Մնացինք մենակ

Մնացինք մենակ

Ինչպե՞ս պատահեց, որ մենք՝ համաշխարհային մշակույթ ունեցող մեր ազգը, մեն-մենակ մնացինք այս երկրագնդի վրա՝ առանց դաշնակիցների, առանց աջակիցների, առանց կարեկիցների։ Այն դեպքում, որ երկրագնդի վրա մենք այն քիչ ազգերից ենք, որը նման հզոր սփյուռք ունի եւ հայտնի է իր հավաքական իմաստնությամբ։ Դրան գումարած՝ նաեւ կարեւոր աշխարհաքաղաքական խաչմերուկում ենք ապրում եւ հայտնի ենք մեր դիվանագիտական հմտություններով։ Ինչպե՞ս եղավ, որ այսօր, մեծ հաշվով, մեր կողքին չեն ո՛չ մեր վաղեմի ռազմավարական գործընկերը, ո՛չ արեւմտյան արժեքների ու մարդու իրավունքների ջատագով Արեւմուտքը, ո՛չ հարեւան Վրաստանը, ո՛չ մյուս հարեւան Իրանը։

Եթե անգամ մեր կողքին կան անհատներ ու կարեկցանք, ապա դա կոչերից ու բարի կամքի դրսեւորում-հայտարարություններից այն կողմ չի անցնում։ Մեր ոչ մի հարեւան ու դաշնակից չի ուզում միջամտել, գործուն աջակցություն ցուցաբերել մեզ՝ այս դժվարին պահին։ Իհարկե, ոմանք ինձ կառարկեն, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, աջակցում է մեզ՝ զենք-զինամթերքով, բանակցություններում միջնորդական առաքելությամբ, հայտարարություններով։ Բայց այնպիսի տպավորություն է, որ այդ աջակցությունը դեղի նման գրամ-գրամ է տրվում եւ արվում է մի նպատակով, որ մենք ազգովի չկոտորվենք ու հասցնենք ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթը։ Թե ինչու է աշխարհը եւ հատկապես՝ մեր դարավոր զինակիցը նման քաղաքականություն վարում, դա այլ հարց է եւ հետագայի վերլուծության նյութ, ինչպես ասում են՝ «հիմա դրա ժամանակը չէ»։ Բայց այսօր արդեն անհրաժեշտ է հասկանալ մեր երկրի մեկուսացման, այս դաժան իրավիճակում մեր խնդիրների հետ մեն-մենակ մնալու պատճառները, որ կարողանանք ճեղքել այս վիճակն ու մեզ համար քիչ թե շատ ընդունելի լուծում պարտադրենք հակառակորդին։