Բոլորը՝ փաթեթով

Բոլորը՝ փաթեթով

Այս խոր եւ համապարփակ դեպրեսիան, անհուսության զգացումը, որը պատել է մեր հասարակությանը, վտանգավոր հետեւանքներ է ունենալու։ Իրենց հողուջրին առավել մակերեսորեն կպած մարդիկ հեռանալու են՝ բռնելով գաղթի ճամփան։ Թույլ առողջության տեր մարդիկ հիվանդանալու են, աճելու են հոգեկան խանգարումները, ավելանալու են մահերը, կյանքի տեւողությունն է կրճատվելու։ Իսկ հուսահատ, թեւաթափ հասարակությունն անզոր է լինելու լուծել իր խնդիրները եւ ճեղքում կատարել։ Անկման վիճակից վերելք ապահովելու, կոտրված մեջքն ուղղելու, կորցրածը ետ բերելու համար մեծ ուժ, վճռականություն, կամք եւ հավատ են հարկավոր։ Նաեւ հարկավոր է հասկանալ այս իրավիճակի պատճառները։ Իհարկե, 18-ի հեղափոխության դեգրադացիան մեզ բոլորիս շատ թեւաթափ արեց՝ երբ մարդիկ տեսան, որ իրենց ոգեւորությամբ ու մանկական հավատով իշխանության եկած անձինք չեն արդարացնում իրենց հույսերը։

Իհարկե, կենցաղային դժվարությունները, նոր աշխատատեղերի բացակայությունը, կրճատումները, թանկացումներն էլ դեր խաղացին։ Մի կերպ յոլա գնացող մարդը չի մտածում վերելքի ու թռիչքների մասին, այլ միայն օրվա հացի խնդիր է լուծում։ Պարզ է, որ կործանարար պատերազմն էլ մեզ ազգովի կոտրեց եւ հատկապես՝ հազարավոր լույս երիտասարդների մահը, որը ոչնչով չես լրացնի եւ ոչնչով չես արդարացնի։ Իհարկե, օրեցօր լկտիացող եւ մեր նկատմամբ սադրանքների գնացող թշնամու պահվածքն էլ մեծ դեր խաղաց։ Եվ հատկապես մեր ազգային արժանապատվության, մեր պատմության ու մշակույթի նկատմամբ օրեցօր ձեռնարկվող ոտնձգությունները, որոնք իշխանությունները շարունակաբար կուլ էին տալիս եւ հանդուրժում՝ հակառակորդից խաղաղություն մուրալով։ Այս բոլոր գործոններն առանձին-առանձին գուցե հաղթահարելի էին, բայց փաթեթով՝ կործանարար։