Ավինյանն ընդլայնում է իր ազդեցության շրջանակը՝ Չեխովի անվան դպրոցի տնօրեն նշանակելով

Ավինյանն ընդլայնում է իր ազդեցության շրջանակը՝ Չեխովի անվան դպրոցի տնօրեն նշանակելով

Երեւանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրենի պաշտոնն արդեն երկար ժամանակ է՝ թափուր է։ Տնօրենի թափուր պաշտոնի համար այս էլ որերորդ անգամ մրցույթ է անցկացվում, սակայն տնօրենի ընտրության գործող կարգով պայմանավորված՝ ոչ մի թեկնածու հաղթող չի ճանաչվում: Դեռեւս մարտին կայացած տնօրենի թափուր պաշտոնի ընտրության ժամանակ հավակնորդ 3 թեկնածուներից Տաթեւիկ Մելքոնյանը հավաքել էր 5, Դիանա Մինասյանը՝ 3, Նվարդ Հովսեփյանը՝ 1 ձայն։ Արդյունքում ոչ ոք հաղթող չէր ճանաչվել, եւ նոր մրցույթ հայտարարվեց, որի հայտերի ընդունման փուլն ավարտվել է մարտի 31-ին։ Այս անգամ եւս դիմել են՝ Նոնա Հովսեփյանը (Պուշկինի անվան դպրոցից), Դիանա Մինասյանը (ՀՊՏՀ դասախոս), Տաթեւիկ Մելքոնյանը (Չեխովի անվան դպրոցի տնօրենի ԺՊ), եւս մեկ հոգի՝ Անժելա Կարապետյանը (Հերացի դպրոցից)։

Երեկ՝ ապրիլի 1-ի առավոտյան, քաղաքապետարանից զանգահարում են դպրոց եւ տեղեկացնում, որ Տաթեւիկ Մելքոնյանն այլեւս տնօրենի ԺՊ չէ, եւ դպրոցն ունի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար՝ Դիանա Մինասյանը՝ քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերոջ կինը։  

«Ինձ նշանակել են այն սկզբունքով, որ ես ԺՊ պիտի լինեմ այնքան ժամանակ, մինչեւ մրցույթում որեւէ մեկը հաղթող ճանաչվի։ Հիմա առաջին մրցույթը տեղի է ունեցել մարտին, ու ոչ մեկը չհաղթեց։ Խորհուրդը կազմված է 9 անդամից, երկուսը մանկավարժ են, երկուսը՝ ծնողներ, չորսը՝ լիազոր մարմնի ներկայացուցիչ, որոնցից միայն մեկն է նախարարությունից։ Մանկավարժները, ծնողները, նախարարության ներկայացուցիչներն իրենց ձայնը տվել են ինձ, իսկ քաղաքապետարանը՝ ոչ։ Այսինքն՝ ես հավաքել եմ հինգ ձայն, Դիանա Մինասյանը՝ չորս։ Արդյունք չգրանցվեց, քանի որ տնօրեն ընտրվում է միայն 6 ձայնի դեպքում։ Հիմա նորից մրցույթ է հայտարարվել, ու հաջորդ մրցույթը լինելու է ապրիլի 14-ին։ Բայց այսօր ինձ քաղաքապետարանից զանգում են ու ասում, որ ես այսօր որեւէ փաստաթուղթ չստորագրեմ, որովհետեւ պաշտոնակատարի փոփոխություն է եղել։ Ծնողները հենց էս պահին եկել են ու իրենց երեխաներին տուն են տանում, ես ամենաշատը վախենում էի հենց սրանից։ Թե՛ մանկավարժական խորհրդում, թե՛ ծնողական խորհրդում Դիանա Մինասյանը ստացել է 0 ձայն, հիմա ինքներդ որոշեք՝ ի՞նչ է կատարվում»,- նշել է Տաթեւիկ Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում, այն բանից հետո, երբ աշակերտներն ու մանկավարժները դասադուլ են հայտարարել՝ մերժելով տնօրենի նոր ԺՊ-ին։
Դպրոցում կարծում են, որ Դիանա Մովսիսյանը, ով նախորդ ընտրություններում ծնողների եւ ուսուցչական համայնքի կողմից զրո ձայն էր ստացել, չի կարող լինել դպրոցի տնօրեն, քանի որ չունի դպրոցի աջակցությունը, ինչքան էլ որ լիազոր մարմինը՝ քաղաքապետարանը, նման որոշում է կայացրել։  

Ի դեպ, ապրիլի 4-ին դպրոցում կկայանան մանկավարժական խորհրդի, իսկ ապրիլի 5-ին՝ դպրոցի ծնողական խորհրդի նիստեր։ Երկու նիստերի ժամանակ էլ քննարկվելու են դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերը, որից հետո տեղի է ունենալու տնօրենի ընտրության քվեարկություն։ Բայց այս 2  քվեարկություններն էլ առոչինչ են, եթե նախարարության 1, իսկ լիազոր մարմնի 4 ներկայացուցիչներն իրենց ձայները պետք է տան իշխանությունների նախընտրելի թեկնածուին։ Այլ կերպ ասած՝ դպրոցի ձայնը, կառավարման խորհուրդների ներկայիս կառուցվածքի դեպքում, ո՛չ լսելի է, ո՛չ էլ որոշիչ, իսկ մանկավարժական եւ ծնողական խորհուրդներն էլ այս պարագայում ընդամենը ձեւական բնույթ են կրում։    

Բողոքի երթով դեպի քաղաքապետարան շարժված ուսուցիչներին, աշակերտներին եւ ծնողներին դիմավորեց քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Թե ինչ ընթացակարգով ու հիմնավորմամբ է կատարվել ԺՊ-ի այդ փոփոխությունը, քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց, որ այն հիմնավորմամբ, ինչ նշանակել են նախորդ ԺՊ-ին, նույն հիմնավորմամբ էլ նշանակել են Դիանա Մինասյանին, քանի որ օրենքն իրենց թույլ է տալիս փոխել տնօրենի ԺՊ-ին։

Քաղաքապետի առաջին տեղակալի եւ դպրոցի ներկայացուցիչների առանձին բանակցությունները եւս ոչ մի արդյունք չտվեցին, քաղաքապետարանից միայն հավաստիացրել են, որ լավ է լինելու։ «Էդ լավ լինելը, ախր, շատ հարաբերական հասկացություն է։ Հասկացանք՝ լավ կլինի, բայց ո՞ւմ համար լավ կլինի, այ, դա է հարցը։ Մենք նույնիսկ առաջարկությամբ հանդես եկանք, որ մի կողմնակի թեկնածու նշանակվի՝ մինչեւ ընտրությունների վերջնական արդյունքը, բայց մեր այդ առաջարկն այդպես էլ չընդունվեց։ Այստեղից մենք հակված ենք մտածել, որ կոնկրետ կողմնապահություն կա»,- փոխանցեց դպրոցի ուսուցիչներից մեկը։   

Ակնհայտ է, որ Տիգրան Ավինյանը, ով հավակնում է դառնալ Երեւանի քաղաքապետ, ընտրություններից առաջ փորձում է ամրացնել իր դիրքերը՝ բոլոր վարչական օղակներում նշանակելով իրեն հավատարիմ եւ յուրային մարդկանց։ Ու ինչքան էլ որ ՔՊ վերնախավը քարկոծում էր նախկիններին ու հայտարարում, որ դպրոցներն ու բուհերը պետք է ապաքաղաքականացվեն եւ հեռու լինեն քաղաքականությունից, այդուհանդերձ, գնում է նույն ճանապարհով՝ կիրառելով նույն մեխանիզմները։ Պարզ է նաեւ, որ ներկայիս խորհուրդների կառուցվածքով թե՛ բուհերը, թե՛ դպրոցները դատապարտված են եւ անկարող իրենց ձայնը լսելի դարձնել, քանի որ իշխանություններն օրենքի միջոցով ամեն ինչ արել եւ անում են դպրոցներն իրենց համար վերահսկելի եւ կառավարելի դարձնելու համար։