Հիշո՞ւմ եք՝ ինչ ջանասիրությամբ արձագանքեցին, երբ Սյունիքում «ողջունել» էին վարչապետին

Հիշո՞ւմ եք՝ ինչ ջանասիրությամբ արձագանքեցին, երբ Սյունիքում «ողջունել» էին վարչապետին

Երեկ տեղեկություն ստացանք, որ ադրբեջանցիները փոշմանել են` չեն ուզում հետ քաշվել գրաված տարածքներից՝ Սեւ լճի հատվածից։ Ասում են՝ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել, որ պետք է Տավուշից 12 գյուղ տանք, Սյունիքով միջանցք, որը Փաշինյանը, ասում են, խոստացել է, բայց նախընտրական այս շրջանում դժվար կլինի այդ միջանցքն ադրբեջանցիներին տրամադրելը՝ ռեյտինգը կընկնի։ Եվ մեր թշնամի հարեւաններն ակտիվացել են ու հայտարարում են, որ միջանցքի տրամադրման գործընթացն արդեն մեկնարկել է, շուտով աշխատանքներ են սկսվելու, ընդ որում՝ երկու միջանցքի մասին է խոսքը, երկրորդը՝ Սյունիքի մուտքի հատվածում։

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը միշտ էլ մտածել է, որ Շուռնուխի ու մյուս հատվածների թեմաները փոքր թեմաներ են ադրբեջանցիների համար, նրանց թիրախը Մեղրիի միջանցքն է լինելու։

- Իսկ այդ միջանցքը Մեղրիո՞վ է լինելու, թե՞ այլ հատվածով։

- Դե, ռելիեֆի առումով, երկաթգծի հասանելիության առումով, իմ կարծիքով, իրենց համար ամենահարմարը Մեղրիովն է։ Մենք հիմա ադրբեջանական լրատվամիջոցներին ենք հետեւում։

- Ադրբեջանցիները վստահ պնդում են, որ այսօրվանից սկսվելու է միջանցքի ստեղծման գործընթացը։

- Ոչ մի հստակ ինֆորմացիա չունեմ, ճիշտն ասած՝ վիճակս լավ էլ չէ, նստած սպասում ենք՝ ինչ է լինելու։

- Իսկ ի՞նչ իրավիճակ է հիմա, որեւէ տեղաշարժ կա՞ ադրբեջանցիների կողմից։

- Չէ, ոչ մի բան չկա, մեզ մոտ ռուս սահմանապահների առկայությունն ավելի զգալի է, քան մյուս հատվածներում։ 

- Իսկ եթե, ամեն դեպքում, որոշեն, որ պետք է այդ միջանցքը տրամադրեն, ու ադրբեջանցիները գան՝ սկսեն շինարարություն անել, դուք՝ մեղրեցիներով, ի՞նչ եք պատրաստվում անել։

- Առաջ չընկնենք, բայց ողբերգություն է դա, դա մեր անկախության վերջը կլինի։ Առաջ ասում էի՝ վերջի սկիզբն է, բայց իսկականից վերջն է, էլի, դե։ Չնայած կանխատեսելի էլ էր, էսպես ապաշնորհ ու դասալիքների կառավարության պարագայում այլ բան սպասելի էլ չէր։

- Իսկ Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք բանակցությունների մասին, ինչ գրվում է մամուլում՝ այդպե՞ս է, թե՞ այլ բան էլ կա։

- Հա, համարյա էդպես է, էլի, պիտի հետ քաշվեին։

- Որ ադրբեջանցիները չորս դիրք են ունենալու մեր տարածքում՝ 60-ական զինվորով, ինչը փորձեցին հերքել իշխանությունները, դա որքանո՞վ է ռեալ։

- Դե, իրենց որ լսես, կասեն՝ տակտիկական նահանջ է, բայց ես չեմ կարող ասել՝ այդ ինֆորմացիան որտեղից է։ Մի նկատառում անեմ ես, ուղղակի։ Ինձ անընդհատ զանգում հարցնում են, թե ճի՞շտ է, որ Սյունիքում պատերազմի մասնակիցները հավաքվում են, ջոկատներ են կազմում եւ այլն։ Սա, իմ կարծիքով, կեղծ օրակարգ է, էլի, որ փորձում են մտցնել։ Խախտված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ոչ թե Սյունիքի կամ որեւէ համայնքի սահման, եւ պետք է դրա արձագանքները լինեն պետական մասշտաբով։ Ճիշտ է, էս կառավարության պարագայում դա համարյա անհնար է, որ ադեկվատ պատասխան լինի, բայց ճիշտ է, որ աշխատանք տարվի էդ ուղղությամբ, ոչ թե ջոկատ ստեղծել, տեղի ուժերով պայքարել․․․ Սա, իմ կարծիքով, թշնամու ջրաղացին ջուր լցնել է, չգիտեմ՝ ներքին, թե արտաքին՝ մեր անկախության թշնամիների, առհասարակ։ Մենք պետք է պահանջենք, որ կառավարությունը, մեր զինված ուժերը համապատասխան միջոցներ ձեռնարկեն։ Իհարկե, էդ կոնտեքստում ամենամեծ օգնականն ու առաջին թեւ ու թիկունքը մենք պետք է լինենք, բայց կանոնակարգումը պետք է լինի բանակից։

- Որը չկա։

- Ախր, որ նայում ենք՝ պաշտպանության նախարարն ով է, ինչով է զբաղված, տեղեկություններ ունեմ, որ արդեն սկսել է իր արեւին նախընտրական ճնշումներ գործադրելը սպայական անձնակազմին։ Ասենք՝ Մեղրու գնդի հրամանատարը ոչ թե միայն իմ մանկության ընկերն է, ես նրան ճանաչել եմ որպես Մեղրու գնդի հրամանատար, եւ ամեն մեկս մեր տեսակին համապատասխան՝ շփվել ենք, հիմա խուսափում է կամ զգուշանում է ինձ հետ շփվել։ Ինքը չի ասում, բնականաբար, բայց ես զգում եմ, որ խիստ դրված է, որ մեզ հետ շփում ընդհանրապես չունենա։ Եվ ուրիշ որեւիցե պատճառ էլ ես չեմ տեսնում, էլի, որ ինչ-որ միջադեպ եղած լինի, կամ ինչ-որ մի բանից դժգոհ լինի։ Զինվորական է, չի մանրամասնում, բայց ես զգում եմ՝ խուսափում է շփվելուց։ Հիշո՞ւմ եք՝ ինչ ջանասիրությամբ արձագանք եղավ, երբ Սյունիքում «ողջունել» էին վարչապետին, ներքին զորքերի 800 զինծառայող ու ոստիկան էր եկել լցվել մեր փոքր համայնքը։ Այդ նույն ջանասիրությամբ եթե սահմանին մոտենան, մենք լրիվ ուրիշ իրավիճակ կունենանք։