Պատերազմը կիսատ է մնացել, Ադրբեջանը փորձում է այն ավարտին հասցնել

Պատերազմը կիսատ է մնացել, Ադրբեջանը փորձում է այն ավարտին հասցնել

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

- Արդեն իններորդ օրն է՝ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Արցախն այսօր փաստացի բլոկադայի մեջ է հայտնվել: Մեր հասարակության մոտ հատկապես 2018 թվականի հայտնի դեպքերից հետո մեղքը դիմացինի վրա բարդելն ավանդույթ է դարձել, բոլորը մեղադրում են ուրիշին, մինչդեռ տպավորություն է, թե Հայաստանում այսօր բացառությամբ մի քանի ոլորտների, մնացյալն իրենց տեղում չեն: Եթե նախկինում բնապահպաններն ամեն մի չնչին հարցի պատճառով աղաղակում էին, ակցիաներ անում, այսօր պասիվ են, եթե քաղհասարակությունը նախկինում պահանջատեր էր, այսօր շատ-շատերն անտարբեր են, նրանց կարծես Արցախի ճակատագիրը չի հետաքրքրում։ Ի՞նչ պետք է անի այսօր արցախահայությունը, ի՞նչ անենք մենք` Հայաստանում ապրողներս, եւ, վերջապես, ինչո՞ւ հայկական կողմն էլ ճանապարհներ չի փակում, իր ձայնը լսելի չի դարձնում:

- Լաչինի միջանցքի փակումը երկու բաղադրիչ ունի` իբրեւ մարդասիրական եւ քաղաքական: Քաղաքականը, կարծում եմ, լրջագույնն է: Այժմ լրջագույն քաղաքական խնդիրը լուծել կարող են եւ պարտավոր են միայն Հայաստանի գործող իշխանությունները, որովհետեւ կոնկրետ այս հարցում խնդիրը կարող է լուծվել բացառապես պետական լծակների կիրառմամբ, պետական ինստիտուտների ջանքերով: Իշխանությունները, իմ տպավորությամբ, այդ ուղղությամբ չեն աշխատում կամ բավարար չեն աշխատում: Մարդասիրական խնդիրը պետք է լուծել ողջ աշխարհի ուշադրությունն Արցախի վրա հրավիրելով: Դրան կարող են մասնակցել բոլորը՝ իշխանությունները, ընդդիմությունը, քաղհասարակությունը, բնապահպանները, լրագրողները, բոլոր-բոլորը: Լավ, թե վատ՝ այս ամենն ինչ-որ չափով արվում է, բայց եթե չկա պետական ծրագիր՝ խնդիրները լուծելու համար, պետականորեն որոշված ճանապարհային քարտեզ չկա, ապա այդ ջանքերն ապարդյուն են, որովհետեւ աշխարհի ուշադրությունը հրավիրելն ունի միայն օժանդակ նշանակություն:

- Բայց գուցե այդ օժանդակ նշանակությո՞ւնն էլ էական արդյունք տա: Խնդիրն այն է, որ Ձեր ասած քաղհասարակության, իշխանության, ընդդիմության եւ, ի վերջո, շարքային քաղաքացու պայքարը չենք տեսնում: Միայն ֆեյսբուքյան գրառումներ անելը, ֆլեշմոբեր կազմակերպելը եւ ռազմահայրենասիրական պաթետիկ ճառեր ասելը բավակա՞ն են:

- Ադրբեջանցիներն այսօր խոսում են բնապահպանական խնդիրներից, սակայն դա զուտ պատրվակ է: Դրա դեմ պետք է այլ ձեւով պայքարել: Եթե Երեւանում շատ հզոր հանրահավաք կազմակերպվի, հասարակությունը կարող է մասնակցություն ունենալ, իր ձայնը բարձրացնել: Եթե նման բան տեղի ունենա, աշխարհն անպայման հաշվի կնստի մեզ հետ: Սա այն հարցն է, որտեղ կարող են համագործակցել բոլորը, անգամ իշխանությունն ու ընդդիմությունը: Դրա համար առանձնապես մեծ ռեսուրսներ պետք չեն, ասելիքը կա, միտքը կա, հրապարակը կա, ի՞նչն է խանգարում: Արցախն այն վիճակում է այսօր, որ մենք չենք կարող տարաձայնություններին առաջնային տեղ տալ: Թե ինչու են բոլորը լռում, ես ասել չեմ կարող, ենթադրում եմ, որ թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունն առաջնորդվում են բացառապես իրենց ներկուսակցական, խմբակային շահերով: Այս պարագայում, եթե անգամ խոսեն բնապահպաններն ու ակտիվիստները, օգուտի փոխարեն կարող է վնաս լինել, որովհետեւ մենք աշխարհին ցույց կտանք, որ 120 հազար մարդ Արցախում այսօր կանգնած է գոյաբանական խնդրի առաջ, սակայն Երեւանում ակցիաներ չեն կազմակերպվում կամ, լավագույն դեպքում՝ փոքրիկ ակցիաներ են կազմակերպվում, որոնց մասնակցում են սակավաթիվ բնապահպաններ կամ ակտիվիստներ:

- Ստացվում է, որ այսօր հիմնական աշխատանքները պետք է տանեն իշխանությունները, ինչն էլ, Ձեր գնահատմամբ` անբավարար է: Ի՞նչ պետք է անեն իշխանություններն այսօր:

- Իշխանություններն այս պահին զբաղված են ոչ թե խնդիրը լուծելով, այլ խնդրի մեղքն ուրիշի վրա բարդելով: Նրանք հայտարարում են, որ Բերձորի միջանցքի համար պատասխանատու է Ռուսաստանի Դաշնությունը, սակայն նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ ամրագրված է, որ երեք երկրները` Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը, հավասարապես պատասխանատվություն ունեն: Հայաստանի իշխանությունները, քանի որ որեւէ այլ ճանապարհով, օրինակ՝ ռազմական, չեն կարող խնդիրները լուծել, պետք է փորձեն անել պետական լծակներով: Միջազգային կառույցները մարդասիրական նկրտումներով իսկապես կարող են Արցախին օգնություն ցուցաբերել, որն ինչ-որ առումով կարող է իրավիճակը շտկել, եթե իշխանությունների կողմից համապատասխան քայլեր արվեն:

- Արցախը դեռ որքա՞ն կմնա բլոկադայի մեջ` Ձեր կարծիքով:

- Ադրբեջանի խնդիրը ճանապարհը փակելը չէ, նրանց խնդիրը ճանապարհը վերահսկելն է, հետեւաբար, նրանք ճանապարհը փակելու գործիքն օգտագործելու են պարբերաբար, ինչպես, օրինակ, գազը կարող են անջատել եւ միացնել, կարող են նաեւ անջատել էլեկտրաէներգիան։ Այսինքն` սրանք զուտ ճնշման միջոցներ են՝ նպատակին հասնելու համար: Ադրբեջանն ուզում է խաղաղության համաձայնագրի տեսքով հասնել իր նպատակներին: Կարող է մի քանի ժամից ճանապարհը բացվի, բայց դա խնդրի լուծում չէ: Այս խնդիրը պետք է արմատապես լուծվի, կլինի դա խաղաղության պայմանագրի տեսքով, թե ռազմական գործողությունների շարունակման տեսքով: Պատերազմը կիսատ է մնացել, Ադրբեջանը փորձում է այն ավարտին հասցնել:

- Ադրբեջանի հիմնական նպատակը ո՞րն է:

- Ադրբեջանն իր հստակ նախապայմանն ասել է, ուզում է վերահսկել Լաչինի միջանցքը՝ այնտեղ տեղադրելով մաքսակետեր, ռուսներն էլ կարծես դրան առանձնապես դեմ չեն: Ռուսաստանը հույս ունի, որ ճնշումներով Հայաստանն ի վերջո տեղի կտա, եւ Զանգեզուրի միջանցքը կանցնի ռուսների վերահսկողությանը: