Տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերադառնալու միակ շանսը կարող է գալ Պուտինից

Տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերադառնալու միակ շանսը կարող է գալ Պուտինից


Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ

- Պարոն Կիրակոսյան, Զոհրաբ Մնացականյանի՝ ադրբեջանցի գործընկերոջ եւ Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից մեծ սպասելիքներ կան Հայաստանում, նաեւ՝ գնահատականներ, որ միակ պետությունը, որն այսօր ի զորու է ազդելով Թուրքիայի վրա՝ կանգնեցնել պատերազմը, ԱՄՆ-ն է։ Համամի՞տ եք։

- Ոչ, ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ամենաքիչ ազդեցության լծակներն ունի եւ անգամ՝ առավել քիչ ուժ եւ շահագրգռություն՝ խանգարելու, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը շարունակեն Արցախի դեմ սանձազերծված պատերազմը։ Բանակցություններին վերադառնալու առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի ու Թուրքիայի՝ հրադադարի գնալու մերժումները հաղթահարելը։ Եվ չնայած տարիներ տեւած բանակցություններին եւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու շուրջ հայտարարություններին, Հայաստանն ու Արցախն այսօր մեն-մենակ են՝ առանց որեւէ խաղաղարար գործընկերոջ ու Ադրբեջանի հետ լուրջ եւ անկեղծ բանակցություններ ունենալու հատուկ հույսերի։

- Կարծում եք՝ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կարո՞ղ են ունենալ կամ ունե՞ն պատերազմը դադարեցնելու ու կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու կոնսենսուս։

- Այս հարցում իմ պատասխանն է՝ այո։ Ղարաբաղն աշխարհի միակ հակամարտությունն է, որի հարցում ՌԴ-ն շարունակում է աշխատել ոչ ընդդեմ Արեւմուտքի, այլ՝ Արեւմուտքի հետ։ Եվ չնայած բարեկամներ կորցնելու ու թշնամիներ վաստակելու Ռուսաստանի սահմանած ռեկորդին, ինչի ակնհայտ օրինակը Վրաստանը, Ուկրաինան ու այլ երկրներն են, տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերադառնալու միակ շանսը կարող է գալ Պուտինից։ Այսպիսով, անկախ նրանից, թե որքան բարդ ու տհաճ է պուտինյան Ռուսաստանին պաշտպանելը, Էրդողանի Թուրքիայից սպառնալիքն այս պատերազմում էլ ավելի մեծ վտանգ է։ Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանինն է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա իր ազդեցությունը պահպանելու առավել արդյունավետ լծակների հնարավորություններ է ընձեռում։ Հատկապես, եթե նկատի ունենանք, որ նա է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը։ Եվ որպես արտաքին քաղաքական առանցքային դերակատար՝ Ռուսաստանը հիմա դիտարկվում է ու բոլորի կողմից ընդունվում է որպես հակամարտության նկատմամբ լեգիտիմ իրավունք ունեցող, հիմնականում՝ միջնորդական լիազորություններ ունեցող միակ կառույցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համանախագահություն ունեցող երկրի իր դիվանագիտական ջանքերի ու նախաձեռնությունների շնորհիվ։ Միեւնույն ժամանակ, հակամարտությունը մարտահրավեր է նաեւ Ռուսաստանի համար, քանի որ ի ցույց դրեց եւ առավել խորացրեց Հայաստանի հետ Ռուսաստանի «ռազմավարական գործընկերության» թուլությունն ու ներքին սահմանափակումները։ Մասնավորապես, անգամ արցախյան հակամարտության շրջանակներից դուրս, հայկական կողմի տեսանկյունից հայ-ռուսական փոխհարաբերություններում տարիներ շարունակ նկատվում է խորը ճգնաժամ, որում դժգոհությունն առաջացել է ոչ թե ինքնին այս հարաբերություններից, այլ դրանց համար սահմանված ոչ իրավահավասար պայմաններից։ Եվ սա ուղեկցվում է հիասթափությամբ, ասիմետրիայով, Դաշնակցությանն անհարգալից վերաբերմունքով եւ Ռուսաստանի կողմից դավաճանության օրըստօրե խորացող զգացողությամբ։ Բայց Թուրքիան եւ ո՛չ Ռուսաստանն է, որ ղարաբաղյան հակամարտությանը տվեց առավել ակտիվ եւ վճռական քաղաքական պատասխան։ Ընդհանուր առմամբ, Թուրքիան առավել մեծ գործոն է սպառնալիքի տեսանկյունից, քանի որ շատ ավելի վճռականորեն է պաշտպանում Ադրբեջանին։ Այս համատեքստում Թուրքիայի ակտիվ աջակցությունն Ադրբեջանին թելադրված է Ադրբեջանի գլխավոր հովանավորի իր՝ Ռուսաստանին ու Իսրայելին զիջած երբեմնի դերակատարումը վերականգնելու ցանկությամբ, որը Հայաստանում գնահատվում է որպես «ապակայունացնող եւ դեստրուկտիվ» դիրքորոշում։

- Զոհրաբ Մնացականյանի՝ ԱՄՆ այցելության պատճառն ակնհայտ է, բայց կոնկրետ ի՞նչ նպատակ այն կարող է ունենալ։

- Հայկական շահերի տեսանկյունից շատ կարեւոր է միջազգային հանրության վրա՝ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ դիրքորոշումներ որդեգրելու եւ ամենակարեւորը՝ հրադադարի հասնելու, պատերազմը կանգնեցնելու նպատակով ազդեցության գործադրումը։ Ակնհայտ է, որ Թուրքիայի կողմից պլանավորված ու կոորդինացվող ադրբեջանական հարձակվողական գործողությունների հաշվարկի հիմքում ժամկետներն էին, քանի որ Ռուսաստանը զբաղված էր ռուսաստանյան ընդդիմադիրի թունավորման պատասխանով՝ եվրոպական պատժամիջոցներով, ամերիկացիները՝ իրենց նախագահական ընտրություններով, իսկ Եվրոպան՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարով։ Եվ նրանում, որ միջազգային հանրության «արձագանքը» դանդաղկոտ էր ու թույլ, նույնպես տարօրինակ բան չկա։ Հակամարտության մեջ չափազանց քիչ ռազմավարական հետաքրքրությունների ու տարածաշրջանում ազդեցության թույլ լծակների պարագայում, Արեւմուտքի թույլ արձագանքը սպասելի էր։ Բայց սա արդարացում չէ եւ չի կարող արդարացնել այդ «դղրդացող» լռությունը, որը հետեւեց Ադրբեջանի մահաբեր հարձակումներին։