Սարուխանյա՞նն է, թե՞ Մուրադյանը՝ երկուսը մեկում․ մարզում օպտիմալացման ալիք է սպասվում

Սարուխանյա՞նն է, թե՞ Մուրադյանը՝ երկուսը մեկում․ մարզում օպտիմալացման ալիք է սպասվում

Գաղտնիք չէ, որ Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանը նախկին մարզպետ , ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մտերիմն ու նրա կադրն է։ Եւ ըստ շրջանառվող լուրերի՝  Սարուխանյանի դերը չափազանց մեծ է եղել,  որ  «Արփի լիճ ազգային պարկ»-ի տնօրենը դառնա մարզպետ։ Գյումրիում վստահ են՝ մարզը կրկին Սարուխանյանի իշխանության տակ է, անգամ կատակում են՝ մարզում ասող է Սարուխանյանը՝ Մուրադյանի բերնով։ Նոր մարզպետն էլ ետ չի մնում, անցել է սեփական կադրային փոփոխություններին։ Ասում են՝ նրա անմիջական միջնորդությամբ օրեր առաջ Շիրակի փոխմարզպետ նշանակվեց լրագրող Աննա Մարտիկյանը։

Մարզպետարանի մեր աղբյուրի խոսքով՝ այս օրերին բոլորն են լարված, հնարավոր է՝ աշխատանքից դեռ շատերը կազատվեն՝ համարվելով Նազելի Բաղդասարյանի կադր․ «ՔՊ-ականները  ՔՊ ականների դեմ են պայքարում, արդեն զզվելի է»,-ասում է մեր զրուցակիցը։

Ինչևէ, խոսակցություններ են պտտվում, որ շուտով նորանշանակ մարզպետը մասշտաբային, այլ փոփոխությունների է անցնելու, օրինակ սպասվում է, որ հենց նրա օրոք վերջապես կմիավորվեն Գյումրի բժշկական կենտրոնն ու «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ը։Եւ կառավարությունն այս խոշորացված բուժկենտրոնի տնօրեն է նշանակելու մասնագիտությամբ բժիշկ, Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանին։

Նշենք, որ այս երկու հիվանդանոցների օպտիմալացման հարցը կառավարությունում մեկ անգամ արդեն իսկ քննարկվել է, որի  նպատակը մարզային առողջապահական հաստատությունների օպտիմալացումն է։

Հիշեցնենք, որ Գյումրիում  2020-2021թթ բուժհիմնարկների օպտիմալացում եղավ․ Գյումրի բժշկական կենտրոնին միացվեց Ինֆեկցիոն հիվանդանոցը, ախտաբանաանատոմիական լաբորատորիան, օնկոդիսպանսերը և Գյումրու ծննդատունը:

Հավելենք, որ այս օրերին հետաքրքրական  է նաև մարզում  մեկ այլ նշանակում․ օրեր առաջ   «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ախուրյանի ավագանու նախկին անդամ Գևորգ Բաբուջյանը, որը անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմն է։ Ուշագրավն այն է, որ Գևորգ Բաբուջյանը երբեք այս ոլորտում չի աշխատել։Իսկ Մուշեղ Մուրադյանի՝ մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո, տնօրենի պարտականությունները կատարում էր տնօրենի տեղակալ Արտակ Ֆարզադյանը , որը պարկի 8 տարվա աշխատակիցն էր: