ՀՀԿ-ն պետք է մասնակցի իր բրենդով

ՀՀԿ-ն պետք է մասնակցի իր բրենդով

ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն ասում է՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, չի կարելի հավատալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հունիսի 20-ին ընտրություններ կլինեն։ Երբ պաշտոնապես հայտարարվի, ՀՀԿ-ն էլ կհայտարարի իր դիրքորոշումը։ «Ջուրը չտեսած՝ չենք բոբիկանում»,- ասում է նա։

- Պարոն Նիկոյան, քաղաքական դաշտում ՀՀԿ-ն է այն միակ ուժը, որը կասկածում է ընտրությունների անցկացման հարցում, մտածում եք, որ ընտրություններ չե՞ն լինի։

- Ես ամեն ինչին հավատում եմ կամ ամեն ինչին չեմ հավատում։ Դուք ուզում եք, որ մի ստախոսի հայտարարությա՞ն հավատամ, այդ մարդը երեք տարվա մեջ մի ճիշտ բան ասե՞լ է, որի հիման վրա քաղաքական ուժը պաշտոնական տեսակետ հայտնի։

- Այո, հայտնել են, որոշներն անգամ քարոզարշավ են անում։ Բայց հիմա տեսականորեն պատասխանեք՝ եթե ընտրություններ լինեն, ճի՞շտ է մասնակցելը։

- Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր քայլերի հիմքում պետք է դնի հետեւյալ հարցը՝ իր քայլով ի՞նչ օգուտ է տալու պետությանն ապագայում։

- Ընտրություններին մասնակցելով՝ պետությանը հնարավո՞ր է օգուտ տալ, թե՞ դուք էլ շատերի պես կարծում եք, որ այս ընտրությունները լինելու են իշխանության վերարտադրության միջոցառում։

- Ես իմ տեսակետն եմ արտահայտում, որ, իհարկե, դավադիր, դավաճան, կապիտուլյանտ ղեկավարության հետ ընտրությունների գնալն անհեթեթություն է, որ ինքը մեկ խնդիր ունի, ուզում է լեգիտիմացնել իր դավաճանությունը, իքս քանակի ձայներ հավաքելու դեպքում ամբողջ աշխարհին կարող է ասել՝ տեսեք, մենակ ես չեմ դավաճան, այսքան մարդ է ինձ ձայն տվել, ուրեմն ես դավաճան չեմ։ Մասնակցելով՝ մի կողմից  օգնում ենք, որ ինքը կարողանա նման ձեւակերպում տալ եւ լեգիտիմացնել իր դավաճանությունը, մյուս կողմից էլ՝  չպետք է թույլ տալ, որ ինքը վերարտադրվի։ Ես կրկնում եմ, որ յուրաքանչյուր կուսակցություն ցանկացած քայլ անելիս պետք է առաջնորդվի հետեւյալ սկզբունքով՝ ինչքանով է ինքն օգտակար լինելու պետությանը։ Եթե դու քո պասիվ կեցվածքով օժանդակում ես, որ նա վերարտադրվի,  դա նշանակում է, որ այնքան էլ օգուտ չես տալիս։ Այնպես որ, կան բազում «եթե»-ներ, բազում հարցեր։

- Մինչեւ հիմա ծանրութեթեւ չե՞ք արել, ի վերջո, մասնակցելո՞վ եք օգուտ տալու, թե՞ չմասնակցելով։

- Դեռ պետք է հստակ լինի՝ ընտրություն կա՞, թե՞ չկա, այսինքն՝ ջուրը տեսնենք, նոր բոբիկանանք, հետո նոր որոշում կկայացնենք։ Իմ սեփական կարծիքն այն է, որ ամեն ինչ պետք է անել, որ այդ դավաճան սրիկան չվերարտադրվի։

- Օրինակ, քաղաքագիտական վերլուծություններ են արվում, որ ընդդիմությունը հաջողության կհասնի, եթե մեկ միասնական ճակատով մասնակցի, չփոշիացնի ձայները, իշխանությանն այլընտրանք ներկայացնի։ 

- Ես այդ կարծիքին չեմ, իմ անձնական կարծիքը խիստ տարբերվում է դրանից, որովհետեւ յուրաքանչյուր կուսակցություն մաքսիմում կարող է իր համախոհներին մոբիլիզացնել։ Քաղաքականության մեջ միշտ չէ, որ մեկ գումարած մեկը հավասար է երկուսի, կան դեպքեր, որ կարող է լինել 1.8, իհարկե,  գուցե լինեն դեպքեր, որ հավասար լինի երկուսի, բայց սա այդ դեպքը չէ։

- Բաժանիր, որ տիրես, չե՞ք կարծում, որ անջատ մասնակցությունն ավելի կփոքրացնի իշխանափոխության շանսը։

- Ոչ։ Կրկնում եմ՝ յուրաքանչյուր կուսակցություն կարող է մոբիլիզացնել իր բոլոր համախոհներին, կուսակցության անդամներին, բոլոր մարդկանց, որոնք պատրաստ են ձայն տալ միայն իրենց, միավորման դեպքում կարող է ինչ-որ բան կորել։

- Թվում էր, թե ՀՀԿ-ն եւ Ռոբերտ Քոչարյանն առնվազն կարող էին միավորվել, նախ, որ Քոչարյանը սեփական կուսակցություն չունի, բայց կարծես վարկանիշ ունի, իսկ ՀՀԿ-ն Քոչարյանի ժամանակ էլ է գործունեություն ծավալել։

- Մեզ մոտ մինչ այս պահը որեւիցե ֆորմատի վերաբերյալ քննարկում չի եղել, դրա համար ես որոշ հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելը, անգամ՝ անձնական, անիմաստ եմ համարում։

- Մամուլում տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որ չի բացառվում՝ ՀՀԿ-ն այլ ուժի սատարի, կուսակցական ակտիվը հանգրվանի այլ ուժի ցուցակում, եւ ձեր դեմքով չգնաք ընտրության։

- Ես անձնապես այդ տարբերակը բացառում եմ․ ՀՀԿ-ն պետք է մասնակցի իր բրենդով։

- Մյուս կողմից էլ, լսում ենք՝ որեւէ ուժ չի ցանկանում ՀՀԿ-ականներին ընդգրկել իր ցուցակում՝ հասկանալի պատճառներով, հանրության որոշ շերտեր շարունակում են մերժել նախկիններին, դրա համար էլ ինքներդ երկմտում եք՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ։

- Իսկ ինչո՞ւ ՀՀԿ-ն պետք է ցանկանա որեւիցե կուսակցության ցուցակում ընդգրկվել, ՀՀԿ-ն այսօր մնում է ամենակայացած ուժը, որը յուրաքանչյուր համայնքում ունի իր ներկայացուցիչները, իր կառույցները։ Այնպես որ, շատ քաղաքական ուժեր կերազեին ունենալ ՀՀԿ-ի կառուցվածքը։ Մեր ուժը, մեր կարողությունը մենք հստակ ենք գիտակցում, կարեւորում, իսկ թե ով ինչ է մտածում, մեզ համար առանձնապես նշանակություն  չունի։ Մենք գիտենք ինչ կարող ենք անել։

- Օրինակ՝ ո՞վ պետք է լինի ձեր ցուցակի առաջին դեմքը, լիդերը, երեք տարի առաջ ձեզ մերժել են, մարդիկ դեռ չեն մոռացել․․․

- Նման բան ասում են որոշ շահագրգիռ լրագրողներ եւ քաղաքական ուժեր։ Նրանք ուզում են, որ ՀՀԿ-ն չմասնակցի ընտրություններին եւ սատարի որեւէ քաղաքական ուժի, սա շատերի ցանկությունն է, որ ՀՀԿ-ն չմասնակցի, սատարի իրենց։ Բայց այդպես չէ, ՀՀԿ-ն ունի իր հաշվարկները։

- Եվ որո՞նք են այդ հաշվարկները։

- Արդեն ասացի՝ ՀՀԿ-ն պետք է մասնակցի հենց իր բրենդով։ Անցյալ ընտրություններին, նույնիսկ ամենածանր այդ ժամանակահատվածում մենք հինգ տոկոսը հաղթահարել ենք։ Ինֆորմացիաների համադրմամբ ենք եկել այդ համոզմանը, պարզապես ժամանակներն այնպիսին չէին, որ փորձեինք պայքարել դրա համար։ Հիմա փոխվել են ժամանակները, մենք կարող ենք մեր ձայներին տեր լինել։ 

- Ամեն դեպքում չասացիք՝ ով կարող է գլխավորել ՀՀԿ ցուցակը։

- ՀՀԿ-ն ունի բազմաթիվ լիդերներ, որոնք կարող են գլխավորել ցուցակը, որոնք իրենց անցած ճանապարհով, ինտելեկտով կարող են մրցակցել շատերի հետ եւ դրականորեն առանձնանալ։

- Օրինակ՝ Սերժ Սարգսյանը կարո՞ղ է։

- Ես անձերի մասին չեմ խոսում, խոսում եմ մեր բազային պոտենցիալի մասին։

- Ասացիք, որ պետք է առանձին-առանձին մասնակցել, իսկ հետընտրական փուլում հնարավոր համարո՞ւմ եք անհավանական դաշինքներ կազմել, օրինակ, ՀԱԿ-ի հետ։

- Հետընտրական պրոցեսում՝ արդեն պառլամենտում, պետք է թույլ չտալ ազգադավ սրիկայի վերարտադրությունը, սա պետք է սկզբունք ընդունել եւ այդ սկզբունքից ելնելով՝ ես անձնապես ամեն ինչ էլ տեսականորեն հնարավոր եմ համարում։