Մաքրվել՝ Փաշինյանից, մեղադրել՝ Քոչարյանին, խնայել՝ Սարգսյանին

Մաքրվել՝ Փաշինյանից, մեղադրել՝ Քոչարյանին, խնայել՝ Սարգսյանին

Կիրակի օրը կառավարության նիստերի դահլիճում անցկացված ՀԱԿ համագումարին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանեց մեկնարկից մի քանի ժամ անց միայն, մնաց կարճ, ելույթ ունեցավ նստած ու ոչ երկար եւ հեռացավ։ Մելիք Ադամյան փողոց ժամանած հին, սեւ, բայց շատ դասական Lincoln Town Car-ից դասականի կերպարով նախագահն իջավ թոռնուհու՝ գեղեցկուհի Լուսյայի ուղեկցությամբ։ Նրան սպասարկող մեքենան քանի տարի է՝ նույնն է մնացել, փոխվել է միայն ուղեկցող մեքենան․ իր դարն ապրած սովետական «Ժիգուլին» փոխարինվել է համեմատաբար ժամանակակից Hyundai Tucson-ով, որը ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապա Հովիկ Աբրահամյանին էր ուղեկցում։ Տեր-Պետրոսյանին Հայ ազգային կոնգրեսի անդամները եւ հրավիրյալները դիմավորեցին մեծ ոգեւորությամբ՝ ծափողջույններով։

ՀՀ առաջին նախագահի՝ դահլիճ մտնելուն պես ներկաները ոտքի կանգնեցին ու երկար, բուռն ծափահարություններով ուղեկցեցին բեմ։ Տեւական ժամանակ առողջական խնդիրների պատճառով տնից դուրս չեկող նախագահին թիմակիցները վաղուց չէին տեսել, նկատելի էր, որ կարոտել էին։ Մի կին անգամ ցանկացավ գրկել նրան․ նախագահը չմերժեց։ Նա նախապես ներողություն խնդրեց նստած խոսելու համար, ապա սկսեց «հարգելի, սիրելի եւ կարոտած ընկերներ» բառերով։ «Կարճ եմ խոսելու, որովհետեւ դեռ լիովին չեմ ապաքինվել: Ելույթիս համար ընտրել եմ ինքնահարցազրույցի ժանրը, նկատի ունենալով հանրությանը հուզող ամենակարեւոր հարցերը»,- ասաց Տեր-Պետրոսյանն ու սկսեց շարադրել հարցերը, ապա տալ դրանց պատասխանները։

Առաջին հարցը՝ ո՞րն է արցախյան վերջին պատերազմում մեր կրած պարտության պատճառը: «Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին՝ վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետեւանքով: Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին, այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս-քվոյի պահպանման եւ ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա: Իսկ պարտության ավարտը նշանավորվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» սադրիչ հայտարարությամբ»,- իր իսկ հնչեցրած հարցին այսպես պատասխանեց առաջին նախագահը՝ մեղքը փաստացի բարդելով մյուս «նախկինների» եւ «ներկայի» վրա։

Թվում էր, թե առաջին նախագահը՝ մյուս երկուսից ավագն ու փորձառուն, ավելի խոհեմն ու գրագետը, պետք է իր բարձունքի վրա գտնվեր եւ մեր պետության համար այս օրհասական, վճռորոշ պահին չմտներ քաղաքական էժանագին խարդավանքների մեջ, համերաշխության, միասնականության տաներ հասարակությանն ու փորձեր համախմբել ընդդիմության ուժերը՝ ընդդեմ երկիրը կործանող իշխանությունների, բայց, ավաղ, նա նախընտրեց բավարարել իրեն ծափահարող բազմության վրեժի ու թշնամանքի զգացումները եւ սեւեռվեց հատկապես իր քաղաքական հակառակորդի՝ Ռոբերտ Քոչարյանի վրա, համոզելով, որ նա գալիս է վրեժ լուծելու։ Մինչդեռ օրեր առաջ Ռ․ Քոչարյանը գործող իշխանության դեմ համատեղ պայքարի համագործակցության առաջարկ էր արել բոլոր նախկին նախագահներին եւ իր ելույթում չէր վիրավորել մյուս նախկիններին։

Տեր-Պետրոսյանի ամբողջ ելույթը նվիրված էր երկու հիմնական նպատակի՝ մաքրել իր վրայից իր աճեցրած հոգեզավակի՝ «Նիկոլ Փաշինյան» երեւույթի խարանը եւ սեւացնել Ռոբերտ Քոչարյանին՝ ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը բարդելով նրա վրա, որ ինքը ճիշտ էր արցախյան հարցում, Քոչարյանն ու մյուսները՝ սխալ։ Այս երկու նպատակի իրագործման ճանապարհին մեր ուշադրությունից չվրիպեց այն, որ առաջին նախագահը նրբորեն արդարացրեց ու սիրաշահեց երրորդ նախագահին՝ Սերժ Սարգսյանին։ Մարդ, որը երկար տարիներ անց քաղաքական բացառիկ կամք դրսեւորեց ու պատմական որոշում կայացրեց՝ հանուն հայրենիքի փրկության միավորվել անգամ իր ախոյանների հետ, այսօր նորից առաջ է մղում ոչ թե հայրենիքի ու պետության, այլ նեղ անձնական, քաղաքական շահերը, չնայած հենց դրանում մեղադրում է ուրիշներին։

Երեք նախագահներով միավորվելու առաջարկի ձախողումից օրեր անց Հայաստանի առաջին նախագահը խոստովանում է, որ ինքն այդ առաջարկն արել է՝ «մի կողմից խափանելու Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը, մյուս կողմից՝ բացառելու Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին»։ Եվ այս ամենի ֆոնին Տեր-Պետրոսյանն իր ելույթում՝ այդ առաջարկը մերժած Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին մեղադրեց պետական շահը չգիտակցելու մեջ։

«Քոչարյանի կողմից իմ առաջարկի մերժումը նշանակում է, որ նա առաջնորդվում է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով:

Սերժ Սարգսյանի պարագան այլ է՝ նա իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում եւ, մասնակցելով ընտրություններին, պարզապես ուզում է իր պարտքը կատարել սեփական կուսակցության նկատմամբ եւ հանրապետականների թեկուզ մի փոքրիկ խմբի ներկայացված տեսնել Ազգային ժողովում: Սա թեեւ մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, այնուամենայնիվ, նույնպես որեւէ կապ չունի պետական շահի գիտակցության հետ»,-ասաց նա։

Տեր-Պետրոսյանի ելույթում նաեւ մի թեզ էր ընդգծված անցնում՝ հրաժարվել Փաշինյանից ու նրան «աճեցնելու», երկրի ու ժողովրդի գլխին որպես պատուհաս կապելու պատասխանատվությունից։ Եվ Տեր-Պետրոսյանն այսօր այնպես է խոսում իր «հոգեզավակի» մասին, ասես որեւէ կապ ու ներդրում չի ունեցել նրա՝ պատգամավոր դառնալու, քաղաքականություն մտնելու հարցում։ Ավելին՝ ինքը չէր երկուսուկես տարի շարունակ լռում կամ պաշտպանում նրա ամենաաբսուրդ քայլերը։
Մինչդեռ նույն Նիկոլը, որը ժամանակին ՀԱԿ-ի ցուցակով անցնելով խորհրդարան՝ կարճ ժամանակ անց թռավ ՀԱԿ-ի վրայից եւ իրեն քաղաքականություն բերած Տեր-Պետրոսյանին դավաճանեց, ապա սկսեց նրա դեմ պայքարել՝ իր լրատվամիջոցում անգամ «քոռ» բառը գրելով, նույնիսկ հեղափոխությունից հետո չի վերականգնել կապերը ՀԱԿ-ի ու նրա առաջնորդի հետ եւ ամեն առիթով քննադատել ու վիրավորել է նրանց։ 

Տեր-Պետրոսյանն ինքնահարցազրույցն ամփոփեց քաղաքական դաշտին ամենահուզող հարցով՝ Հայ ազգային կոնգրեսը մասնակցելո՞ւ է, արդյոք, առաջիկա ընտրություններին։

«Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ՝ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը: Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես: Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»,- ասաց նա, եւ դարձյալ հնչեցին ոգեւորված ծափահարություններ։
Ի դեպ, առաջնորդը ցուցակը կգլխավորի, սակայն ի սկզբանե զգուշացրել է, որ ընտրապայքարին չի կարողանալու ակտիվորեն մասնակցել՝ իր վրա հույս չդնեն։