Ես երեւի արդեն սովորական մարդ չեմ

Ես երեւի արդեն սովորական մարդ չեմ

Երեկ գնչուհիների մի խումբ ՀՀ արտգործնախարարության շենքի դիմացի այգում ճանապարհս կտրեց: Խմբի առաջնորդ գնչուհին, թե՝ «молодой человек» (ես շուտով 63 կլինեմ), մի քիչ փող դիր ափիս մեջ՝ քո ապագան գուշակեմ: Կներեք, շտապում եմ, ասացի: Դե ուրեմն «ռուբլի» տուր այս հղի կնոջը, նա դրա կարիքն ունի: Գրպանիս 3 հազարանոցից մեկը տվեցի երիտասարդ գնչուհուն, որի հագուկապի տակից չէր էլ երեւում, որ հղի է: Դա ոգեւորեց ծեր գնչուհուն: Նա վերջնականապես փակեց իմ ճանապարհը եւ համառորեն պահանջեց՝ իրեն եւս «ռուբլի» տալ, որ բախտս բացի: Ի վերջո բանը հասավ այնտեղ, որ ասացի՝ չեմ ուզում, տիկին, եւ, առհասարակ, ես նման բաների չեմ հավատում:

- Ես քեզ ճշմարտությունը կասեմ, «ռուբլին» մի խնայիր, հետո ինձ երկար կհիշես…
- Գիտեք ինչ, ինձ պետք չէ վճարել մի բանի համար, որը մեզ մոտ՝ Հայաստանում, ձրի է:
- Ի՞նչն է ձրի:
- Ապագայի գուշակությունը: Այն, ինչ դուք ուզում եք ինձ ասել փողով, ես ամեն օր լսում եմ ձրի:
- Ձեր թերթերո՞ւմ են գրում այդ մասին,- հեգնեց կինը՝ աչքերով ցույց տալով «Հրապարակի» թարմ համարը, որ դեռ չէի հասցրել կարդալ:
- Ինչո՞ւ միայն թերթերում… Հեռուստատեսությամբ, ռադիոյով, ինտերնետով մեզ ամեն օր ասում են, թե ինչ է լինելու մեզ հետ, ինչ բախտի ենք արժանանալու:
Գնչուհիները շփոթված իրար նայեցին.
- Կատակ ես անում, «молодой человек»:
- Ոչ, ես կատակելու տրամադրություն էլ չունեմ: Մենք մի Նիկոլ ունենք, մասնագիտությամբ՝ գրբաց: Ամեն հինգշաբթի նա հավաքում է իր կաբինետի դերվիշներին ու մեզ տեղեկացնում մեր ապագայի մասին:
- Նիկոլ, Նիկոլ… Ես այսքան տարվա գուշակ եմ, բայց Նիկոլ անունով գուշակի չեմ ճանաչում: Նա, ինչ է, գուշակի կարգ ունի՞, թե՞ շարքային շառլատան է:
- Ճիշտն ասած, չեմ հետաքրքրվել՝ կարգ ունի, չունի, այն գիտեմ միայն, որ հիմնականում հիմար բաներ է գուշակում, եւ դրանք մեկը մեկին կատարվում են մեզ հետ: Պատերազմը գուշակել էր, պարտությունը գուշակել էր, Շուշիի հանձնումն անգամ գուշակել էր…
- Շուշի՞ ասացիր:
- Այո:
- Իմ մայրը պատմում էր, որ Շուշիում եղել է, գուշակություններ է արել եկեղեցու մոտակայքում: Հիմա Շուշին չկա՞:
- Շուշին կա, շուշեցիներն այնտեղ չեն այլեւս, բնավեր են դարձել, հեռացել: Նիկոլն ամբողջ Արցախի դատարկվելն էլ էր գուշակել:
- Բայց դա արդեն գուշակություն չէ, բայղուշություն է: Ինձ «ռուբլին» տուր եւ կտեսնես, թե որն է գուշակությունը:
- Վերցրու «ռուբլիդ»,- նրան մեկնեցի մոտս մնացած երկու հազարանոցից մեկը,- բայց մի գուշակիր, խնդրում եմ, որովհետեւ չեմ հավատալու:
Եվ այդ պահին գնչուհին մի բան արեց, որ մնացի ապուշ կտրած: Նա ձեռքը հետ քաշեց.
- Քեզ պահիր «ռուբլին»: Ես այն չեմ վերցնի, եթե չես հավատալու:
- Իսկապես չեմ հավատալու, ճիշտ եմ ասում, իմ սիրտն արդեն այնպես է քարացել բայղուշություններից, որ նույնիսկ ամենալավ նորությանն ու գուշակությանը չեմ կարողանում հավատալ: Ես երեւի արդեն սովորական մարդ չեմ: Կներեք…

Մի քիչ առաջացա, որ Վազգեն Սարգսյան փողոցն անցնեմ՝ դեպի Կենտրոնական բանկի մայթը: Անցումի պռնկին պարեկները կանգնեցրին ինձ.
- Հոպար, մի րոպե կանգնեք, շարասյուն է անցնելու:

Այդ ժամանակ միայն նկատեցի, որ Վազգեն Սարգսյան փողոցի այդ հատվածը դատարկ էր: Լռություն ու ամայություն էր: Քիչ անց քաղաքապետարանի կողմից սկսեցին ոստիկանական մեքենաներ գալ՝ սկզբում սեդաններ, հետո՝ ամենագնացներ: Ամեն մեքենայում նստած ոստիկանն իր պարտքն էր համարում խռխռացնել բարձրախոսները, ինչ-որ բաներ քրթմնջալ՝ պահեք, ոչ մի շարժում… Եվ վերջապես երեւաց սեւ ամենագնացներով շրջապատված «Մերսեդեսը»՝ Նիկոլով: Այդ պահին ականջիս տակ լսեցի ծեր գնչուհու ձայնը.
- Սա ի՞նչ էր:
- Ինչ չէր, ով էր: Սա այն Նիկոլն էր, որի մասին ձեզ ասացի՝ ապագայի հարցերով մեր գուշակը:
- Եվ դուք հավատում եք այսքան ցուցադրաբար տեղաշարժվող այդ գուշակի՞ն:
- Բայց ինչո՞ւ չհավատանք, երբ նրա «գուշակությունները» կատարվում են: Նա արդեն գուշակել է, որ տրանսպորտը կթանկանա: Սեպտեմբերին եթե Երեւանում լինեք, կտեսնեք այդ գուշակության արդյունքը: Մնաք բարով: