Որքան գումար են վճարել քաղաքապետարանին գովազդային տոնածառների համար

Որքան գումար են վճարել քաղաքապետարանին գովազդային տոնածառների համար

Ամանորին Հյուսիսային պողոտայում գովազդային տոնածառներ էր տեղադրել 6 կազմակերպություն՝ «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ն, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՍՊԸ-ն, «Բրենդոն» ՍՊԸ-ն, «Արմենիա վայն գործարան» ՍՊԸ-ն, «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ն, «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» ՀԿ-ն: Քաղաքապետարանից մեր հարցմանը, թե որքան գումար են ընկերությունները վճարել գովազդային տոնածառները տեղադրելու համար, պատասխանեցին, որ ընկերություններն առաջարկել են 1 մլն դրամ, քաղաքապետարանն էլ համաձայնել է այդ գումարին։ Մինչդեռ մենք տեղեկություն ունենք, որ անցած տարի նմանատիպ տոնածառների տեղադրման համար նշված ընկերություններն առաջարկելիս են եղել մոտ 3 անգամ ավելի գումար։ 

«Ապրանքային նշաններով այլընտրանքային տոնածառները տեղադրվել են՝ սկսած 2019 թ. դեկտեմբերի 20-ից, այս պահին մնացել են միայն երկուսը, որոնք առաջիկա 1-2 օրում կապամոնտաժվեն: Ինչ վերաբերում է 2018-19 թթ. Ամանորին նույն վայրում տոնածառների տեղադրման արգելքին, ապա սուրբծննդյան տոնավաճառն այդ տարի գործում էր հենց Հյուսիսային պողոտայի տարածքում, ինչից ելնելով էլ՝ այլընտրանքային տոնածառները չէին կարող տեղադրվել նույն վայրում՝ հաշվի առնելով քաղաքի այդ հատվածի հետիոտնային ակտիվ անցուդարձը»,- ասված է քաղաքապետարանի գրավոր պատասխանում։

Հարցին, թե արդյոք վճարված գումարներն ուղղվե՞լ են համայնքային բյուջե, քաղաքապետարանը պատասխանել է․ «Երեւանի քաղաքապետարանի կողմից նշված առաջարկություններն ընդունվեցին ի գիտություն, եւ ըստ նախնական բաշխման՝ կազմակերպվեց տոնածառների տեղադրման գործընթացը՝ սահմանված ժամանակացույցի համաձայն: Արտաքին գովազդի համար վճարված տեղական տուրքի գումարները, սահմանված կարգի համաձայն, փոխանցվել են Կենտրոն վարչական շրջանի համապատասխան հաշվեհամարին»: 

Ի դեպ, մենք հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչպես են ընտրվել այս կազմակերպությունները, եւ ինչու մրցույթ չի անցկացվել, ինչին տարօրինակ պատասխան ենք ստացել, որ ովքեր դիմել են, ստացել են թույլտվություն։ Իսկ գուցե ավելի շա՞տ դիմողներ լինեին, եւ գումարի չափն էլ մեծանա՞ր, եթե մրցույթ հայտարարվեր, եւ ընտրվեին ամենաձեռնտու առաջարկ անողները։