«AstraZeneca»-ի պիտանելիության ժամկետը լրանում է մայիսի վերջին

«AstraZeneca»-ի պիտանելիության ժամկետը լրանում է մայիսի վերջին

Վաղը Հայաստանի պոլիկլինիկաներում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Առաջնահերթ օգտագործվելու է AstraZeneca պատվաստանյութը։ Երեկ այս մասին ասուլիսում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Եվ այսպես, Հայաստանն օգտագործում է վակցինա, որին, ըստ սոցհարցումների, չի վստահում Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի բնակչության մեծամասնությունը։ Գերմանիայի կանցլեր Մերկելը հետաձգել է պատվաստման օրը, որն ապրիլի 11-ն էր։ Եվրոպական երկրներում արդեն նույնիսկ սոցհարցումներ են կազմակերպվել տրոմբոզ առաջացնող անգլոշվեդական վակցինայի վերաբերյալ։ Իսկ Հայաստանը ոչ միայն չի հրաժարվում դրանից, այլեւ կառավարական մակարդակով այն գովազդում է։

Առողջապահության նախարարը երեկվա ասուլիսում նախ մի լավ վախեցրեց բնակչությանը՝ ասելով․ «Եթե անձինք վարակվելու պարագայում հույս ունեն թեթեւ անցկացնելու կորոնավիրուսը, պետք է հասկանալ, որ այն բավականին լուրջ հիվանդություն է, առողջանալուց հետո ունենում է լուրջ հետեւանքներ։ Պատվաստումը պետք է օգնի, որ մենք այս համավարակի էջը փակված համարենք որոշ ժամանակ հետո»։ Ապա հայտնեց, որ, հաշվի առնելով AstraZeneca-ի օգտագործման արդյունքում ի հայտ եկած հետեւանքները, նախարարության մասնագիտական հանձնաժողովը որոշել է սահմանափակել դրանով պատվաստվողների տարիքը։ «Որոշեցինք, որ AstraZeneca-ով կպատվաստվեն 55 տարիքից բարձր քաղաքացիները»։ Այլ կերպ ասած՝ դե, մեծ են, ինչ լինում է, լինի։ Այսպես, AstraZeneca-ն «կսաղացնեն» տատիկ-պապիկների վրա, բայց սա կառավարման առումով միակ բարդությունը չէ, որ առաջանում է։ AstraZeneca-ի պիտանելիության ժամկետը սահմանափակ է։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը հաստատեց մեր տեղեկությունը, որ այս պատվաստանյութի պիտանելիության ժամկետը մինչեւ մայիս ամիսը ներառյալ է։ 

Հայաստանը, ինչպես հայտնի է, AstraZeneca-ի  խմբաքանակը՝ 24 հազար դեղաբաժին, ձեռք է բերել մարտի 28-ին։ «AstraZeneca»-ի մեկ դեղաբաժինը Հայաստանը ձեռք է բերել 4 դոլարով։ Եթե մինչեւ մայիսի վերջը այս խմբաքանակը չօգտագործվի, ապա այն պարզապես ոչնչացվելու է։ Նկատի ունենալով «AstraZeneca»-ի շուրջ ձեւավորվող բացասական կարծիքը, հակաքարոզը, այն հանգամանքը, որ օրական նոր մահեր են ի հայտ գալիս, որոնց պատճառը եղել է վտանգավոր պատվաստանյութը, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի բնակչությունը զանգվածաբար հրաժարվելու է «AstraZeneca»-ից։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ կառավարությունը փողը ջուրը գցեց։ 

Մեր հարցին նախարարության խոսնակը պատասխանեց․ «Իրականում, եթե թեկուզ մայիսին է լրանում, դա խնդիր չէ, որովհետեւ պատվաստանյութն ունի իր իրացման ձեւը։ Մենք հիմա կարողանում ենք տարբերել լավն ու վատը ու առաջարկված տարբերակներից ընտրում ենք այն, որը որ պետք է»։ 

Այնպիսի հակաքարոզ է գնացել, որ մարդիկ վախենում են այդ վակցինայով պատվաստվել։ Ո՞ր խելագարը կամավոր կգնա «AstraZeneca»-ով պատվաստման։ Ըստ խոսնակի, իրենք արդեն մի քանի հոգու համաձայնություն ունեն, ովքեր վաղն առաջին պատվաստվողներն են լինելու։ Նրանց ներարկման պրոցեսը նկարահանելու են ու լայնորեն գովազդեն։