Ես խաղաղությունս կգտնեմ միայն այն ժամանակ, երբ իր մոտ գնամ

Ես խաղաղությունս կգտնեմ միայն այն ժամանակ, երբ իր մոտ գնամ

Գայանեն սովորականի պես Եռաբլուրում է, բայց այսօրը տարբեր է նախորդ օրերից։ Մարտի 30-ն է՝ որդու՝ ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի ծննդյան 24-րդ տարեդարձը։ Լվանում է քարը փոշուց, որդու տապանաքարը ողողում կարոտի, ափսոսանքի արցունքներով, հետո հավաքում մոլախոտերը։ Ժամը 14։00-ին պիտի գան մտերիմները Դավիթի տարեդարձին․․․ կհիշեն, կպատմեն, կարտասվեն․․․ Հետո մարդիկ կգնան, իսկ Գայանեն կմնա իր ցավի հետ մենակ՝ կառչած հիշողությունների թելերին, որտեղ ինքն ու Դավիթը միասին են, եւ որոնք իրեն ապրեցնում են։

«Չգիտեմ․․․ դաժան պատմություն է,- հույզերը մի կերպ կառավարելով՝ պատմում է Գայանեն։- Պատերազմից առաջ էր, երբ խոսում էինք, ասացի՝ Դավի՛թ ջան, դու ինձ միշտ օգնել ես, որ անցնենք կյանքի դժվարությունները, մնում ա ծառայությունդ էլ անցնես, ու վերջ, ես գիտեմ՝ քո ճանապարհն արդեն հարթ է անցնելու։ Ես երազում եմ, որ դու մեծ ու սիրուն ընտանիք ունենաս․․․ Ինձ բոլորն ասում էին՝ Գայանե՛, քո ընտանիքը փոքր ա, բայց ինչքա՜ն սիրուն ա․․․ 2 հոգանոց ընտանիքս դարձավ․․․ չգիտեմ․․․ Ես իրեն մենակ եմ մեծացրել, բայց ինքն այնքա՜ն լավ տղա էր, որ կողքից երբեք չեն մտածել, որ առանց պապա է մեծացել։ Երբ Դավիթը պիտի ծնվեր, բարդություններ կային, ու բժիշկներն ասում էին՝ սկզբից քո կյանքը, հետո նոր իր կյանքը պիտի փրկենք։ Երբ լսեցի իր ձայնը, համբուրեցի բժշկի ձեռքն ու ասացի՝ Ձեր անունն եմ դնելու, բժի՜շկ։ Ես էնքա՜ն շնորհակալ էի Աստծուն, որ ինձ Դավիթ է տվել․․․

Երբեք չեմ մոռանա վերջին ծնունդի շնորհավորանքս։ 22-րդ տարեդարձն էր․ ինքը ծառայության մեջ էր․ «Դավի՛թ, էնքա՜ն շնորհակալ եմ, որ դու իմ տղան ես, շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ քեզ նման տղա ա տվել։ Ես փորձել եմ քեզ համար անել անհնարինը, բայց եթե քո տեսակը չլիներ, ես հաստատ էս արդյունքը չէի ունենա։ Էնքա՜ն շնորհակալ եմ, որ էսքան լավ մարդ ես դու»․․․ ես ի՞նչ իմանայի, որ դա իմ վերջին շնորհավորանքն է իրեն․․․ ես մի՛շտ եմ շնորհակալ եղել իրեն ունենալու համար․․․ երեւի շա՜տ շնորհակալ եմ եղել․․․»։

Մեծ ֆուտբոլի երազանքով

Դավիթի առաջին բառերը ֆուտբոլիստների անուններն էին։ 6 տարեկանից հաճախել է ֆուտբոլի, ու գնդակը դարձել է նրա անբաժան ընկերը։ Հետո Դավիթն ընդունվում է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ։ 

1 տարի 3 ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվում է։ Գայանեն վերջին անգամ որդու հետ խոսում է հոկտեմբերի 2-ին։ Ասում է․ «Էնքան հետաքրքիր է, նախորդ օրերին երբ զանգում էր, խոսում էր թեթեւ, ուրախ, հասցնում էր նույնիսկ իր հումորներն անել։ Բայց այդ օրը ձայնի մեջ հոգնածություն ու հիասթափություն կար։ Փաստորեն, այդ գիշեր իրենց հրաման են տված լինում գնալ առաջնագիծ։ Մինչ այդ իրենք էլի Ջաբրայիլում էին, բայց առաջին գծում չէին։ Սխալ հրաման են տալիս, եւ իրենք գնում-ընկնում են ԱԹՍ-ների հարվածների տակ»։

Այդ օրվանից սկսվում է Գայանեի՝ որդու մասին լուր իմանալու ու հետո արդեն նրա մարմինը գտնելու դժոխային ճանապարհը։ Հոկտեմբերի 5-ին Գորիսում կցկտուր խոսակցություններ են լսում, որ Դավիթը զոհվել է։ «Դավիթիս մեխանիկն էդ ժամանակ, գետնին ընկած, տեսնում է Դավիթին, մոտենում է, փորձում է քաշել, տանել հետը, բայց չի հասցնում»,- պատմում է Գայանեն՝ սրբելով դեմքը ողողող արցունքները։ 
Հավատով․․․

Քանի որ որդու մարմինը չկար, Գայանեն իրեն ապրեցնում էր հույսի պատառիկներով։ Նրան հուսադրում էին գերիների մասին խոսակցությունները, այն հանգամանքը, որ Դավթի մարմինը, ըստ ընկերների, ամբողջական է եղել, մասնատված չի եղել։ Ու Գայանեն մտածում էր՝ գուցե Դավիթը ո՞ղջ է եղել, ուղղակի ուշագնաց վիճակո՞ւմ է եղել, եւ հետո թշնամին գերի՞ է վերցրել նրան։
Գայանեին հորդորում էին․ «Մինչեւ Դավիթից որեւէ մասունք չգտնես, չհավատաս, որ զոհվել է»։ Ու Գայանեն խելագարի պես ամիսներ շարունակ փնտրում էր, դիմում բոլոր հնարավոր հաստատություններին։ Թեեւ նշում է, որ հոկտեմբերի 6-ին Դավթի անունն արդեն գրված է եղել զոհվածների ցուցակում։ 

- Դուք չէի՞ք կարդում այդ ցուցակները։

- Կհավատա՞ք՝ ես էնքա՜ն չէի հավատում, որ Դավիթը կարող է զոհված լինել, որ իր անունը ո՛չ զոհվածների, ո՛չ վիրավորների ցուցակներում չէի փնտրում։ Լրատվականի սպորտային մեկնաբանն այդ օրերին խոսել էր Դավիթի մասին, հայտնել զոհվելու լուրը, բայց ես նույնիսկ հեռուստացույց չէի նայում այդ օրերին։ Դուք չեք պատկերացնի՝ ես այդ ամիսներին ի՜նչ ապրումների մեջ էի։ Հիմա, որ հետ եմ նայում․․․ էն, ինչը ես զգացել եմ՝ էդ սառնությունը, խոնավությունը․․․ փաստորեն, ես էդպես Դավիթին էի զգում։ Որովհետեւ թուրքերն իրենց մարմինները հավաքել էին (106 մարմին), սկզբից պահել իրենց սառնարաններում, հետո՝ հուղարկավորել։ Իսկ փետրվարի 16-ին այդ 106 մարմինները Կարմիր Շուկայի մոտ փոխանակել էին, տվել մերոնց։ Մերոնք էլ պահել էին Հոկտեմբերյանի սառնարաններում։ 

Թե ինչպես է այդ դաժան ճանապարհն անցել ու ինչպես է հիմա անցնում

Հունիսի 12-ին Գայանեն զանգ է ստանում․ դատաբժշկական փորձաքննությունը հաստատվել է՝ համընկնում կա։ Պատմում է․ «Իր մարմինը, ճիշտ է, ամբողջական էր, բայց պարզ է, չէ՞, որ 8 ամիս մնա, ինչ կլինի։ Ես խնդրեցի մենակ, որ ատամնաշարը նկարեն, որ ես գոնե դա տեսնեմ։ Իրեն չտեսա, ինձ ասում էին՝ լավ ձեւով հիշի որդուդ։ Հետո Դավիթս էլ չէր սիրում, որ իրեն վատ ձեւով տեսնեին։ Չգիտեմ՝ էդ միտքն էր, որ ինձ հետ պահեց, որ ես իրեն չտեսնեմ»։
Գայանեն փորձանմուշը տանում է Մոսկվա՝ կրկնակի փորձաքննության, որպեսզի փարատի բոլոր կասկածները։ Հաստատվում է՝ Դավթի մարմինն է։ Դավիթին հուղարկավորում են հուլիսի 19-ին, Եռաբլուրում։ 

Այդ ընթացքում Գայանեն անընդհատ խորհրդանշական երազներ է տեսնում։ Փորձաքննության հաստատումից մի քանի օր առաջ երազին նորից գալիս է որդին, զանգում է․
- Մա՜մ, ես լսում եմ քեզ, բայց չեմ կարողանում խոսել։
- Բալե՜ս, տեղդ ասա, գամ՝ քեզ գողանամ։
- Մա՜մ, էլ չե՜մ դիմանում։

- Կռիվ ունե՞ք Աստծո հետ՝ ինչո՞ւ Դուք։

- Ո՞նց չունեմ։ Քահանա չէր մնացել, որ չգնայի մոտը։ Գնում էի, պատասխան էի ուզում գտնել։ Ասում էի՝ ասե՜ք՝ ինչի՞ ես, ինչի՞ իմ տղան։

- Գտա՞ք պատասխանը։

- Հավատացեք՝ չեմ կարողանում հաշտվել։ Երբեմն հասկանում եմ, որ Աստծո գործն է․ ինքը տվեց, ինքն էլ վերցրեց։ Չէ՜, չե՜մ գտել պատասխանը։

Իմ ներսում դեռ պատերազմ է։ Ինձ հաճախ են ասում՝ պիտի խաղաղվես, բայց ես չեմ պատկերացնում, թե խաղաղություն ոնց եմ գտնելու։ Իմ վերքը միշտ արնահոսելու է, մի՜շտ թաց է մնալու։ Ուղղակի ժամանակը սովորեցնում է էդ ցավի հետ ապրել, ուրիշ ոչինչ։ 
Ես իր կյա՛նքն եմ շա՜տ ափսոսում․ ինքը կյանքից զրկվեց, իսկ ես՝ իրենից։ Ես խաղաղությունս կգտնեմ միայն, երբ իր մոտ գնամ։ Միշտ ասում եմ՝ քանի կար՝ դու էիր ինձ մոտ եկել, մի օր էլ ես կգամ քեզ մոտ։ Թե չէ սա խաբկանք է․․․։ 

Ես 22 տարեկանում իրեն ունեցա, իսկ ինքն ընդամենը 22 տարի ապրեց։ Երբ գնում եմ Եռաբլուր, էնտեղ մաքրում եմ, տանջվում եմ մտքերից․ ախր ես իրեն պիտի աշխատանքի ճանապարհեի․․․ իր հարսանիքն անեի։ Ես միշտ իր հարսանիքն էի պատկերացնում, ինչն ինձ մոտ չի ստացվել, միշտ ուզում էի, որ ինքը տեսնի, ինքն ունենա․․․ Ես իրեն շատ էի ասում՝ Դավի՛թ, որակով մարդ պիտի լինես, ու ինքը հենց էդպիսին էր։ Ի՜նչ սերունդ պիտի տար ինքը ու մյուս բոլոր տղաները․․․ Երբ գնում եմ Եռաբլուր, էնքա՜ն կենդանություն ու ջերմություն եմ զգում, ավելի շատ, քան կարելի է զգալ քայլող ու ապրող մարդկանց մեջ։

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ