Հայկ Սարգսյանի համար ոչ թե հեղափոխություն է եղել, այլ՝ իշխանափոխություն

Հայկ Սարգսյանի համար ոչ թե հեղափոխություն է եղել, այլ՝ իշխանափոխություն

«Հայաստանի Հանրապետությունում մինչև իշխանափոխությունը, նախկին իշխանության օրոք, տարբեր տարիներին եղել է գումարի դիմաց բանակից խուսափելու հնարավորություն։ Բայց, ինչպես տեսնում եք, բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ նաև ես, չեմ օգտվել այդ հնարավորությունից»։

Սա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ երեկ տված ճեպազրույցից մի հատված է՝ կապված իր օրենսդրական նախաձեռնության հետ 10 միլիոնի դիմաց մեկ ամիս բանակում ծառայելու մասով։

Արտաքուստ պարզ ու «անշառ» այս հայտարարությունն իրականում իր մեջ լուրջ ենթատեքստ է պարունակում։ Փաստորեն, հեղափոխական թիմի ներկայացուցիչները, որոնք իրենց ամեն երկրորդ միտքը սկսում են հեղափոխություն բառով, կամաց-կամաց հետ են կանգնում այդ մտքից՝ հեղափոխությունը համարելով սոսկ իշխանափոխություն։

Իրականում, գուցե սարսափելի բան չկա իշխանափոխություն բառի մեջ, ի վերջո հեղափոխության արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխությունը, և հնարավոր է՝ Հայկ Սարգսյանը, որ հեղափոխության ամենաակտիւվ քայլողներից էր՝ այդ ողջ ընթացքում թիկնապահություն անելով Նիկոլ Փաշինյանի համար, զուտ լեզվի սայթաքում է թույլ տվել։ Բայց նման սայթաքումները հենց այնպես չեն լինում, նշանակում է՝ հեղափոխության փոխարեն իշխանափոխության փաստը մտել է Սարգսյանի ենթագիտակցության մեջ, որ նրա լեզվին արդեն առաջինը այդ բառն է գալիս, ոչ թե հեղափոխությունը։ Հատկապես, որ իր թիմակիցները հատուկ են շեշտադրում հեղափոխությւոն բառը, անգամ պաշտոնական փաստաթղթերում են դա ամրագրում՝ որպես ժամանակագրություն շեշտելով «ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից» հետո կամ առաջ եղած ժամանակահատվածը, այնպես, ինչպես կխոսեին Քրիստոսի ծնունդից առաջ կամ հետո եղած իրադարձությւոնների մասին։

Եվ հիմա հեղափոխական թիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը մեկ բառով ընդամենը ջրում է հեղափոխության ողջ գաղափարը։ Կարճ ասած՝ ջուր է լցնում «սևերի» կամ, այսպես ասած, «հակահեղափոխականների» ջրաղացին, քանզի հենց նրանք են իրենց ելույթներում պարբերաբար շեշտում, որ Հայաստանում եղել է ոչ թե ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, այլ շարքային իշխանափոխություն, ընդ որում՝ իշխանության բռնի զավթմամբ։