Լավրովը պարզապես սադրու՞մ է

Լավրովը պարզապես սադրու՞մ է

ԼՂ կարգավորման մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հայտարարությունը չեն մեկնաբանում միայն «ծույլերը»: Լրագրողա-վերլուծաբանական այդ արձագանքներում, եթե անկեղծ ասենք, գերակշռում է հուզականությունը: Մեկնաբանների ուշադրությունից, կարծես, դուրս է մնում մի էական հանգամանք: Օրեր առաջ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել էր, թե իր երկիրն սպասում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի կատարմանը եւ միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել տարածաշրջանում կայունությունը եւ խաղաղությունը: Մամեդյարովն այդպիսով արձագանքել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ հակամարտության կողմերին հորդորել էին կորոնավիրուսի համավարակի առիթը չծառայեցնել սեփական քաղաքական շահերի սպասարկմանը, զերժ մնալ իրավիճակի ապակայունացման փորձերից եւ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Ռուսաստանի  արտգործնախարարի անդրադարձի առիթն ադրբեջանակկան Trend գործակալության լրագրողի հարցն էր՝ ինչպե՞ս է ՌԴ-ն, որպես միջնորդ կողմ, գնահատում Ադրբեջանի արտգործնախարարի սպասումները:

Ըստ էության,  դա կարող է լինել ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն, որովհետեւ նման դեպքերում, որպես կանոն, անսպասելի հարցադրումներ չեն հնչում: Լավրովի պատասխանը հայտնի է, ինչպես նաեւ՝ արտգործնախարար Մնացականյանի արձագանքը: Խնդիրը, սակայն, ավելի խորքային է՝ դա Լավրով-Մնացականյա՞ն բանավեճ է, թե Ռուսաստանի արտգործնախարարը հնչեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների կոնսոլիդացված մոտեցու՞մ: Եթե ավելի պարզ արտահայտվենք, ապա պետք է այս հարցադրումն անենք՝  Լավրովն իր «գաղտնազերծումը» համաձայնեցրե՞լ է համանախագահ մյուս  երկրների հետ, թե զբաղվում է «ինքնագործունեությա՞մբ»:

Երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները  Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ եւ նրանց մասնակցության տեսակապով բանակցություններ են վարել: Տարածված ամփոփիչ հայտարարության մեջ Լավրովի «գաղտնազերծումը» վկայող ընդգծում, նույնիսկ ակնարկ չկա: Խոսքը հրադադարի ռեժիմին անվերապահ հավատարմության եւ նախկինում ձեռք բերված հումանիտար միջոցառումների իրականացման ու հետագա քննարկումների անցկացման անհրաժեշտության մասին է: Ընդամենը: Եւ այս համատեքստում ԼՂ կարգավորման «փուլային» մեթոդաբանության եւ առկա փաստաթղթերի մասին Ռուսաստանի արտգործնախարարի շեշտադրումները թողնում են Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններից Մոսկվայի դժգոհության եւ ինչ-որ բան փոխելու ցանկության տպավորություն: Ամեն ինչ, կարծես, արված է այն հաշվարկով, որ հայ հանրությունը չափազանց զգայուն է «փուլային կարգավորում» ձեւակերպման հանդեպ, ինչը կարող է ներհայաստանյան քաղաքական դիսկուրսի «պայթուցիչի» դեր խաղալ՝ այստեղից ենթադրվող զարգացումներով հանդերձ:

Պատահակա՞ն է, որ անմիջապես հետեւեցին ՀՀԿ-ի եւ ՀՅԴ արձագանքները: Պատահակա՞ն են սոցցանցային գրառումները, որ առաջադրում են արտգործնախարարի, նույնիսկ վարչապետի հրաժարականի պահանջ: Ընդ որում, ամեն ինչ տեղի է ունենում Ռուսաստանի արտգործնախարարի՝ գազի գնի հարցով Հայաստանի իշխանությունների հասցեին չափազանց կոշտ կշտամբանքների մասին հիշեցումների համատեքստում: Գուցե պատահական է, բայց Լավրովի «գաղտնազերծումը» տեղի ունեցավ նույն օրը, երբ Ստեփանակերտում ԿԸՀ-ն պաշտոնապես ամփոփեց նախագահական ընտրությունների արդյունքները: Եւ հայրենական լրատվամիջոցներից մեկը գրեց, որ մրցապայքարի ամբողջ ընթացքում Պուտինի աշխատակազմից երկու պրոֆեսիոնալ նստած էր Վիտալի Բալասանյանի շտաբում, բայց Արցախի գործող իշխանությունը եւ ռազմաքաղաքական էլիտան աջակցեցին Արայիկ Հարությունյանին: