Խաղաղություն՝ Արցախի եւ Հայաստանի դիմաց. Փաշինյանի նոր կարգախոսը

Խաղաղություն՝ Արցախի եւ Հայաստանի դիմաց. Փաշինյանի նոր կարգախոսը

«Կրկին անգամ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում՝ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումը: Եվ ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել եւ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,- երեկ կառավարության նիստում ունեցած ելույթում հայտարարել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ այսպիսով մեկ անգամ եւս արձանագրելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու հարցում ինքն ընդունում է եվրոպական միջնորդությունը՝ մերժելով ռուսականը:

Փաշինյանի երեկվա ելույթը խաղաղության պայմանագրի կետերի շուրջ մենախոսություն էր, որի ընթացքում նա հստակեցրեց, թե ինչ զիջումների է համաձայն, միայն թե Ադրբեջանի ղեկավարությունն իրեն թույլ տա՝ մի քանի տարի եւս Երեւանում վարչապետ աշխատել:
Ելույթի սկզբում նա հայ հանրությանը սկսեց վախեցնել Ադրբեջանի կողմից սպառնացող պատերազմով՝ հայտարարելով, որ Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով քննարկումների արդյունքում ընդունված հայտարարության մեջ շեշտադրվել է, որ «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ եւ հարձակում ձեռնարկելու նպատակ ունի:

Արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին»: Ապա եւս մեկ անգամ անդրադառնալով այդ խնդրին՝ հայտարարեց, թե Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել: Խոսելով Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկելու նպատակի մասին՝ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ոչ մի բառ չարտասանեց այն մասին, թե արդյոք իր կառավարությունը որեւէ քայլ իրականացնո՞ւմ է այդ հարձակմանը դիմակայելու համար: Ուղղակի հասկացրեց, որ պատերազմից խուսափելու միայն մի ձեւ կա՝ հանձնվել Ադրբեջանին, կատարելով նրա բոլոր պայմանները, եւ ադրբեջանական պայմաններով ստորագրել խաղաղության պայմանագիր:

Իսկ ինչպե՞ս է այդ պայմանագրով լուծվելու Հայաստանի եւ Արցախի հարցը: Սրանց մասին Փաշինյանը խոսեց շատ հստակորեն: «Հայաստանի Հանրապետությունն իր հրապարակային եւ դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, եւ Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը»: Ինչպես տեսնում եք, Փաշինյանը եւ նրա իշխանությունն այլեւս չեն խոսում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումից, այլ խոսում են աբստրակտ՝ ԼՂ հայության իրավունքի հարցից: Մշակութային ինքնավարությունը կամ կյանքի իրավունքը եւս իրավունքի տեսակ է, որին Ադրբեջանը մեծ դժվարությամբ, բայց կարող է եւ համաձայնել՝ խաղաղության պայմանագրում ֆիքսելով, որ ընդունում է այդ տարածքում ապրող հայերի մշակութային իրավունքներն ու անվտանգության երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը: Ընդամենը այսքանը, որից Փաշինյանը եւ իր իշխանությունը բավարարված կհայտարարեն, որ կարողացան Արցախն ու արցախահայերին հուսալի պայմաններով հանձնել Ադրբեջանին:

Խաղաղության պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող հատվածին անդրադառնալով՝ Փաշինյանն ասում է. «Հայաստանը, ինչպես գիտեք, հանդես է եկել խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային ետքաշման, այդ սահմանագծի պահպանությունը սահմանափակ թվով սահմանապահների հանձնելու եւ սահմանի նկատմամբ միջազգային մոնիթորինգ իրականացնելու առաջարկով»: Քանի որ Արցախի հարցը փակվում է, մնում է Ադրբեջանին հանձնել խորհրդային տարիներին չգիտես ինչ սկզբունքով Հայաստանի տարածքում հայտնված անկլավները՝ այդպիսով Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելով Հայաստանն Իրանին եւ Վրաստանին կապող հիմնական ավտոճանապարհները: Հայաստանի անունից էլ հայտարարում է, որ պատրաստ է կառուցել Ադրբեջանը Նախիջեւանին միացնող երկաթուղին եւ ավտոճանապարհը:

Իսկ երբ ամեն ինչ հանձնված կլինի Ադրբեջանին, Փաշինյանն ակնկալում է, որ նույնիսկ այդ դեպքում անհրաժեշտ կլինի «սահմանային իրադրության միջազգային մոնիթորինգի մեխանիզմ գործարկել»: Այս հայտարարությունն էլ ուղղված է Ռուսաստանին, քանի որ այսօր Արցախում եւ Սյունիքում սահմանների պաշտպանությունը ՊԲ եւ Հայաստանի զինված ուժերի հետ իրականացնում են նաեւ Ռուսաստանի ԶՈՒ ներկայացուցիչները: Երբ Արցախը հանձնված լինի, իսկ Հայաստանը՝ ադրբեջանական տոտալ հսկողության տակ, այլեւս ի՞նչ իմաստ կունենա ռուսական բանակի ներկայությունը Հայաստանում: 

Արցախն Ադրբեջան է, եւ վերջ, Հայաստանի մի մասն Ադրբեջան է, եւ վերջ, մենք պատրաստ ենք Ադրբեջանի համար երկաթուղի եւ ճանապարհներ կառուցել կոշտ նախապայմաններով. Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկ շաբաթ հետո գնալ Բրյուսել եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, ավելի ճիշտ՝ խաղաղություն մուրալ:

Ավետիս Բաբաջանյան