Ստեղծվել է լրջագույն անվստահության մթնոլորտ. ՔՊ-ական պատգամավորը դիմում է Փաշինյանին

Ստեղծվել է լրջագույն անվստահության մթնոլորտ. ՔՊ-ական պատգամավորը դիմում է Փաշինյանին

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հանդիպել է շուրջ 18 օր հացադուլ հայտարարած անհայտ կորած զինծառայող Մուրադյան Հենրիխի հորեղբայր Գոռ Մուրադյանի հետ:

Գաբրիելյանը հայտնել է, որ քննարկել են Մուրադյանի՝ նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառները, պահանջները, որոնք բարձրաձայնում են, ինչպես նաև խնդիրների լուծումները և հացադուլից դուրս գալու հնարավոր պայմանները։

«Պարոն Մուրադյանին հավաստիացրել եմ, որ իր բարձրացրած խնդիրները կբարձրաձայնեմ համապատասխան հասցեատերերին:
Ըստ այդմ, բարձրաձայնում եմ հետևյալը`

44-օրյա պատերազմից հետո մինչ այս պահն, իմ ունեցած տեղեկությունով, ունենք 175 հոգի զինվորական և 20 հոգի քաղաքացիական անհայտ կորած անձ, որոնցից 88 հոգին ունեն ԴՆԹ-նույնականացման համընկնում, սակայն նրանց հարազատները հրաժարվում են այն ընդունել:

Այս ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գործընթացն ընթացել է բազմաթիվ խնդիրներով, ինչի պատճառով անհայտ կորածների հարազատները բազմիցս իրենց բողոքն են բարձրաձայնել:  Այս ընթացքում նաև, իմ ունեցած տեղեկություննով, անճշտությունների պատճառով տեղի է ունեցել 6 արտաշիրիմում՝ տվյալների ճշգրտման նպատակով:

Այս պատճառով, 2022 թ հոկտեմբերի 20-ին ՀՀ Վարչապետը ընդունել է  ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ) ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ թիվ  N 1236-Ա որոշումը, որը միտված էր ստեղծված խնդիրները լուծելու համար:
Սակայն փաստն այն է, որ  գրեթե 1 տարվա աշխատանքի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովը չի կարողացել լուծել նախորդ երկու տարվա ընթացքում կուտակված խնդիրները և անճշտությունները:

Խոչընդոտների պատճառներն ինչպես օբյեկտիվ են, այնպես էլ սուբյեկտիվ։ Օրինակ՝ «բյուրոկրատական սարդոստայնը», որոնք, ըստ էության, արգելում են հանձնաժողովի անդամ հանդիսացող ՀԿ-ների ներկայացուցիչներին որոնողական աշխատանքները արդյունավետ շարունակելու համար ծանոթանալ  կարևոր տեղեկություն հանդիսացող նախաքննական գաղտնիքին և անձնական տվյալներին: Ինչը, փաստացի, խոչընդոտում է առավել ամփոփիչ տեղեկատվություն տիրապետող հկ-ների ներկայացուցիչերին քրեական գործերի շրջանակներում եղած տեղեկատվությունը համատեղել իրենց ձեռքի տակ եղած տեղեկատվության հետ, որը հնարավորություն կտար ամփոփ տեղեկատվություն ստանալ անհատապես յուրաքանչյուր անհայտ կորածի մասով:

Այդ առումով հասկանալի չէ ՀՀ քննչական կոմիտեի ոչ նախաձեռնողական դիրքորոշումը, որը թույլ չի տալիս հաղթահարել ստեղծված խնդիրները՝ դրանք գցելով բացառապես օրենքի արգելքի դաշտ:

Այս ամենի պատճառով ստեղծվել է լրջագույն անվստահության մթնոլորտ: Այս անվստահությունը հաղթահարելու նպատակով՝

Դիմում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-մայոր պարոն Աբազյանին՝ հարգելի պարոն Աբազյան, խնդրում եմ աշխատանքային կարգով քննարկել վերոնշյալ խոչընդոտների հաղթահարման հնարավոր և անհնարին համարվող մեխանիզմները:

Դիմում եմ ՀՀ Վարչապետին՝

Մեծարգո՛ Վարչապետ, խնդրում եմ վերանայել Ձեր թիվ  N 1236-Ա որոշումը, և միջգերատեսչական հանձնաժողովի կազմում հնարավորություն տալ ներգրավվելու նաև ՀՀ ԱԺ պատգամավորներին,  քանզի ցանկություն ունեմ աշխատանքների վերահսկողության և արդյունավետությունը բարձրացնելու համար ներգրավվելու սույն հանձնաժողովի աշխատանքներում»,- Facebook-ում գրել է Գաբրիելյանը: