Օսմանյան կայսրությունում սպանված հայերի փոխհատուցումները արտերկրում կարող են իրավական ռելսերի վրա գցվել, ՀՀ-ում՝ հազիվ թե

Օսմանյան կայսրությունում սպանված հայերի փոխհատուցումները արտերկրում կարող են իրավական ռելսերի վրա գցվել, ՀՀ-ում՝ հազիվ թե

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ճանաչումից հետո իշխանությանը մերձակա քարոզչական շրջանակներից արդեն ակտիվ սկսել են լավատեսական շեշտադրումներով մեկնաբանություններ շրջանառել։ Օրինակ, որ Հայաստանը` որպես պետություն, կարող է  կապիտալիզացնել ճանաչումից բխող մի շարք նյութական օգուտներ։

Մասնավորապես, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները հիմա հնարավորություն կունենան ստանալու Օսմանյան կայսրությունում գործող ամերիկյան ապահովագրական ընկերությունների գումարները, գործընթաց, որի շուրջ մոտ 10 տարի առաջ նույնպես լավատեսություն կար, որը, սակայն, կասեցվել էր այն պատճառով, որ ամերիկյան ընկերությունները  չէին վճարել Օսմանյան կայսրությունում սպանված հայերի կյանքերի ապահովագրությունները, քանի ԱՄՆ նախագահի մակարդակով նման քաղաքական գնահատական չէր տրվել։
Ինչպես ժամանակին տեղեկացել էր Հարութ Սասունյանը՝ ամերիկահայերի՝ Թուրքիայի Հանրապետության դեմ հայցը միլիարդավոր դոլարների էր, և որպես փոխհատուցում` պահանջվելու էր 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքով բռնագրավված սեփականության, գույքի և կրած վնասների դիմաց:

Հայցն ուղղված է նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի և Ziraat բանկի դեմ՝ որպես թուրքական կառավարության ֆինանսական լծակների: Իսկ ընտրված էին այս բանկերը, քանի որ դրանք,  նաև կառավարության սեփականություն հանդիսացող «Թուրքական ավիաուղիները» մասնաճյուղեր ունեն Միացյալ Նահանգներում։ Հայցով մեղադրանք էր ներկայացվում Թուրքիայի Հանրապետությանն ու նրա նախորդին` Ցեղասպանության ժամանակ արտաքսված ու բնաջնջված հարյուր հազարավոր հայերին պատկանող անշարժ և շարժական գույքը` ձեռնարկություններ, շենքեր, հողատարածքներ, բանկային ավանդներ և թուրքական թանգարաններում պահվող կրոնական թանկարժեք արվեստի գործեր բռնագրավելու, վաճառելու և դրանցից եկամուտ ստանալու համար: Մասնավորապես, այս հայցով պահանջվում է վերադարձնել այն գումարները, որոնք ապօրինի յուրացվել և ի պահ են տրվել թուրքական գանձարանին։
Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին հարցրինք՝ պատրաստվո՞ւմ է զբաղվել նման հայցերով ՀՀ-ի անունից և ի՞նչ իրավական հիմքեր ու հնարավորություններ է տեսնում։ «Դեռևս ինտենսիվ զբաղված ենք 44 -օրյա պատերազմի գործերով, ռեսուրսները չեն բավականացնում»,-ասաց Զեյնալյանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե իրավական հնարավորությունների դաշտ տեսնու՞մ է, ասաց․ «Չեմ կարող ասել, պետք է կոնկրետ այդ գործով մասնագետներն ասեն՝ հիմք տեսնու՞մ են, թե՞ ոչ»,-ասաց Զեյնալյանը։ 

Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը տարակուսած է և ասում է, որ  լրիվ արհեստական օրակարգով հարց է. «Ես էդ ոգևորությունը չեմ հասկանում։ Ո՞վ պետք է անի էս բաները։ Հայաստանի կառավարությո՞ւնը, էս սրա՞նք են աջակցելու, որ էդ պրոցեսն առաջ մղեն Հայաստանից ու խորհրդատվություն ապահովեն։  Էդ ոգևորությունը չեմ հասկանում, որ տիրում է»,-ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը, երբ հարցրինք, թե ՀՀ քաղաքացիներն ինչպե՞ս և ի՞նչ իրավական պրոցեսներ կարող են սկսել։

Նա ասաց, որ, ի տարբերություն Հայաստանի, այո, արտերկրում կարող են սկսվել իրավական նոր գործընթացներ։
 «Ինջերլիքում կարող են անել, Անկարայում՝ նախագահի կեցավայր եղած «Չանկայա» պալատ և այլն»,-ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։ 

Ինչպես տեղեկացանք, այնպես չէ, որ նախկինում այս գործընթացներն անհաջողությամբ են պսակվել։ ԱՄՆ-ում զբաղվում էին հայազգի փաստաբան Մարկ Կիրակոսը, Պերճ Բոյաջյանը, Արա Ջաբակչուրյանը և այլք, ովքեր տարիների առաջ դատի էին տվել այդ ընկերություններին և շահել դատը, ինչի արդյունքում տասնյակ սփյուռքահայերի մի քանի հազարական դոլարների ապահովագրություններ ստացան։

ՀՀ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասում է, որ փոխհատուցված գումարների մի մասն էլ, ժառանգներից բացի, գնացել է սփյուռքի հայկական կազմակերպություններին։

«Ուզում էին նաև Դոյչե բանկին դատի տալ, բայց հետո ինչ-ինչ պատճառներով հետ կանգնեցին»,-ասաց Սաֆրաստյանը։