Ոչինչ մի արեք

Ոչինչ մի արեք

Երբեմն թվում է, թե այս իշխանություններն առաջնորդվում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով: Ամեն ինչ անում են մարդկանց վնասելու, կյանքը բարդացնելու համար: Ոչ մի հարց մեզանում չի լուծվում, հօգուտ քաղաքացու ոչինչ չի արվում: Կարծես պետությունը ստեղծված է ոչ թե մեր կյանքը կազմակերպելու, մեր անվտանգությունն ապահովելու, մեր իրավունքներն ու ազատություններն ապահովելու համար, այլ՝ ճիշտ հակառակը: Եվ տպավորություն է, որ քաղաքացիներն ու պետությունը բարիկադների տարբեր կողմերում են:

Այս բարդ իրավիճակում, երբ թշնամին զենք-զրահը կապած, ատամները սրած, մեր սահմանին կանգնած՝ ուզում է մեր երկիրը մաս-մաս անել, մեր զավակներին հոշոտել եւ հայտնի չէ, թե մեկ-երկու ամսից ինչ է սպասվում, ո՞ր տհաս ուղեղի արգասիքն է բուհերը միավորելու ծրագիրը: Եթե դա արվում է մարդկանց փողոց դուրս բերելու, բողոքի ակցիաներ հրահրելու, այս ապաշնորհ իշխանության դեմ դժգոհությունն ավելացնելու համար` նորմալ է: Եթե արվում է արտաքին խնդիրներից` պատերազմից, իշխանությունների արկածախնդիր քաղաքականությունից, սահմանազատումներից ու խաղաղության աղետալի պայմանագրերից հանրության ուշադրությունը շեղելու համար` դա էլ կարող ենք հասկանալ:

Եթե դա արվում է կրթական համակարգն իսպառ ոչնչացնելու, բարձրագույն կրթությունը զրոյացնելու, կրթված մարդկանց քանակը նվազեցնելու համար` նույնպես բացատրելի է: Բայց եթե արվում է իբրեւ թե կրթական բարեփոխումների շրջանակներում, գլոբալ, մնայուն ծրագրեր իրականացնելու մղումով, արդեն զավեշտալի է: Ինչպե՞ս անենք, ո՞նց խնդրենք այս իշխանություններին` ոչ մի բարեփոխում չձեռնարկել, ոչ մի վերակազմավորում չանել: Գոնե՝ առայժմ: Ի սեր Աստծո` նստեք ձեր կաբինետներում, ստացեք ձեր բարձր աշխատավարձերը եւ ոչինչ մի արեք: