Արիականության հայկական արմատները

Արիականության հայկական արմատները

Համացանցի հնարավորություններից օգտվելով` համագործակցում եմ ռուսալեզու միջազգային կայքերի հետ։ Դրանց թվում կան նաև իրանագիտությանը նվիրված կայքեր։ Թեև ազերի-թուրքական խաժամուժը այդտեղ ևս լիքն է եւ անընդհատ միտումնավոր աղավաղվում են Իրանի պատմությունն ու մշակույթը: Հաճախ նաև պարսիկ (իրանցի) լուրջ գիտնականներ են հոդվածներ հրապարակում։ Դրանցում, սակայն, արիականությանը, որը պարսիկներն իրենց են վերագրում, վերաբերող և ինձ բավարարող բացատրություններ չեմ գտնում։ Այդ թեմայով հաճախ եմ բանավիճել և մշտապես վերջակետը ես եմ դրել։

Արիականությանը վերաբերող կարևորագույն կռվանը մեր ոսկեղենիկ հայերենի լեզվաբանական բացատրություններն են։ Մեր հրաշք լեզուն, որը, թերևս, մեր ժողովրդի ամենամեծ հարստությունն է, իր մեջ ներառում է անհիշելի ժամանակների շերտերը, որոնց վերծանմամբ մենք վերականգնում ենք աղավաղված մեր հիշողությունը, իմանալով մեր փառավոր պատմությունը` վերագտնում ենք մեր արժանապատիվ «Ես»-ը։

Ի տարբերություն պարսիկների, որոնք պարսկերենով ոչ մի խելամիտ բացատրություն չունեն «ար», «արի», «արիական» իմաստներին և նրանց համար արիականությունն ընդամենը միֆական հասկացություն է, ինչպիսին մեզ համար եղան, օրինակ, քրիստոնեությունը կամ կոմունիզմը, մեր լեզուն, ի հեճուկս շատերի, պարզապես ցնծում է այդ մշակույթի իմաստային բացատրություններով։ «Ար» արմատով են հայերեն կարևորագույն բառերը` Արարիչ, արարել։
«Ար» արմատով են հայկական կարևորագույն տեղանունները` Արարատ լեռը և Արարատյան դաշտավայրը:
«Ար» արմատով են նաև հայկական արական բազմաթիվ անուններ` Արամ, Արա, Արամայիս, Արման, Արմեն, Արեն, Արծրուն, Արգամ, Արգիշտի և այլն:
«Արա»-ն, բացի հատուկ անուն լինելուց, նաև հայ տղամարդուն դիմելաձև է, «Արի»-ն քաջն է, «Արու»-ն որձն է։
Իմաստներն այնքան շատ են, որ ընթերցողն ինքը կարող է ցանկը լրացնել տասնյակ այլ օրինակներով։ Եվ երբ այս բոլոր իմաստները համակարգում ենք, ապա ստացվում է,  որ «արիական»-ը նշանակում է.                                 
ա) աստվածաշնորհ, բ) ստեղծող, արարող, գ) քաջ, անվեհեր...
Եվ այդ հատկանիշներով են օժտված եղել Արարատ լեռան շրջակայքի, Արարատյան դաշտավայրի ցեղերը, որոնց, ըստ իրենց բնակության վայրի, օտարները կոչել են Արարատյան (արիական` հետագայում սղված, բարեհնչուն տարբերակով) ժողովուրդ։

Արևորդիների գլխավոր խորհրդանիշը՝ արևը, հայերենում նույնպես «ար» արմատով է։ Այդպիսին են նաև արեգակ, արփի հոմանիշ բառերը։ Եվ եթե նույնիսկ նկատի ունենք, որ արիները համարվել են ոչ թե ըստ Արարատ լեռան, Արարատյան դաշտավայրի տեղանվան, այլ ըստ հավատքի՝ արևապաշտության, ապա աշխարհի բոլոր լեզուներում արիականության և արևապաշտության միակ կապը հայերենում է։

Եվ այս պարագայում առավել համոզիչ է հնչում շումերական «Գիլգամեշ» էպոսը, որտեղ Հայկական լեռնաշխարհը դիտարկվել է որպես Աստվածների և առաջնորդների երկիր։ Էպոսի գլխավոր հերոս Էնկին իրեն, իր «Ես»-ը ճանաչելու համար գնում է այնտեղ՝ նախահայրերի հայրենիք։ Հասկանու՞մ եք, թե սա ինչ է նշանակում։ Շումերները, որոնք կրկին ըստ լեզվաբանական նորագույն ուսումնասիրությունների, հայկական արմատներ են ունեցել, դեռևս մեզնից հինգ հազար տարի առաջ ինքնաճանաչման, ինքնավերագտնման խնդրի առջև են կանգնել։ Ուստի այսօր ամենևին արտառոց չէ, որ նման խնդիր մենք ունենանք։

Հիմա փորձեմ համակարգել ինձ հայտնի հնագիտական տեղեկությունները. Մեծամորում է հայտնաբերվել առաջին մետաղաձուլարանը: Պղնձից և նրա համաձուլվածքներից, բնականաբար, մարդիկ ստեղծել են տարբեր գործիքներ, կենցաղային իրեր, զենքեր։
Լճաշենում հայտնաբերված կառքը աշխարհում հնագույնն է։ Փաստորեն առաջին անիվն այստեղ է ստեղծվել։ Առաջին ձին այստեղ է վարժեցվել։ 
Արենիում են հայտնաբերվել հնագույն տրեխը, գինու հնագույն կարասները։
Աշխարհում առաջին ցորենը մշակվել է Արարատյան դաշտավայրում։ Երևանի մոտակայքում ժամանակին կային վայրի ցորենի արգելոցներ և այլն...
Ընթերցողը կրկին կարող է տասնյակ այլ օրինակներ բերել։
Հիմա քննարկենք հետևյալ թեզը. 

Հայկական լեռնաշխարհում հասարակությունը հասնում է զարգացման բարձր  մակարդակի։ Շտապ անհրաժեշտ է դառնում նորանոր ստրուկների /աշխատուժի/ ներգրավումը հողագործության և արտադրական բնագավառներում, ամրոցաշինության և հանքարդյունահանման բնագավառներում։ Բնականաբար, արարատցիները (արիները) պիտի արշավեին դեպի հարևան երկրներ։ Պղնձե, այնուհետև երկաթյա զենքերով զինված, հեծյալ բանակներով, կառքերով տեղափոխվող դիմացկուն սննդամթերքով` ապխտած մսով, պանրով, լավաշ հացով, որ կրկին հայկական ծագում ունեն, զորքերը կամ ցեղերը կարո՞ղ էին հաղթել Իրանական սարահարթի կամ Միջագետքի առավել թույլ զարգացած ցեղերին։ Կարո՞ղ էին տեղերում իրենց իշխանությունները հաստատել` ձևավորելով արքայական տոհմեր, առաջնորդների դասակարգ։ Այնուհետև տեղացիներին պարտադրել ճանաչել իրենց աստվածային ծագումը, որպեսզի անվերապահ նազանդվեն։ Մարդն, ըստ էության, նույն բնույթին է մնացել, որքան էլ գիտությունը զարգանա։ Մենք մեզ հայտնի պատմությունից արդեն գիտենք հռոմեական կայսրերի աստվածացման մասին, այսօր իրազեկված ենք ներկա ճապոնական կայսրերի աստվածացման մասին։

Պատմությունից մեզ հայտնի է հիքսոսների արշավանքը Եգիպտոս։ Մի քանի հարյուր տարի նրանց փարավոնության և քրմական երեցության հաստատումն անժխտելի փաստ է։
Լեզվաբանական և մարդաբանական ուսումնասիրությունները ապացուցում են, որ հիքսոսները հայերն են եղել։ Պարզապես «հիք»-ը հայք հոգնակի ձևի հունարենի արտասանություն է։ Իսկ «ոս» վերջավորությունը հույների կողմից հոգնակիակերտ ածանցի ավելացումն է։ Եվ, կարծեմ, նրանց` հիքսոսների, օրոք են ստեղծվել առաջին բուրգերը։

Հայոց նվաճողական արշավանքների մասին հիշատակում է նաև Մովսես Խորենացին Արամ առաջնորդի պատմությամբ։ Իսկ ավելի վաղ կատարվածի մասին ակնարկում է նրանով, որ Հայկը Բաբելոնից վերադարձավ Հայաստան։ Բնականաբար, հիքսոսները (հայքը) Եգիպտոսից  նահանջելուց հետո դեռ երկար  ամրացած են եղել Միջագետքում` Բաբելոնի տարածքում։ Եվ այս ամենը համադրելով, համակարգելով՝ մենք կարող ենք ասել, որ անհիշելի ժամանակներում` պղնձի և երկաթի դարաշրջանների խաչմերուկում եղել է Հայկազուն ցեղերի արշավանք դեպի Եգիպտոս և Հնդկաստան։ Չմոռանանք, որ սանսկրիտով «հայ» նշանակում է պղինձ։ Բնականաբար, մյուսների համեմատ խիստ զարգացած այդ արիական ցեղախմբերը, որոնք Արարատ լեռան մերձակայքից` Արարատյան դաշտավայրից, արշավել էին, իրենց հետ տարածել են նաև իրենց գիտելիքները մետաղագործության և հողագործության, ռազմական գործի և ամրոցաշինության, հարդարանքի և կենցաղի մշակույթը։ Նվաճված ժողովուրդների համար, բնականաբար, այդ արի-քաջերը նաև ամենակարողի` արարողի, ստեղծողի համբավ պիտի ունենային։

Եվ, ահա, ես վստահաբար կարող եմ հայտարարել, որ, ինչպես մեզ արդեն հայտնի, Մակեդոնացու արշավանքը հելլենիզմի տարածումով աշխարհի համար ունեցավ մշակութային հեղափոխության նշանակություն, այնպես էլ Հայկազուն ցեղերը պղնձի և երկաթի դարաշրջանների խաչմերուկում իրենց արշավանքներով տարածելով արիականությունը ` հնագույն աշխարհում կատարել են մշակութային աննախադեպ հեղափոխություն, որը, թերևս, աշխարհի զարգացման համար ամենակարևորն է եղել մինչև օրս։

Իսկ արիականության  բարոյական կողմի մասին անչափ գեղեցիկ պատումներ են պահպանվել Պատմահոր քերթվածքում։ Նույնիսկ կարելի է ասել, որ «Հայոց Պատմության» առաջին գիրքը` մեր նախահայրերին վերաբերող ամբողջ հատվածը, Արիականության մանիֆեստն է։ Մի՞թե ցայտուն արիականության օրինակ չէն ազատատենչ բռնակալ Բելին Հայկի չենթարկվելը և աշխարհի` մեզ հայտնի առաջին ազատագրական պայքարը։ Այո, արիները չեն ստրկանում։ Հավատարմության, հայրենասիրության իր անձի (մարմնի և հոգու) մաքրության բարձր գնահատման ցայտուն օրինակ է Արա Գեղեցիկի պատասխանը վավաշոտ Շամիրամին` «Չեմ դավաճանի իմ Նուարդին»:
Բարձրագույն անձնազոհության պատրաստակամության ցայտուն օրինակ է Տիգրան Երվանդունի արքայազնի պատասխանը իր կնոջը սպասուհի դարձնելու` մեդիացի աշխարհակալ, Նինվեն կործանող Կյուրոսի սպառնալիքին. «Ես պատրաստ եմ անձս զոհելու, որ իմ կինը սպասուհի չլինի»:

Գլոբալիզացիոն ամերիկյան և եվրոպական նորօրյա քարոզիչները, որոնք փորձում են դասեր տալ հայոց հինավուրց ազգին, երևի դեռ մեզնից սովորելու շատ բան ունեն։ Հիմա հաճախ ես մեր բարեկամ պարսիկներին հուշում եմ, որ իրենք ընդամենը արիական մշակույթի ֆանատներն են, բայց արիները իրենք չեն։ Թերևս, թեկուզ այնքանով, որ արդեն մեզ հայտնի պատմությունից աշխարհակալ Ասորեստանի դեմ քաջաբար մաքառող և շատ հաճախ հաղթող լեռնականների Արարատյան (Ուրարտուի) թագավորության բնակիչները հարևան Իրանի (Էլամի) ճնշված և ստրկացված բնակչության համար պիտի արիների (քաջերի) համբավն ունենային։ Այո, բոլոր բանավեճերում ընդդիմադիրներս լռում են։ Սակայն բարձրաձայն չեն համաձայնում, որովհետև... որովհետև մենք թույլ և փոքրիկ երկրի ժողովուրդ ենք դարձել։ Իսկ թույլերից միշտ իրենց պատմությունը և մշակույթը խլում են։ Վերջին հազարամյակում կրկին դրա ականատեսն ենք լինում` արդեն անապատներից հայտնված ազերի-թուրքերի կողմից։

Եվ հատկապես վերջին երեք տարին, երբ ՀՀ - ում գերիշխող դարձավ նիկոլիզմի պարտվողական քաղաքականությունը, աշխարհի ժողովուրդների աչքում լրիվ աղավաղվել է հայի կերպարը։ Իրենք էլ են տեսնում, որ մենք գերեվարվածներին  հերոսներ ենք հռչակում, «խրոխտ» հարցազրույցներ ենք վերցնում մարտադաշտը լքողներից, թշնամուց փախչողներից։ Համատարած տեղի է ունենում արժեքների գլխիվայր շրջում, իմաստների աղավաղում։ Եվ դեռևս մենք չենք կարողանում կասեցնել մեր բարոյական անկումը։ Ցավոք։

ՀԳ: Սույն հոդվածին հույս ունեմ կարձագանքեն մասնագետները՝ վերը հիշատակված բանավեճերի ընթացքում ձևավորված թեզիս վերաբերյալ: Ժամանակն է, որ մենք տեր կանգնենք մեր անցած ճանապարհին և վերակերտենք մեր «Ես»-ը:

Արիականության սիմվոլիկ խաչերն էլ, հավերժության խորհրդանիշ արևապտույտն էլ սունյաց ժայռապատկերներում չնշեցի...  Մեր ապացույցներն այնքան շատ են, որ որոշ բան շարադրանքի ընթացքում նույնիսկ մոռանում եմ։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ