Զազրելի վիճակ

Զազրելի վիճակ

Նախօրեին համացանցը ցնցվեց թրքահպատակ մեկի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պղծելու տեսարանից։ Ինչ-որ ճանապարհով Հայաստան ժամանած անձը բարձրացել էր մեր սրբավայրը եւ պղծել այն՝ իր ներկայությամբ, իր խոսքով։ Այն, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ ծպտված, կարող են թափանցել մեր երկիր, այդ թվում՝ նաեւ թշնամի երկրներից, դրա դեմն առնել այժմ հնարավոր չէ։ Անգլախոս անձը, երրորդ երկրի քաղաքացու անձնագրով, կարող է անարգել ժամանել երկիր։ Իսկ առաջիկայում՝ սահմանները բացվելուց եւ «խաղաղության դարաշրջանի» լիիրավ հաստատումից հետո, առավել եւս դա հնարավոր չի լինելու կանխել։ Բայց որ նրանք կարող են հայտնվել մեր սրբավայրերում, պղծել դրանք, վիրավորել մեր ազգային արժանապատվությունը, ուղղակի անթույլատրելի է եւ վրդովվեցուցիչ։

Այսօր դա Ծիծեռնակաբերդն է, վաղը կարող է Եռաբլուրը լինել, հայ գրողների գերեզմանները, մեր եկեղեցիներն ու խաչքարերը։ Ո՞վ է դրանով զբաղվելու, ո՞վ է կանխելու, ո՞վ է պատժելու Հայաստան թափանցած հրոսակներին, որոնք, փաստորեն, չբավարարվեցին Արցախն ու 5 հազար անմեղ կյանք խլելով, հիմա էլ փորձում են խլել մեր հոգու հանգստությունը, մեր արժանապատվությունը։ Մեր ազգային նուրբ լարերի վրա են խաղում։

Մենք, ըստ էության, չունենք ոստիկանություն եւ Ազգային անվտանգության ծառայություն, որոնք պարտավոր են հենց նման դեպքերը կանխել եւ մեր անվտանգությունն ապահովել։ Ընդդիմությանը հալածելու, իշխանություններին պաշտպանելու, գաղտնալսումներ անելու, իշխանական տարբեր շահեր սպասարկելու փոխարեն ուժայինները հենց նման դեպքերով պետք է զբաղվեին։ Իսկ Եղեռնի հուշահամալիրում եւ Եռաբլուրում, առհասարակ, պետք է շուրջօրյա հերթափոխ իրականացվի, որ նման ամոթալի միջադեպեր չլինեն, իսկ լկտիացած «հյուրերը» պատժվեն։