Պետականությունից դե ֆակտո զրկվել ենք, ընթանում է դե յուրե զրկվելու գործընթաց

Պետականությունից դե ֆակտո զրկվել ենք, ընթանում է դե յուրե զրկվելու գործընթաց

Հարցազրույց «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հետ

- Նախ, Ձեր գնահատականը՝ Հայաստանում ստեղծված իրավիճակին։

- Մենք փաստացի զրկվել ենք պետականությունից դե ֆակտո, եւ ընթանում է պետականությունից դե յուրե զրկվելու գործընթաց հիմա։

- Երբվանի՞ց ենք զրկվել։

- Դրա նշանակալի օրը, իհարկե, 2018 թվականի գարնանն էր, երբ Հայաստանում տեղի ունեցավ հեղաշրջում, բայց ռետրոսպեկտիվ առումով կարելի է, իհարկե, 91 թվականից սկսած՝ պետական գործիչների որոշումների հիման վրա հասկանալ, թե ինչու էր էս ամենն օրինաչափ եւ տրամաբանական։ Իմ կարծիքով՝ մեկնարկային կետը մեր Սահմանադրության ընդունումն էր, որտեղ գրված է, որ մարդը գերագույն արժեք է։ Դրանից բխող օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերը, տնտեսական մոդելը, մշակութային քաղաքականությունը բերեցին նրան, որ հայերը որոշեցին՝ մարդն իրոք գերագույն արժեք է, ոչ թե հայությունը, պետությունը կամ, օրինակ, Արցախը, եւ որոշեցին օտարել, «թանկով խուրդել» էն ոչ նյութական կապիտալը, որ մենք ժառանգել էինք մեր պապերից։

- Իսկ ի՞նչը պետք է Սահմանադրությամբ գերագույն արժեք հայտարարվեր։

- Գերագույն արժեքը, իմ կարծիքով, ճշմարտությունն է։ Ցանկացած քրիստոնյա մարդու համար է այդպես։ Եթե մենք քրիստոնյա ենք, պետք է հետեւենք պատվիրաններին, եւ առաջին իսկ պատվիրանն ասում է՝ ես եմ քո Աստվածը։

- Հայրենիքի փրկության շարժման անդամները կարո՞ղ են փրկել հայրենիքը կամ այն պետականությունը, որն ասում եք՝ դե ֆակտո կորցրել ենք։

- Տեսականորեն՝ հայրենիքը կարող է փրկել ցանկացած ոք։ Տեսականորեն՝ իրենց հայրենիքի փրկության ճակատ կոչեցյալներն էլ կարող են դա անել։ Բայց, փաստացի, ես որեւէ քայլ՝ միտված հայրենիքը փրկելուն, իրենց կատարմամբ չեմ տեսնում։

- Դրա համա՞ր չեք մասնակցում հանրահավաքներին՝ Բաղրամյան պողոտայում։

- Այո, «Ադեկվատ» միաբանությունը որեւէ առնչություն շարժման հետ երբեւիցե չի ունեցել։ Գիտե՞ք ինչն է հետաքրքիր, երբ որ պատերազմը սկսվեց, մենք հասանք դիրքեր, հիշում եմ՝ երրորդ, թե չորրորդ օրն էր, փորձում էինք որսալ ռադիոալիքները, որ պաշտոնական լրահոսին ծանոթանանք, կարծեմ երրորդ օրն էր՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պնդեց, որ եթե Ադրբեջանը շարունակի մարտական գործողությունները, նա կխնդրի Նիկոլ Փաշինյանին ճանաչել Արցախի անկախությունը։ Սա ինձ հանգստացրեց այն առումով, որ նույնիսկ եթե մենք կյանքի գնով ստիպված լինենք պահել մեր դիրքերը, քաղաքական իշխանությունն ակնհայտորեն հասկանում է, թե որն է իրենց քայլերի տրամաբանությունը եւ հերթականությունը։ Անցավ ինչ-որ ժամանակ, մենք լրահոսից կտրված էինք, եւ մարտական ուղղահայացի օգնությամբ ինձ հասցրեցին մեսիջ, որ մեր Լիկա Թումանյանն ուզում է ինձ հետ զրուցել։ Տեղ գտա, որտեղ հեռախոսն աշխատում էր, Լիկան ասաց, որ Երեւանում տեղի է ունենում քաղաքական պրոցես, որին մասնակցում են 14 կուսակցություններ, որոնք ինչ-որ կոմյունիկե են ստորագրել եւ կոչ են անում միանալ դրան, պահանջում են պաշտպանական կոմիտե ստեղծել եւ այլն։ Հա՛մ կապն էր շատ վատ, հա՛մ էլ ես, ճիշտն ասած, չէի հասկանում՝ ինչի մասին է խոսքը։ Լիկային ընդհատեցի, հեռախոսը բարձրացրի վերեւ, որ ինքը լսի, թե ինչ հրետակոծության տակ ենք։ Էդ պահին հասկացա, որ մենք կատաստրոֆիկ իրավիճակում ենք, որովհետեւ ակնհայտ էր, որ դա նշանակում էր՝ քաղաքական իշխանությունները չեն պատրաստվում անել այն, ինչ պարտավոր են՝ Արցախի անկախությունը ճանաչել, որպեսզի էս գծված սցենարը հունից դուրս գա։ Եվ ակնհայտ դարձավ, որ Հայաստանում մի քանի կուսակցություն, քաղաքական անձինք եւ մարմիններ որոշել են այնպես անել, որ Արցախի անկախության հարցն օրակարգ չմտնի։

- Ի՞նչ էր տալու մեզ Արցախի ճանաչումը՝ ռազմական ելքի առումով։

- Էական չէր ռազմական ելքը։ Էս իրավիճակը պլանավորվել էր 2007 թվականից, երբ մադրիդյան սկզբունքներն ընդունվեցին, եւ Մեծ ութնյակը հռչակեց սա ընդունելի տարբերակ։ Այսինքն՝ աշխարհի 8 հզորագույն պետություն ընդունեց, որ մադրիդյան սկզբունքները լավագույն տարբերակն են, ըստ որի՝ պետք է Հայաստանի շահերի հաշվին գերտերություններն իրենց հարցերը տարածաշրջանում լուծեին։

- Ստացվում է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են այս ամենի հիմքը դրել։

- Ես չեմ կարծում, որ հիմքերը դնողը Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանն են, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ուրիշ հարց է, որ մեզ անընդհատ դա թելադրվել է, եւ մեր պետությունը թերացել է 30 տարվա ընթացքում էդ ծիրից դուրս գալու գործում։ Մենք անընդհատ հետաձգել ենք դա՝ ռազմական առումով ամուր պահելով սահմանը, վերջում աշխարհը որոշեց, որ, չէ՝ հայերին պետք է կոտրել ներսից, եկավ Նիկոլ Փաշինյանը, եւ սկսվեց ռազմական օպերացիան։ Էս ամեն ինչը գծված սցենար էր։ Եվ երբ որ ես իմացա, որ մեր ընդդիմությունն ինչ-որ հավաքական պրոցես է սկսել, եւ էդ պրոցեսի հիմքում կարգավիճակի հարցը չի, այլ ինչ-որ պաշտոն ստանձնելու, կոմիտե ստեղծելու եւ այլն, ես հասկացա, որ սարսափելի իրավիճակում ենք։ Ընդ որում, ես հավատացած եմ, որ թե՛ Բաղրամյանում հավաքվածները, ե՛ւ նույնիսկ էդ կուսակցապետերը, ովքեր էս ամեն ինչը կազմակերպում են, ըստ էության՝ չեն էլ հասկանում, թե իրենք ինչին են նպաստում։ Բայց փաստացի նպաստում են Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարացմանը եւ Արցախի օտարմանը։ «Ադեկվատի» հաղորդումներին հետեւողները նկատած կլինեն, որ մեր գրասենյակի պատերից մեկին մեծ, երկար խզբզանք կա։ Դա էն սցենարն է, որը 2 տարի առաջ գծել էինք, որով իրավիճակը պետք է զարգանա։ Եվ մենք հասկանում էինք, որ կետ առ կետ գալու ենք հասնենք վերջին կետին։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժացնելու վերջին կետին, որը կայանալու է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է խժռի հերոսին։ Հենց որ ինքը մի հերոսի խժռեց, նա դառնալու է անհաղթահարելի մոնստր։

- Եվ այդ հերոսը Օնիկ Գասպարյա՞նն է։

- Հիմա փորձում են հերոսներ ստեղծել, դեռեւս, բարեբախտաբար, չի հաջողվում, որովհետեւ Օնիկ Գասպարյանը որեւէ կերպ էդ հերոսի կերպարի մեջ չի կարող մտնել։ Օնիկ Գասպարյանը մի մարդ է, ով պատերազմի չորրորդ օրը, իր ասելով, Փաշինյանին զեկուցել է, որ պատերազմը պարտված է, բայց մի քանի օր հետո Փաշինյանից գեներալ-գնդապետի կոչում է ստացել ու 4 ամիս լռել է երկրում ստեղծված իրավիճակի մասին։ Սրանից ավելի նենգ վարքագիծ կդժվարանամ պատկերացնել ցանկացած հայի կողմից, առավել եւս՝ այս պահին։ Էնպես որ, Օնիկ Գասպարյանից հերոս կերտել չի ստացվի։ Ասեմ ավելին․ այդ 17 ուժից էլ հերոս կերտել չի ստացվի, եթե ես զգամ, որ էդ հերոսը կերտվում է, ես Ձեզ խոստանում եմ՝ ես էդ հերոսին կոչնչացնեմ։ Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվի իրական հերոս խժռել։