ԱԳՆ-ն ու մեր դեսպաններն անգործության են մատնված

ԱԳՆ-ն ու մեր դեսպաններն անգործության են մատնված

Ադրբեջանը հետևողականորեն քայլ առ քայլ փորձում է իր առջև դրված նպատակներին հասնել: Նա ոչ միայն ռազմական ագրեսիայի տեսքով է գործողությունների դիմում, այլև համակարգված աշխատում է դիվանագիտական հարթակներում: Օրինակ` Ադրբեջանում տարբեր երկրների դեսպանների հետ են աշխատում: Օրինակ` Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին գրառում է արել, թե` Ադրբեջանը կյանք է վերադարձրել ազատագրված Ֆիզուլիին. «Այսօր Ֆիզուլի քաղաքի օրն է։ Ադրբեջանը կարճ ժամանակում կյանք վերադարձրեց օկուպացիայից ազատագրված քաղաքին։ Կառուցվում են ենթակառուցվածքներ և սոցիալական օբյեկտներ։ Սա տեղի բնակչությանը հնարավորություն է տալիս վերադառնալ։ Ես հավատում եմ, որ ուկրաինացի ժողովուրդը կկարողանա վերադառնալ օկուպացիայից ազատագրված տարածքներ»: Մենք եթե նորմալ պետություն լինեինք, Ուկրաինա ոչ թե հումանիտար աջակցություն կտանեինք` վարչապետի կնոջ ձեռքով, այլ նոտա կհղեինք նման գրառման առիթով:
Իսկ ինչո՞վ են զբաղված այս օրերին Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մնացյալ երկրների դեսպանները, ինչո՞ւ են լռում տարբեր պետություններում աշխատող ՀՀ դեսպանները, որոնք Հայաստանի իշխանության մաս են կազմում եւ ինչու ՀՀ ԱԳՆ-ն նման միջոցառումներ չի կազմակերպում` ինչպես Ադրբեջանի ԱԳՆ-ն եւ նախագահն են անում պարբերաբար:

Զրուցել ենք Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ:

- Եթե զուգահեռներ անցկացնենք` թշնամի պետությունում գործող դեսպանատները բավականին ակտիվ աշխատանք են տանում, մեզ մոտ լրիվ հակառակ պատկերն է: Լավագույն դեպքում որոշ դեսպաններ երբեմն այցելում են Պաշտպանության նախարարություն, կամ` ՄԻՊ-ին, լսում Սուրեն Պապիկյանի ու Անահիտ Մանասյանի ելույթները եւ վերջ: Ինչո՞ւ:

- Ձեր դիտարկումները խիստ օբյեկտիվ են և կրում են ոչ թե մասնավոր բնույթ, այսինքն` ոչ թե մեկ դեսպանի մասին է խոսքը, այլ բոլորի: Այս խնդիրն ունի համընդհանուր բնույթ: Վերջին շրջանում մեր տարածաշրջանում առկա իրադարձությունների մասին, արցախահայերին վերաբերող խնդիրների, Արցախի հայաթափման մասին, Հայաստանի որևէ դեսպան չի ցուցաբերել գեթ մեկ արձագանք: Դա համընդհանուր բնույթ է կրում, կարծում եմ` այն չպետք է առանձին դեսպանների վարքագծով բացատրել: Դա պետք է դիտարկել որպես ԱԳՆ-ի կողմից կոնկրետ ցուցում, հանձնարարություն: Այս պասիվության հիմքում ԱԳՆ-ն է, նրա ընդհանուր մոտեցումները: Հատկապես եվրոպական երկրներում ապրող մեր հայրենակիցները կարող են փաստել, որ եվրոպական երկրների մամուլը` թերթեր, կայքեր, թիվիներ, որևէ անդրադարձ չեն կատարել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, կորսված Արցախի մասին: Սա ևս դեսպանների և դեսպանությունների պասիվության արդյունքն է: Նրանք անգործության են մատնված: Հակառակ դեպքում դրանք ոչ միայն տվյալ երկրների մամուլում կքննարկվեին, այլև` այն կքննարկվեր քաղաքական ասպարեզում` խորհրդարաններում, և այլն: Ես որպես Լեհաստանում նախկին դեսպան հետևում եմ, թե ինչ է կատարվում լեհական մամուլում: Իրավիճակը մտահոգիչ է: Ոչ մի անդրադարձ չկա: 

- Իսկ Հայաստանում, օրինակ, ԱՄՆ-ի Ֆրանսիայի դեսպաններն ինչո՞ւ օրինակ տեղահանված արցախահայերին չեն այցելում, ոչինչ չեն անում:

- Հայաստանում հավատարմագրված դեսպանություններից մենք առանձնապես չենք կարող սպասելիքներ ունենալ, որովհետև իրենք առաջին հերթին իրենց պետությունների ներկայացուցիչներն են: Անում են այն, ինչ իրենց իշխանություններն են նպատակահարմար գտնում: ԱԳՆ-ն պետք է առանձին միջոցառումներ և հանդիպումներ կազմակերպի և հրավիրի Հայաստանում հավատարմագրված դեսպաններին: Օրինակ` երբ Կոռնիձոր մարդասիրական բեռներ էին ուղարկում հրավիրվեցին Հայաստանում հավատարմագրված դեսպանները: Այսինքն` չկա սեփական նախաձեռնության հարց` դեսպանների կողմից, այդ տեսակ հարցերով զբաղվում է ԱԳՆ-ն: Նույն բանն արվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից: Քանի որ Հայաստանում ոչինչ չի արվում այդ առումով, պետք է ևս մեկ անգամ ֆիքսենք, որ ԱԳՆ-ն անգործության է մատնված: Սա ոչ թե թերացում է, այլ նպատակային քաղաքականություն է: Սա լռություն է, միջազգային հանրությունից ուշադրությունը շեղելու համար:

- Ինչո՞ւ:

- Որովհետև այդ ամենն իրենց մեղքով է, իրենց մասնակցությամբ: Իրենք իրենց արածների ուղղությամբ հո՞ չեն կարող սևեռել այլոց ուշադրությունը: Ի վերջո` այս բոլոր պրոբլեմներն ո՞ւմ մեղքով են առաջացել: Իհարկե` Նիկոլ Փաշինյանի: Հիմա եթե նա խոսի Հայաստանում առաջացած խնդիրների մասին, արձագանքը կարող է Պուտինի արձագանքին նման լինել: Պուտինն ասում է` քո խնդիրներն առաջացան այն ժամանակ, երբ Պրահայում փաստաթուղթ ստորագրվեց: Այսինքն` դու ստեղծում ես խնդիրներ և ցանկանում ես, որ քո խնդիրները լուծեն քո փոխարեն….

- Երեկ Նիկոլ Փաշինյանին Ստրասբուրգում հոտնկայս ծափահարեցին: Սա ՔՊ-ականները հաղթանակ են համարում:

- Սովորաբար հոտնկայս դիմավորում են են երկու դեպքում. Հիացմունք հայտնելիս և հիշատակը հարգելիս: Հաճախ դա լինում է մեկը մյուսից հետո: Օրինակ` Զելենսկուն էլ ժամանակին ծափահարեցին այսպես ու հետո Ուկրաինայում հարյուր հազարից ավելի զինվորական զոհվեց: