ԺՊ են նշանակել, մինչեւ տնօրենը դատարանով վիճարկի իր ազատման հրամանը
Օրեր առաջ համացանցում եւ մամուլում մեծ արձագանք ստացավ Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի աշխատանքից ազատման հարցը: Դպրոցի թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները մի քանի օր գործադուլ եւ դասադուլ էին հայտարարել՝ տնօրեն Լուսինե Մկրտչյանին տրված նկատողությունը չեղարկելու պահանջով։ Ինչպես մեզ փոխանցել էին դպրոցից, այս որոշումը պայմանավորված է քաղաքական նկատառումներով, քանի որ անկուսակցական տնօրենը ՔՊ-ական շրջանակներին չի հարում, ուստի մարզային իշխանությունները հնարավոր առիթներ են փնտրում՝ նրան յուրայինով փոխարինելու համար, հատկապես որ մարզպետարանը հենց դպրոցում ունի իր թեկնածուն, ում ուզում է նշանակել տնօրենի պաշտոնին:
Ինչպես տեղեկացանք, մինչեւ երեկ դպրոցում աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ եւ գործադուլ են արել, բայց երեկ մարզպետարանի աշխատակազմը հանդիպման ընթացքում փոխհամաձայնության է եկել ուսուցիչների եւ համագյուղացիների հետ։ Արդյունքում ուսուցիչների ընտրությամբ դպրոցի փոխտնօրենը նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ Լ. Մկրտչյանը դատարանով կվիճարկի իր՝ աշխատանքից ազատման հրամանը:
«Գոնե մի փոքր լույսի շող է, որ իրենց ուզած մարդուն չնշանակեցին տնօրենի ԺՊ եւ փոխհամաձայնության եկան, որպեսզի լինի նաեւ դպրոցի կողմից ընդունելի մի անձնավորություն, մինչեւ տնօրենը կվերականգնվի իր պաշտոնում: Այդ առումով իրավիճակը մի փոքր հուսադրող է»,-նշեց դպրոցի ուսուցիչներից մեկն ու հավելեց, որ արդեն դասապրոցեսը վերականգնվել է եւ նորմալ ընթացքի մեջ է: Թե ինչքան կտեւի դատական ընթացքը, դպրոցից դժվարացան ասել, քանի որ տնօրենը հայցը դեռ չի ներկայացրել դատարան: Մեզ փոխանցեցին` քանի որ արդեն նախկին տնօրենը ժամեր չունի, այդ պատճառով այլեւս չի հաճախում դպրոց:
Ինչ վերաբերում է նրան, որ դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու հիմքը քաղաքական չէ, դպրոցում հավատ չեն ընծայում մարզպետարանի տարածած պարզաբանմանը, որովհետեւ. «Այն, որ տնօրենն անկուսակցական է եւ քաղաքական ոչ մի գործունեություն չի ծավալում, արդեն բոլոր հարցերի պատասխանը տալիս է, այդ թվում` աշխատանքից ազատման մասով»:
Կարծիքներ