Ինչպե՞ս են Հայաստանում պետական հիմնարկները գնումներ կատարում

Ինչպե՞ս են Հայաստանում պետական հիմնարկները գնումներ կատարում

Ինչպե՞ս են Հայաստանում պետական հիմնարկները գնումներ կատարում: Օրինակ` ԵՊՀ-ն:
Վերջինիս կայքից տեղեկանում ենք, որ ԵՊՀ-ն ցանկանում է Ռաման կոնֆոկալ մանրադիտակ ունենալ և հայտարարել է դրա ձեռքբերման համար գնման ընթացակարգ:

Նախ` չգիտես ինչու, գնման ընթացակարգը ներկայացված է անգլերեն, այն դեպքում, երբ «Լեզվի մասին» ՀՀ օրենքով ՀՀ-ում պետական մարմինների գրագրությունը պետք է իրականացվի հայերեն (Լեզվի կոմիտե, ճիշտ չե՞մ):

Սակայն, խնդիրը միայն դա չէ: Պատկերացրեք, որ ձեզ անհրաժեշտ է ավտեմեքենա գնել և դուք, ենթադրենք` list.am կայքում, ավտոմեքենայի գնման վերաբերյալ հայտարարություն եք տեղադրում: Համոզված եմ, որ չի գտնվի մեկը, ով հայտարարության մեջ չնշի, թե ինչ մակնիշի ավտոմեքենա է ցանկանում գնել: Էլ չեմ խոսում ավտոմեքենայի տարեթվի, վիճակի, գնի մասին: 

Այնպես, ինչպես ավտոմեքենաները, Ռաման կոնֆոկալ մանրադիտակները տարբեր են լինում, մասնավորապես` inVia™, SENTERA, RamanScope, Confotec CARS, Centaur և այլն: Դրանք բոլորը կոչվում են Ռաման կոնֆոկալ մանրադիտակներ, սակայն տարբերվում են պարամետրերով, գնով, արտադրության տարեթվով և այլն: Հիմա, ԵՊՀ-ն ցանկանում է Ռաման կոնֆոկալ մանրադիտակ գնել և վերջ: Փաստորեն, մանրադիտակի պարամետրերը, արտադրության տարեթիվը, ծագման պետությունը, գինը և մնացածը ԵՊՀ-ի համար կարևոր չէ: Գիտե՞ք ինչու: Պատկերավոր բացատրեմ: 
Ուրեմն, կգա մեկը և ԵՊՀ-ին 2024թ Մերսեդեսի գնով 1971թ Ժիգուլի կառաջարկի: ԵՊՀ-ն կգնի այդ Մերսեդեսի գնով Ժիգուլին, սակայն Ժիգուլիի վաճառողը ԵՊՀ-ի հետ «կկիսվի» Մերսեդեսի և Ժիգուլիի իրական գնի տարբերությամբ: Նույնը` Ռաման կոնֆոկալ մանրադիտակների հետ կապված: Մոտավորապես այսպես:

Հետևեք իրադարձությունների զարգացմանը և իրազեկված եղեք:

Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից