«Հրապարակ». Վահագն Հովակիմյանից լրագրող չստացվեց, ԿԸՀ նախագահ կստացվի՞

«Հրապարակ». Վահագն Հովակիմյանից լրագրող չստացվեց, ԿԸՀ նախագահ կստացվի՞

Համառ լուրեր կան, որ ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ-ական սահմանադրագետ Վահագն Հովակիմյանին ուզում են նշանակել ԿԸՀ նախագահ՝ աշնանը պաշտոնավարումն ավարտող Տիգրան Մուկուչյանի փոխարեն։ Օրենքը դա թույլ չի տալիս, բայց կարող են մինչ այդ օրենքը փոխել՝ համապատասխանեցնել Վահագն Հովակիմյանին։ Բայց բանն այն է, որ Հովակիմյանը նորմալ կրթություն չի ստացել։ Նրա ծնողներն Ապարանից են, ինքը ծնվել է 1974թ.՝ Երեւանում, 1993-1995թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում: Հետո զբաղվել է լրագրությամբ՝ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Օրագիր», այնուհետեւ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում, 2012-2015թթ. եղել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը, 2013-2014թթ.` «Panorama.am» կայքի քաղաքական մեկնաբան, 2014-2016թթ.` «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիր, 2017-2019թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ:

Հիմա էլ պատգամավոր է, օրենքներ է գրում՝ չունենալով իրավաբանի կրթություն։ 2 տարի առաջ 168.am կայքը մի տեղեկատվություն հրապարակեց, որ 2021թ. հուլիսի 8-ին Վահագն Միսակի Հովակիմյանը Մովսես Խորենացի համալսարանի դիպլոմ եւ իրավագիտության բակալավրի որակավորում է ստացել: Այսինքն՝ 47 տարեկանում նոր դիպլոմ է ստացել՝ հեռակա սովորելով։ Իսկ իր նշած ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը չի ավարտել, ընդամենը սովորել է 1991-1993 թթ․, այսինքն՝ 1.5-2 տարի։ Հետո ընդունվել ու չի ավարտել նաեւ ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետը, որն այն ժամանակ կոչվել է ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության ֆակուլտետ։ Դրա համար էլ կենսագրության մեջ ոչ թե նշված է դիպլոմի մասին, այլ որ ընդամենը սովորել է՝ չի ավարտել։ Ստացվում է՝ ԿԸՀ նախագահի իշխանական թեկնածուն նորմալ կրթություն եւ դիպլոմ չունի, բայց օրենքներ ու Սահմանադրություն է «գրում» եւ հավակնում է ԿԸՀ նախագահի բարձր պաշտոնին։

Համեմատության համար ընդամենը ներկայացնենք Տիգրան Մուկուչյանի համառոտ կենսագրությունը։ Ծնվել է 1969թ.՝ Երեւանում, 1986-1987թթ․ սովորել է թիվ 13 պրոֆտեխուսումնարանի «Ռադիոէլեկտրոնային սարքերի մոնտաժող» բաժնում,1987-1989թթ․ ծառայել է խորհրդային զինված ուժերում, 1989-1995թթ.՝ սովորել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:

Որոշ ժամանակ աշխատել է ֆրեզերագործ, էլեկտրամոնտյոր, ապա մի քանի տարի աշխատել է Ազգային ժողովում՝ որպես վիճակագիր, խորհրդատու, որպես իրավաբանական-տեղեկատվական կենտրոնի ղեկավար, հետո տեղափոխվել է Երեւանի քաղաքապետարան՝ իրավաբանական բաժնի պետից մինչեւ քաղաքապետի գլխավոր խորհրդական, այնուհետեւ` քաղաքապետի աշխատակազմի ղեկավար։ Մուկուչյանն աշխատել է նաեւ գործադիրում՝ եղել է արդարադատության նախարարի տեղակալ, հետո զբաղեցրել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի, ապա՝ ՀՀ վարչական դատարանի նախագահի, այնուհետեւ՝ վարչական վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնները։ 2011թ. սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ընտրվել հանձնաժողովի նախագահ, 2016-ին վերընտրվել է այդ պաշտոնում ու մինչ օրս պաշտոնավարում է։ Մենք չենք ասում, թե Տիգրան Մուկուչյանը հրեշտակ է եւ ընտրությունների օրինականության մեծ ջատագով, բայց շատ ավելի փոքր շանսեր կան, որ հրեշտակ եւ օրինականության էտալոն կլինի կիսատ կրթությամբ չկայացած լրագրողը, որն ամեն ինչով պարտական է Նիկոլ Փաշինյանին։

Որպեսզի պարզ լինի, թե ինչքան անհամեմատելի են հեռացողն ու հավակնորդը, բավական է հիշել «Հայկական ժամանակում» նրա աշխատած տարիները եւ ընթերցել նրա հեղինակած հոդվածները, որոնք անգամ դժվար է վերագրել Հովակիմյանի գրչին, քանզի դրանք, ըստ լավատեղյակների, ծայրից ծայր գրվում էին գլխավոր խմբագրի կողմից, ով չէր թաքցնում իր հիասթափությունն ու զայրույթը Հովակիմյանի հոդվածները կարդալիս-խմբագրելիս։ Կատաղության իսկական նոպաներ էր ունենում այդ պահերին Նիկոլ Փաշինյանը, ասում էր, որ Վահագնը երբեք լրագրող չի դառնա։ Օրինակ՝ նրա հետ «ՀԺ»-ում աշխատած գործընկերներից մեկը հիշեց, որ շաբաթը գոնե մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը մի արտահայտություն էր անում, որը թեւավոր էր դարձել խմբագրությունում․ նա Վահագնի հոդվածները կարդալիս այնքան էր զայրանում, որ ասում էր․ «Վահագ, գնամ ֆայլաբազար, ասեմ՝ ո՞վ կա գաջ քսող, բերեմ խմբագրություն, ասեմ՝ գաջ քսել պետք չի, մի հատ հոդված գրի, գրազով՝ քեզանից լավ հոդված կգրի»։ Իսկ ողջ խմբագրությունը մի շաբաթ ծիծաղել է Վահագն Հովակիմյանի՝ ռուսերենից հայերեն թարգմանության վրա։ Ռուսերեն տեքստը՝ «Президент Грузии Михеил Саакашвили встретился с бывшим госсекретарем Джеймсом Бейкером», Հովակիմյանը թարգմանել է «Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմսոմ Բեյքրոմի հետ»։   

Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի Վահագն Հովակիմյանի գրագիտության աստիճանը եւ եթե նման պատասխանատու պաշտոնին ուզում է նրան նշանակել, ուրեմն մի խնդիր է դրված՝ ընտրությունների գլխին կարգել շան հավատարմությամբ իրեն նվիրված անձի։