Ամուլսարի ճանապարհը փակում էին, իսկ երբ Ջերմուկի վրա կրակեցին, մի բառ ասացի՞ն

Ամուլսարի ճանապարհը փակում էին, իսկ երբ Ջերմուկի վրա կրակեցին, մի բառ ասացի՞ն

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:

- Արդեն 10 օր է՝ ադրբեջանցի բնապահպանները փակել են Բերձորի միջանցքը, Արցախը բլոկադայի մեջ է, Հայաստանի քաղհասարակություն կոչվածը, այդ թվում՝ բնապահպան կոչեցյալները, որեւէ քայլ չեն ձեռնարկում, ավելին` նրանցից ոմանք մեզ հետ զրույցներում ասացին, որ իրենք ոչինչ չեն անում, քանի որ դա իրենց ոլորտի հետ որեւէ աղերս չունի: Լեւոն Գալստյանն ասում է` ես ե՞րբ եմ Արցախի մասին խոսել, որ հիմա խոսեմ: Ինչո՞ւ են նման կերպ արձագանքում՝ բնության համար պայքարողը չպե՞տք է պայքարի հայրենիքի, մարդկանց ինքնորոշման կամ ապրելու իրավունքի համար:

- Քանի որ իրենք հանդես են գալիս Հայաստանի բնության պահապաններ, դա ենթադրում է, որ նրանք պետք է Հայաստանի բնապահպանությամբ մտահոգ լինեին: Այստեղից հետեւություն, որ նրանք պետք է նաեւ մտահոգ լինեն Արցախի համար, որովհետեւ Ադրբեջանը, լինելով աշխարհի ամենահակաբնապահպանական երկիրը, բնապահպանական պատրվակով սադրում է արցախահայությանը: Ադրբեջանն այսօր էլ մտածում է հանքերի մասին, այստեղից հետեւություն, որ նրանց հանգիստ չպետք է տա, բայց իրականությունն այն է, որ Հայաստանում բնապահպանության անվան տակ ներկայացող այս մարդիկ բնապահպաններ չեն: Բնապահպանները նրանք են, որոնք իրենց բնապահպանական ընկերություններով աշխատանքներ են կատարում, ամեն բան անում են, որպեսզի հանքարդյունաբերությունը չաղտոտի մեր բնությունը: Պատկերացնենք, որ մի մեծ բանակ զբաղվում է Արցախը հանձնելով, նրանց շարքերում, այսպես կոչված, իրավապաշտպաններ են, ակտիվիստներ ու բնապահպաններ:

- Այս բնապահպան կոչեցյալները նաեւ պարտադիր ռուսաֆոբ են, ինչո՞վ է դա պայմանավորված: Չի հասկացվում, թե ինչ կապ ունի, օրինակ, Թեհմինե Ենոքյանը քաղաքականության հետ: Եվ իրենք բնության պաշտպանությա՞մբ են զբաղված, թե՞ քաղաքական գործունեությամբ:

- Նա նաեւ լրագրող է ներկայանում: Հայաստանում նրանք, ովքեր փողոց են դուրս եկել՝ ինչ-որ հարցի համար, «վեհ» գաղափարներ են առաջ քաշել, դարձել են գործիք, այս ամենի տակ կարելի է տեսնել Արեւմուտքի թաքնված կապիտալի շահերի պաշտպանությունն ու ընդլայնումը: Այսինքն, եթե Մեծ Բրիտանիային պետք է, որ իր կապիտալն ընդլայնվի, առաջ է բերում տարբեր գաղափարներ, որոնք իրականացնում են «մանուկներն» ու գործակալները՝, սկսելով հարված հասցնել Հայաստանին: Զարմանալի չէ, որ այդ մարդիկ Արցախի հարցով չեն մտահոգվում եւ չեն անհանգստանում: Արցախն այս պահին պաշտպանում են ռուս խաղաղապահները, Հայաստանն այսօր ցեղասպանության չի ենթարկվում, որովհետեւ Ռուսաստանն է պաշտպանում: Ցավոք սրտի, մեր անվտանգությունը մեր ձեռքից գնացել է, այն վաղուց ենք կորցրել՝ դավաճաններին իշխանության բերելով: Մենք նորից մեր անվտանգությունը վերականգնելու ենք, մեր անվտանգությունը մենք ինքներս են պաշտպանելու, բայց այս պահին Ռուսաստանն է մեր անվտանգության երաշխավորը, եւ այս բնապահպան կոչվածները բնական է, որ Արցախի բնությամբ մտահոգ չեն: Արցախի հանձնում՝ նշանակում է հարված Ռուսաստանին: Այդ բնապահպանները խոսում են հայերեն, բայց իրենց մտահոգություններով կապ չունեն Հայաստանի հետ:

- Նշում են` ի՞նչ անենք, ի՞նչ կարող ենք անել: Քանի որ իրենք չգիտեն ինչ անել, 2018 թվականից հետո իրենց միտքը տկարացել է, եկեք մենք խորհուրդ տանք՝ ինչ անել: Ի վերջո` ի՞նչ կարող են անել:

- Օրինակ, որ Ամուլսարի ճանապարհը փակում էին, ի՞նչ էին անում: ՔՊ-ն ու Ադրբեջանը փակել են Արցախի ճանապարհը, գուցե բնապահպանները դուրս գան եւ իրենց խոսքն ասե՞ն: Արցախցին բնության մասնիկ չէ՞: Իրենք դպրոցում կենսաբանություն ուսումնասիրե՞լ են, գիտե՞ն, թե ինչ է մարդը, թե՞ իրենք արդեն աստվածներ են.... դուրս գան, ցույցեր կազմակերպեն, ի՞նչ պետք է անեն, մե՞նք պետք է իրենց ասենք, թե՞ Անգլիայից են ասում իրենց: Թող գնան Անգլիայի ջահել բնապահպանների պես Ադրբեջանի ընկեր «Բրիթիշ Փեթրոլիումի» դեմ Վան Գոգի նկարին տոմատի ապուր լցնեն....

- Ամուլսարի հանքը շահագործելու դեմ ինչո՞ւ էին պայքարում:

- Ապացույցներ չունեմ, հստակ ասել չեմ կարող, սակայն որ Ջերմուկի վրա Ադրբեջանը կրակեց, մի բան ասացի՞ն, չասացին, չէ՞, ձենները կտրած էին: Դե, էստեղից ամեն ինչ պարզ է դառնում: