Պաշտպանում ես քո երեխային, երբ լավ բան է անում և հրաժարվում, երբ՝ «ղալաթ» 

Պաշտպանում ես քո երեխային, երբ լավ բան է անում և հրաժարվում, երբ՝ «ղալաթ» 

Նիկոլ Փաշինյանի վերջին «լայվը» հունից հանեց անգամ ՀԱԿ համակիրներին ու ՀԱԿ-ականներին, որոնցից շատերը, արդեն ոչ միայն չեն շարունակում ձևացնել,թե հավատում են հեղափոխությանն ու իր առաջնորդին,այլև ոմանք արդեն նույն բառապաշարով, ինչ 17 քաղաքական ուժերը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր բան է անում պատերի տակ վնգստացողների հարցերը վերջնականապես լուծելու կոչով։

 «Հրապարակի» հարցազրույցը «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ

-Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ կլինի, եթե պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է անում, որի ժամանակ հնարավոր են քաղաքացիական բախումներ։

-Ասե՞լ է՝ հանրահավա՞ք եմ անելու։

-Չի ասել, բայց նման տեղեկություն ունենք։ Նոյեմբերի 10-ին էլ ասում էր։

-Ո՞նց կարելիէ պանդեմիայի պայմաններում հանրահավաք անել։

-Արդյոք նորմա՞լ է, որ պատերազմում պարտված երկրի ղեկավարը նույն այս համավարակի ու պանդեմիայի պայմաններում, այսքան կասկածներից ու մեղադրանքներից հետո հավաքի իր աջակիցներին ու հանրահավաք անի։

-Նորից եմ ասում՝ չգիտեմ, որ որևէ մեկը որևէ մեկին ուզում է հավաքի։ Գիտեմ, որ պանդեմիայի պայմաններում ցանկացած հավաք կբերի նրան, որ վարակի տոկոսը կբարձրանա, ավելի շատ մարդիկ կմահանան։ Ես չգիտեմ, որ որևէ մեկն ուզում է որևէ մեկին հավաքել;

-Բացի վարակվելը, չե՞ք կարծում, որ հանրահավաքի դեպքում հնարավոր են բախումներ։

-Ես ասում եմ՝ մարդկանց կյանքներն են կարևոր, մնացածի վրա թքած ունեմ։

-Բախումներն էլ կարող են կյանքեր խլել։ 

-Չեք լսում, ախր, ասում եմ՝ մարդիկ չպետք է գնան իրար կողք հավաքվեն։ Երեկ չէ առաջին օրը 41 մարդ է մահացել, երեկ՝ 27։ Նորից եմ ասում՝ ես չգիտեմ այն մասին, որ որևէ մեկը ուզում է որևէ հանրահավաք անի։ Ես տենց փաստ չունեմ, Դուք ունե՞ք, ինձ ասեք։ Եթե Ձեր տեղեկությունն է, ես տենց տեղեկություն չունեմ։Ենթադրաբար հարցե՞ր եք տալիս․ եթե սենց լինի, ապա սենց։ Եթե լինի անընդունելի է։ Լսում եմ՝ հաջորդ հարցը։

-Եթե լինի, բախումների հավանականություն տեսնո՞ւմ եք։

-Չպիտի լինի, որովհետև պանդեմիայի պայմաններում հավաքներն անթույլատրելի են։

-2․5 տարի Կոնգրեսը պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին ու թիմին․․․

-Երբ ասում եք՝ պաշտպանել, ապա պաշտպանելն ինչ-որ բանից է լինում, ձևակարպեք նորից, նոր միայն  հարցը կլինի կոռեկտ։

-Աջակցել։

-Պաշտպանե՞լ եմ վեթինգ անելուց։ Ասել, որ վեթինգն անհրաժեշտ է, վեթինգ անելու՞ց եմ պաշտպանել, թե վեթինգ անելը։ Որևէ բարեփոխում անելու՞ց եմ պաշտպանել, թե բարեփոխում անելը։                                                              

-Իսկ Հայ ազգային կոնգրեսը հնարավո՞ր է․․․

-Չեմ կարող պատասխանել Հայ ազգային կոնգրեսի մասին որևէ հարցի, որովհետև անգամ վարչության անդամ չեմ։ Ես շարքային կուսակցական եմ ու այլ տեղեկություններ չունեմ։ Հայացքների մասին, խնդրեմ, հարցրեք։

-Տրամաբանական կլինե՞ր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը «արհավիրք» կոչեց այս հայտարարությունն ու ստորագրությունը։

-Այսինքն՝ ի՞նչ, Դուք չեք կարծում, որ դա արհավիրք է։ Թե՞ որևէ մեկն իշխանության մեջ չի կարծում, որ դա արհավիրք է։ Ո՞վ չի կարծում Հայաստանում, որ դա արհավիրք է։

-Իշխանական թիմը։

-Այսինքն՝ իշխանական թիմը դա որպես հաղթանա՞կ է ընկալել։

-Հաղթանակ չի ընկալել, բայց իր սիրած բառախաղերով ասաց՝ պարտություն էլ չի, քանի ներսում մենք մեզ պարտված չենք զգացում։ Ես տենց չեմ կարծում։

-Ես կարծում եմ, որ սա մեզ համար լուրջ կորուստ է։ Ու ոչ միայն տարածքային, ավելի շատ՝ մարդկային, արժեքային։

-Ասում եք՝ բարեփոխումնե՞րն ենք պաշտպանել, թե բարեփխումներից։ Հիմա․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ձեր քաղաքական ուժի ղեկավարը չէ՞ր, որ երկար լռությունից հետո կոչ արեց գնալ ու կանգնել կորոնավիրուսի դեմ օր ու գիշեր պայքարող իշխանոթյունների թիկունքին։

-Եվ ի՞նչ է այդտեղ սխալ։

-Այսինքն՝ խոսքը քաղաքական աջակցության մասին է։  Համարում եք, որ այս 2․5 տարիներին քաղաքական աջակցություն չի՞ եղել։

-Նորից եմ ասում՝ աջակցությունը լինում է ինչ-որ քայլի նկատմամբ։ Բոլոր այն քայլերը, որոնք բխում են մեր արժեհամակարգից կամ կոնկրետ՝ իմ, ես ողջունում եմ և պաշտպանում եմ այդ քայլն անողին։ Ու այն բոլոր քայլերը, ուրիշների կողմից, որոնք վտանգում են դրանք՝ ոչ։ Ես փորձել եմ պաշտպանել փոփոխություն անելու մասին հայտարարածին՝ խանգարողներից։ Օրինակ՝ ես պաշտպանել եմ էս իշխանության վեթինգ անելու քայլերը, պաշտպանել բոլոր նրանցից, ովքեր եղել են վեթինգի դեմ։ Դրանք են՝ հները, ավելի հները, կոռումպացվածները և այլն։ Հիմա ինչ-որ մի պահից այս իշխանությունը գտավ, որ պետք չէ վեթինգ, ես վեթինգը սկսեցի իշխանությունից պաշտպանել։ Ու էսօր եկանք հասանք էն հանգրվանին, որ վեթինգն այն ժամանակ անհրաժեշտ է եղել։ Եվ Սահմանադրական դատարանի հետ կապված անհրաժեշտ փոփոխությունները պաշտպանել եմ բոլոր այն փոփոխություններից, որոնք դեմ են եղել։ Ու ճիշտ եմ արել, որ պաշտպանել եմ իշխանությանը, որ էդ փոփոխություններն անում էր։ Սահմանադրական փոփոխություններին եմ աջակել, որոնք չավարտվեցին։ Հիմա էն բոլոր բաներում, որոնց համար պաշտպանել եմ իշխանությանը, էսօր էլ  պատրաստ եմ պաշտպանել։ Անգամ քո երեխան երբ բան է գողանում, իրեն չես պաշտպանում գողության համար, բայց երբ իրեն նեղացնում են․․․ չգիտեմ՝ մի ուրիշ էրեխու պաշտպանելու համար, չթողնելու, որ ծեծեն, դու պաշտպանում ես քո երեխային։ Այսինքն՝ արժեքն ես պաշտպանում, ոչ մարդկանց, մարդիկ անողնե՛ր են։ Դու պաշտպանում ես այն,ինչ բխում է քո արժեհամակարգից և չես պաշտպանում, ինչը չի բխում։ Հիմա․ ես երբեք չեմ պաշտպանել պատերազմին պատրաստվելը․․․ կամ անպատրաստությունը։ Կամ պատերազմով հարցը լուծելը։ Դա իմ արժեհամակարգի մեջ է։

-Իսկ եթե Ձեր երեխան ահավոր վատ բան է անում․․․

-Եթե երեխան ահավոր վատ բան է անում, դու էդ երեխային պատժում ես կամ դաստիարակում։ Բայց դա քո երեխան ա։

-Բայց լինում է, որ երեխայից հրաժարվում ես,եթե ահավոր բան ես անում։

-Լինում է նաև այդպես։ Երբ քո երեխային տանում են բանտ բռնաբարության համար՝ հրաժարվում ես։ Եթե այնպիսի սխալ է արել, որը շտկելի է, փորձում ես աջակցել։

-Ամեն դեպքում, ժողովրդի մի հատվածի մյուսի դեմ հանելը։

-Երբ Նիկոլն ասաց, որպետք է ասֆալտին փռել, ես այս օրը հոդված գրեցի, գրեցի, որ չի կարելի Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու ասֆալտին փռել։ Մեր օրենքներում ասֆալտին փռելու կետ չկա։ Դա Նիկոլի ամենապուպուլյար օրերն էր, երբ ժողովուրդն իրենց 72 տոկոս քվե էր տվել։ Ես այդպես եմ ասել այն ժամանակ, երբ շատ պոպուլյար էր և ասում եմ այսօր, երբ դրանից պակաս պոպոլյուր է։ Ինքը չպետք է անգամ խոսքի մակարդակով, եթե դա վրիպակ է, որևէ մեկի հանդեպ հաշվեհադարի կոչ անի։ 

-Հիմա դե՞մ եք Նիկոլ Փաշինյանին․․․

-Ոչ դուք Ձեր արժեհամակարգով եք դատում, որ ես դեմ եմ այնինչին, կամ կողմ  այնինչին»։ Ես կողմ եմ Անուշին, երբ Անուշը լավ բան է անում, և դեմ, երբ Անուշը ղալաթ է անում»

-Հիմա «Անուշը»  արե՞լ է ղալաթ և այդ ղալաթից հետո  նրա հրաժարականին կո՞ղմ եք։

-Հայաստաում պետք է անպայման փոփոխություններ լինեն։ Այդ փոփոխությունները լինեն որքան ավելի անցնցում, ու մեղմ, առանց որևէ զենքի, կոշտ զենքի կիրառման, այնքան ավելի շուտ դուրս կգանք էս վիճակից։ Պետք են արագ փոփոխություններ։ Այդ փոփոխությունների մասին պետք է խոսել։ Պառլամենտը պետք է աշխատի ու պետք է ստանանք փոփոխություններ։ Թե ոնց դրանք կանեն ու որքան արագ , դրանով է պայմանավորված Հայաստանում բախումների լինել-չլինելը։