու դաշտերում, մեկը՝ պաշտոնական մակարդակում, գիտեք, հայտարարություններ, զանազան հայտարարություններ, այդ թվում՝ Ադրբեջանի բարձրաստիճան և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, և նաև քարոզչական տիրույթում որոշակի ակտիվություն, որը շատ դեպքերում կարելի է գնահատել աննախադեպ․ ապատեղեկատվության տարածումը Հայաստանի հասարակական տրամադրությունների վրա ազդելու միտում ունի։ Կարծում եմ, որ հիմնական մարտահրավերներն այս կարճաժամկետ կտրվածքով վերաբերում են հենց այս խնդրին։

Եթե մենք ավելի լայն նայենք մեր աշխարհագրական միջավայրին և արտաքին անվտանգային միջավայրին, ապա շատ կարևոր է մեր դաշնակից պետությունների հետ հարաբերությունների սերտացումը, որովհետև, գիտեք, Հարավային Կովկասում Թուրքիային դիմակայելու համար մենք դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, այսինքն՝ անվտանգային ոլորտում հայ-ռուսական գործակցության մի խոշոր հատվածը վերաբերում է հենց սրան, և կարծում եմ, որ այս ոլորտում չպետք է լինի որևէ բացթողում։ Անվտանգային համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ տարբեր ոլորտներում պետք է ունենա մշտապես վերընթաց կորագծով աճող թրենդ։ Նույնը կարելի է մասնակիորեն ասել նաև Իրանի վերաբերյալ, որովհետև Իրանի հետ, գիտեք, մենք փաստացի դաշինքի մեջ չենք, դաշնակցային հարաբերություններ չունենք, բայց ռազմավարական առումով մեր շահերը համընկնում են շատ հարցերում, այդ թվում՝ նաև Թուրքիային մեր տարածաշրջանում զսպելու հարցով։ Եվ կարծում եմ, որ այս ուղղությամբ էլ աշխատանքները պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց դեմ-հանդիման հայտնվել ենք այժմ։

-Որոշակի լարվածություն տեսնո՞ւմ եք հայ-ռուսական հարաբերությունների մեջ կամ չհասկացվածություն։

- Անկեղծ ասած՝ հայ-ռուսական հարաբերությունների մասնագետ չեմ, հետևաբար՝ չեմ կարող շատ պրոֆեսիոնալ պատասխանել ձեր հարցին։ Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, որոնցով ես զբաղվում եմ իմ մասնագիտության բերումով, ապա այս հարաբերություններում առկա են որոշակի խոչընդոտներ, որոնք հնարավորին արագ պետք է լուծվեն։ Խոչընդոտները նախևառաջ վերաբերում են Հայաստանի՝ Իսրայելում դեսապանություն բացելու գործընթացի հետ կապված խնդիրներին, որոնք առաջացել են Իրանի հետ։ Որոշ այլ խնդիրներ էլ կան, մասնավորապես, գիտեք, հայ-իրանական հարաբերությունների որոշակի սառնություն սկսեց նկատվել Բոլթոնի (ԱՄՆ նախագահի անվտանգության գծով նախկին խորհրդական - հեղ․)՝ Հայաստան այցից հետո և այստեղից հակաիրանական հայտարարությունների ֆոնին։ Բնական է, որ հայ-իրանական հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել կոնկրետ պահին որևէ իշխանության վարած քաղաքականությամբ, որովհետև այդ հարաբերությունները երկու պետությունների համար շատ ասպարեզներում ունեն կենսական նշանակություն։ Ըստ էության, հայ-իրանական հարաբերությունները զարգացնելով՝ մենք նաև փոխլրացնում ենք նաև երկու պետությունների անվտանգային միջավայրերում առկա որոշակի բացերը։ Շեշտեմ հենց մի հանգամանք․ մի պահ եթե մենք պատկերացնենք Իրանի հետ աշխարհագրական դիրքը, ապա ամեն ինչ պարզ կլինի։ Միակ պետությունն է, որը սահմանակցում է «Ադրբեջան» հորջորջվող հանրապետության հետ հետ թե՛ նախիջևանյան հատվածում, թե՛, այսպես կոչված, մայրացամաքային հատվածում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետ։ Հետևաբար այս համատեքստում Իրանի հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն մեզ համար նաև Արցախյան հիմնախնդիրը դիտարկելիս։ Մյուս կողմից ներկայիս արցախա-իրանական սահմանը և այդ սահմանի անփոփոխ մնալը, երբևիցե չփոխվելը հօգուտ Ադրբեջանի՝ բխում է Իրանի կենսական շահերից, որովհետև այդ սահմանի առկայությունը Իրանին ապահովում է ադրբեջանական կողմից Իրանի հյուսիս-արևմուտքում թյուրքալեզու բնակչության վրա ազդելու հնարավորություններից զրկելու համատեքստում, այդ հնարավորությունները նվազեցնելու համատեքստում։ Հետևաբար՝ երկու կողմերի փոխգործակցությունը շահավետ է և կենսական կարևորություն ունի՝ շատ խնդիրներ հաշվի առնելով։

-Դուք նշեցիք Իսրայելում հայկական դեսպանատան բացման հարցը, որոշակի ազդակներ, բողոքի նոտաներ Իրանը հղե՞լ է այս մասով։

-Բողոքի նոտաներ պաշտոնական մակարդակով, կարծեք թե, չեն եղել։ Հայտարարություններ եղել են, անհանգստություն ի ցույց դնող հայտարարություններ եղել են պաշտոնական մակարդակում։ Եղել են, ցավոք սրտի, ես դա ցավով եմ նշում, նաև ԶԼՄ-ների մակարդակում քարոզչական որոշակի «հակամարտություն»։ Եղել է նաև մի հանգամանք․ բոլորովին վերջերս Իրանի շնորհավորանքը Հայաստանի անկախության տոնի վերաբերյալ ուշացումով, եթե այսօր եղել է, չգիտեմ, համենայնդեպս ես տեղյակ եմ, որ այդ շնորհավորանքը լինելու է, բայց հենց ուշացման փաստն էլ որոշակիորեն ցուցիչն է այն բանի, որ իրանցիները դժգոհ են։ Իրանցիների դիվանագիտությունը շատ հաճախ աշխատում է հենց ուղերձների լեզվով։ Աշխատանքի շատ մեծ տեղ կա, և այդ աշխատանքը պետք է հնարավորինս արագ և որակյալ իրականացվի։ Եվ այս համատեքստում մենք պետք է Իրանի հետ հարաբերությունները, ինչպես նաև դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները, դիտենք վերիշխանական տիրույթում։ Այսինքն՝ դա չպետք է կապվի կամ առնչվի որևէ իշխանության հետ։ Դա բխում է մեր պետության կենսական, անվտանգային շահերից, հետևաբար այդ ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն արդյունավետ և որակյալ։

Սերգեյ Առաքելյան