Այ քեզ էկզոտիկա…

Այ քեզ էկզոտիկա…

Հավանաբար հայրենիք-սփյուռք կապերի հետագա ամրապնդման նպատակով է արգելովում սփյուռքահայերի մուտքը Հայաստան: Իրավիճակն այս ճակատում բավականին էկզոտիկ է, ինչպես ՀՀ ներկա իշխանությունների հետ կապված բոլոր իրավիճակները: Էկզոտիկ իրավիճակներ ունենք ԱԺ-ում, կառավարությունում, ՀՀ նախագահի շուրջ, ՀՀ ոստիկանությունում, ԱԱԾ-ում, դատարաններում՝ ամեն տեղ, որտեղ հասել է այս իշխանության ձեռքը: 21-րդ դարում ողջ աշխարհում երևի չկա մի պետություն, որտեղ օրենսդիր իշխանություն գոյություն չունենա, որտեղ բոլոր ուժային կառույցները լծված լինեն մի կիսագրագետ անձնավորության պաշտպանությանը, որտեղ դատարանները վճիռ կայացնեն այդ նույն անձնավորության քմահաճույքներով, որտեղ նախագահը լինի մեխի գլուխ, որտեղ անգործության մատնված լինեն ժողովրդավարության բոլոր ինստիտուտները, որտեղ այնքան արհամարհված լինեն ազգային արժեքները, ինչպես Հայաստանում: Կարելի է ասել՝ ՀՀ իշխանությունը էկզոտիկ երևույթ է ողջ մարդկության համար: Միայն Հայաստանում է հնարավոր մուտքի արտոնագիր չտալ ազգությամբ հայ մարդուն: Սա նույնն է, թե թուրքին չթողնեն Թուրքիա, ամերիկացուն՝ Ամերիկա, վրացուն՝ Վրաստան: Խոսքն, իհարկե հանցագործ տարրերի մասին չէ, այլ միանգամայն նորմալ մարդկանց, որոնք ժամանում են, օրինակ, Գերմանիա, որովհետև գերմանացի են և այդ երկիրն իրենց հայրենիքն են համարում: Ճիշտ այսպես անգլիացին Անգլիա է գնում, ֆրանսիացին՝ Ֆրանսիա, և դա նորմալ է: Ինչո՞ւ հայը չի կարող գալ Հայաստան ինչ-որ մի կիսագրագետ անձնավորության կամ նրա անճաշակ կնգա պատճառով: Բա էկզոտիկա չի՞ սա, բա էս դուրսպրծուկները, որ իշխանություն ունեն Հայաստանում, այլմոլորակայիններ չե՞ն:

Հայը հային պերսոնա նոն գրատա է հայտարարում Հայաստանում: Սա էլ մի ուրիշ ներազգային հաջողություն է, որին հասել ենք օրվա էկզոտիկ իշխանության շնորհիվ: Հիմա պատկերացրեք մի ուրիշ հայ վաղը դառնում է Հայաստանի ղեկավար և պերսոնա նոն գրատա է հայտարարում այսօրվա խելապակասներին: Անուններով կարող եմ թվել: Ու ի՞նչ պետք է անի Նիկոլի էկզոտիկ խունտան, երբ կան աղաղակող նախադեպերը: Նիկոլն իր խունտայով, ինչ է, երբեք չի՞ անարգել Հայաստանի պետական խորհրդանիշերը, ժողովրդի վրա չի՞ կրակել, կոռումպացված չէ՞, թե այնքան սուրբ է, որ նրա վրա կեղտ գտնել հնարավոր չէ: 24 ժամ ժամանակ ես տալիս երկիրը լքելու համար և քաշվում մի կողմ: Բա հետո՞…

Իսկ ո՞վ արգելեց Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետություն: Միայն չասեք՝ ռուսները կամ ադրբեջանցիները: Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ ռուսներին ոչ էլ մանավանդ պաշտոնական Բաքվին նախապես չէր տեղեկացրել Արցախ կատարելիք իր այցի մասին: Կարելի է ասել ՀՀ ԱԱԾ-ի շնորհիվ այդ մասին գիտեր մեկ մարդ և այդ մեկ մարդը Նիկոլն էր: Եվ հիմա Փաշինյանը չզարմանա, թե ինչու են բոլորն իրեն նայում՝ էս ի՞նչ ես անում, այ տղա, դու թո՞ւրք ես, թե՞ թուրքի շպիոն: Ուշադրություն դարձրեք նաև Նիկոլի ձեռագրին: Նախապես չի հայտարարում թե այս, այս, այս հայերը Հայաստան կամ Արցախ չեն կարող այցելել: Գաղտագողի, հանցավոր տարրի պես սպասում է, ու հենց ԱԱԾ-ից տեղեկանում է, թե որ «տհաճ» հայն է պատրաստվում հատել Հայաստանի սահմանը՝ կարգադրում է կասեցնել նրա մուտքը Հայաստան կամ Արցախ: Վաղը Փաշինյանը կարող է նույնն անել նաև Հայաստանից մեկնող անցանկալի հայերի հանդեպ: Դու իջնում ես, օրինակ, Փարիզի օդանավակայանում, իսկ Նիկոլի «քսիվն» արդեն այնտեղ է, ու քեզ ուղեկցում են «կապիկի վանդակ»՝ որպես ՀՀ իշխանությունների կողմի որոնվող անձ:

Ինչի՞ է ձգտում Փաշինյանը սրանով: Ըստ երևույթին նա ցանկանում է Հայաստանում թողնել 600 հազար՝ պլյուս մինուս 80 հազար մարդ, որոնք երբեք չեն պայքարի իր դեմ, և ինքը կկարողանա անպատիժ լափել ամեն ինչ: Սա հայտնի տեսություն է՝ որքան քիչ մարդ, այնքան քիչ խնդիր: Կհաջողվի՞ դիվահար Փաշինյանին կյանքի կոչել իր այս ցնորամիտ գաղափարը: Իսկ ինչո՞ւ չպետք է հաջողվի, նախ՝ այս հարցին պատասխանենք, ո՞վ է նրա առաջը կտրելու և մի այնպիսի շառաչուն ապտակ հասցնելու, որ պապի հարսանիքը միտը գա: Այլապես այս ի՞նչ է կատարվում: Հային արգելում են Հայաստան մտնել, իսկ հայը սկսում է խեղճ-խեղճ ապացուցել, որ ինքը ուղտ չէ… Կա՞ ավելի էկզոտիկ իրավիճակ: