Նիկոլը քեզ բարի լույս ասի, չպետք է վստահես, որ առավոտ է, ուր մնաց հավատաս բանավոր հայտարարությանը

Նիկոլը քեզ բարի լույս ասի, չպետք է վստահես, որ առավոտ է, ուր մնաց հավատաս բանավոր հայտարարությանը

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ զրույցը կամ հարցազրույցը, որը հանգստյան օրերին հեռարձակվում էր հեռուստատեսությամբ, անգամ քաղաքական անցուդարձին հետեւող մարդկանց մոտ մի շարք հարցականներ է առաջացրել։ Մասնավորապես, այդպես էլ հստակ չէր՝ Միքայել Մինասյանը, ի վերջո, մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ։ Եթե այո՝ ինչպե՞ս, ո՞ր քաղաքական ուժով։ «Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա անելու եմ իմ դեմքով»,- ասաց Մինասյանը։ Իսկ ինչպե՞ս կմասնակցի իր դեմքով, եթե բնակության ցենզի խնդիր ունի, այսինքն՝ 2 տարուց ավելի բացակայել է երկրից, ինչն օրենքի պահանջ է։ Հարցն ուղղեցինք Միքայել Մինասյանի հետ հարցազրույցն անցկացրած, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Սամվել Ֆարմանյանին, որն ասաց․ «Որեւէ իրավական խոչընդոտ գոյություն չունի Միքայել Մինասյանի բնակության ցենզի հետ կապված։ Փոխարենն արտահերթ ընտրություններ նախ դեռ պիտի նշանակվեն, եւ երկրորդ՝ Միքայել Մինասյանն ինքը պիտի մասնակցության որոշում կայացնի»։ 

Այնուամենայնիվ, տպավորություն  է, որ Մինասյանի թիմն «Արմնյուզի» եթերում արդեն նախընտրական հոլովակով է հանդես գալիս։ «Նախընտրակա՞ն։ Բացարձակ։ Շուրջ երկուսուկես տարի «Արմնյուզի» եթերում այդ տեսանյութում եղած բոլոր մարդիկ խոսել են։ Երբեմն՝ նոն ստոպ։ Ռուբեն Մխիթարյանի մտահղացումն է։ Լավ մտահղացում է։ Վստահ եմ, որ այն կունենա շարունակություն։ Դուք ու ուրիշները եւս կարող եք հաջորդ նման տեսանյութերի «հերոսները» լինել»,- ասաց Սամվել Ֆարմանյանը։

Ի պատասխան հարցին, թե միանալո՞ւ է Մինասյանի կոչին, որով ընկերներին, համախոհներին կոչ արեց միանալ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, եւ, առհասարակ, ի՞նչ արձագանքներ կան։ «Քառյակ մեդիայի» համահիմնադիրն ասաց․ «Ես՝ ինքս, միանալու կամ չմիանալու խնդիր չունեմ։ Մենք վաղուց միացած ենք։ Արձագանքների մասով՝ միանշանակ դրական։ Միքայել Մինասյանի հարցազրույցն օգնեց ծավալել բանավեճ ամենակարեւորի՝ ապագայի մասին»։ Ընտրությունները լինելու են մաքուր համամասնական, Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ ո՞ր կուսակցությունով կարող է հանդես գալ Մինասյանը։ «Չկան նշանակված ընտրություններ, ուստի Ձեր հարցը չունի պատասխան։ Նիկոլը քեզ բարի լույս ասի, չպետք է վստահես, որ առավոտ է, ուր մնաց նրա բանավոր հայտարարությունը հիմք ընդունես։ Երբ կնշանակվեն արտահերթ ընտրություններ, Միքայել Մինասյանը կկայացնի իր որոշումը, բոլոր հարցերն էլ կստանան իրենց պատասխանները»,- հավելեց Ֆարմանյանը։ Նրան եւս մեկ հարց ուղղեցինք․ «Միքայել Մինասյանը, պատասխանելով Ձեր դիտարկմանը, ասաց, որ չի սատարելու այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ իրական ընդդիմադիր, եւ ասաց՝ հիմա իր հերթն է։ Հետեւաբար, նա՝ ինքը, ակնկալո՞ւմ է աջակցություն այլ ուժերից, որոնց չի սատարելու, եւ  արդյո՞ք դա առաջին հերթին ՀՀԿ-ն է»։
Սամվել Ֆարմանյանն ի պատասխան ասաց․  «Մեկ գերխնդիր կա. Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից՝ փրկելու այն, ինչ հնարավոր է դեռ փրկել։ Հիմա փաստացի ստացվել է մի իրավիճակ, որ այդ գերխնդիրը դեռ լուծված չէ։ Չենք կարողացել, չի ստացվել, չենք ուզել, չգիտեմ։ Արդեն էական էլ չէ։ Միքայել Մինասյանն ասում է մեկ պարզ բան. Նիկոլ Փաշինյանին, չկասկածեք, կվռնդի իշխանությունից»։ Այնուամենայնիվ, չե՞ն կարծում, որ չմիաբանվելու դեպքում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության շանսերը կմեծանան, Ֆարմանյանն ասաց․ «Քամուց քշվածը Հայաստանում կարող է վերարտադրվել միայն մեկ դեպքում, եթե ընդդիմությունը կրկին ձախողի իր գործը։ Այսքան բան»։ 

Հարցեր ուղղեցինք նաեւ «Քառյակ մեդիայի» մյուս համահիմնադիր Միհրան Հակոբյանին, բայց նա ասաց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել Միքայել Մինասյանի հարցազրույցը։ Միայն ասաց, որ կմիանա Մինասյանին, որը կոչով դիմել է գաղափարակիցներին, համախոհներին ու ընկերներին՝ պայքարել իր հետ։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի եւ «Իմ Հայաստան» կուսակցության նախագահ Նարեկ Սամսոնյանը նույնպես պատրաստ է միանալ Մինասյանին։ Հարցին, թե որ կուսակցությունով կարող է առաջադրվել Մինասյանը, Սամսոնյանն ասաց․ «Ես պարզ ասել եմ՝ դեռ խոսակցություն չկա։ Երբ ընտրությունների ֆորմալ, իրական լինելու հանգամանքը պարզ լինի, նոր դրանից հետո բոլոր հարցերի մասին կարելի է խոսել»։ Նարեկ Սամսոնյանը նույնպես ելնում է այն կանխավարկածից, թե ոչ մի երաշխիք չկա, որ ընտրություններ լինելու են։ «Քանի դեռ ընտրությունների լինելը հստակ չէ, անլուրջ է դրա մասին խոսելը։ Հիմա բոլորը դրա մասին խոսում են։ Մարդիկ կան, որ հայտարարել են, որ մասնակցելու են ընտրություններին։ Եվ այդ քննարկումների մեջ մտնելով, մենք ավտոմատ ընդունում ենք, որ ընտրությունները ոչ թե Սահմանադրությամբ են, այլ Նիկոլի ուզել-չուզելով»,- ասաց նա։

Բայց չէ՞ որ դա օբյեկտիվ իրականություն է։ Սամսոնյանը համաձայն չէ․ «Ոչ, բացարձակ, Նիկոլի ուզել-չուզելը փոխվում է ժամերի ընթացքում։ Եթե մենք վստահ ենք, որ էս անգամ չի խաբելու, ոնց որ էն անգամ, որ ասում էր՝ ընտրություններ են լինելու, 2 ամիս էդ քննարկումները գնացին, մարդիկ ասացին, որ մասնակցելու են, մեկ էլ 2 ամիս հետո ասաց՝ չկա տենց օրակարգ ու հանրային պահանջ, ես գնացի մարզեր՝ տեսա չկա տենց հանրային պահանջ»։ Սամսոնյանն ասում  է՝ իսկ եթե Նիկոլ Փաշինյանը հանկարծ հրաժարական է տալիս, ու իր փոխարեն մեկին ընտրո՞ւմ են։ «Սրանք բոլորը հավանական ու քննարկման ենթակա հարցեր են, ու մինչեւ էդ հստակությունը չլինի, դրա համար էլ Միքայել Մինասյանը չի հայտարարում»,- կարծում է Սամսոնյանը։ Իսկ Մինասյանի խոսքը Նարեկ Սամսոնյանն այսպես է հասկացել․ «Եթե ստիպված ընտրությունների գնալու հարց լինի, պետք է քննարկել, բայց էդ ընտրությունների գնալը շատ մշուշոտ է, որովհետեւ էս մարդը միշտ խաբել ա»։ Իսկ ինչո՞վ բացատրել, որ ասում է՝ հիմա իմ հերթն է։ Հասկանալի է, որ ակնարկը «17»-ին էր ուղղված, որը ձախողել է Նիկոլին հեռացնելը, հիմա իր հե՞րթն է Նիկոլին հեռացնելու, բայց ո՞ր ճանապարհով՝ ընտրությունների՞, թե՞ փողոցի։ Նարեկ Սամսոնյան․ «Ես իր ասածից չեմ հասկացել, որ ընտրություններով։ Ընտրությունների մասին նա հստակ որեւէ բան չի ասել»։ Ուրեմն փողոցի՞ մասին էր խոսքը։ «Չգիտեմ, ինչ նկատի ուներ, բայց ընկալում ունեմ, որ փողոցային պայքարը երբեք չի կարելի շարքից հանել, հատկապես, երբ ընտրությունների գնալու սուտ խոստում տվել է մի մարդ, որը մի անգամ էլ է տվել նման խոստում»։

Նաեւ՝ «պառլամենտարիզմի հերն անիծում ենք, երբ խոսում ենք ընտրությունների անցկացման մասին, երբ պառլամենտում իր հրաժարականից հետո շատ հնարավոր է, եւ Սահմանադրությունն էլ տալիս է դրա հնարավորությունը, որպեսզի առաջադրվի եւ ընտրվի մեկ այլ թեկնածու»։ Սամսոնյանը հարցնում է․ «Իսկ ինչո՞վ եք վստահ, որ իրենց ուսուպարկերի ֆրակցիայում մեծ երկփեղկում չի լինելու։ Ես, օրինակ, չեմ բացառում, որ էն պատգամավորները, որոնք գիտեն, որ էս ամեն ինչից հետո այլեւս երբեք պատգամավոր չեն լինելու, ու ամեն մեկը գնալու է մատուցողի իր նախկին աշխատանքին, որոշեն, որ ըմբոստանում են իքս պահին, եւ Նիկոլ Փաշինյանի դեմ հավաքվում է, ենթադրենք՝ 80 հոգանոց մեկ ուրիշ ֆրակցիա, որից 40-ը դուրս է գալիս նիկոլենցից, մնացած ընդդիմադիրներն էլ միանում են, ու դառնում է, որ Նիկոլին իշխանությունից հեռացնում են, ու նոր իշխանություն է ձեւավորվում»։