Վարչապետը եթե ասել է՝ Ղուկասյանը, նկատի է ունեցել աշխատանքային խմբեր․ վարչապետի խորհրդական

Վարչապետը եթե ասել է՝ Ղուկասյանը, նկատի է ունեցել աշխատանքային խմբեր․ վարչապետի խորհրդական

Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր և իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի նամակագրությունը, որում Ղուկասյանն ասում էր, որ 1 օրում այցելել է շրջափակման մեջ հայտնված 6 գյուղեր, իսկ Փաշինյանն էլ զարմացել է, որ 6 գյուղում 250 ընտանիք է ապրում․

«Երբ որ ճանապարհների հետ կապված իրավիճակը եղել է, իմ խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ինձ նամակ է գրում, ներկայացնում է, թե ինչ է եղել։ Գրում է՝ պարոն վարչապետ, մենք բոլոր ընտանիքներին այցելել ենք 6 գյուղերի, խոսքը Ճակատենի ճանապարհից օգտվող 6 գյուղերի մասին է, 6 գյուղերի բոլոր ընտանիքներին այցելել ենք, բոլոր ընտանիքների կարիքները գույքագրել ենք, ում ինչ պետք է եղել, տվել ենք։ Ես ասում եմ՝ մի րոպե, էդ ե՞րբ եք սկսել գործը, ասում է՝ երեկվանից սկսել ենք, ասում եմ՝ երեկ սկսել եք ու բոլոր ընտանիքների հետ շփվե՞լ եք, 6 գյուղերում բոլոր ընտանիքների հետ շփվե՞լ եք, ասում է՝ այո, ասում եմ՝ ինչի, 6 գյուղում քանի՞ ընտանիք կա, որ բոլորի հետ հասցրել եք մի օրում շփվել 1.5 օրում, ասում է՝ 250 ընտանիք։ Եվ ես չեմ հավատում, ասում եմ՝ ո՞նց, 6 գյուղում 250 ընտանի՞ք է ապրում։ Հարցրել եմ՝ 2018-ից հետո՞ է էդ գյուղերի ընտանիքների թիվը 250 դարձել, ասում է՝ չէ, ի՞նչ եք ասում, էդ վաղուցվանից է այդպես»,- ասաց Փաշինյանը։ 

վարչապետի հայտարարությունը ֆեյսբուքյան շատ օգտատերերի անհավանական թվաց, որ Ռոբերտ Ղուկասյանը 1 օրում 250 ընտանիքի է այցելել, բլոգեր Տիգրան Քոչարյանը նույնիսկ թվաբանական հաշվարկ էր կատարել՝ պարզելով, որ նվազագույն հաշվարկներով Ռոբերտ Ղուկասյանին դրա համար 1.7 օր պետք կլիներ․

«Դիմում եմ Փաշինյանի օգնական Ռոբերտ Ղուկասյանին։
Ղուկասյան,ինչո՞ւ ես օգտվել վարչապետի անգրագիտությունից ու իրեն խաբել, որ մեկ օրում այցելել ես Կապանի շրջանի 6 գյուղի 250 ընտանիքներ։
Ղուկասյան, դու կարո՞ղ ա Ձմեռ Պապին ես, որ սենց արագի մեջ ամեն տեղ հասցնում ես։ 
Նույնիսկ ամեն ընտանիքին 10 րոպե հատկացնելով ,դա կկազմեր 2500 րոպե, այսինքն մոտ 40 ժամ, մոտ 1,7 օր։
Ղուկասյան, բա դու քնել չունե՞ս, հաց չե՞ս ուտում. բա գյուղից գյուղ գնալը ո՞նց ես արել։
Ղուկասյան, եթե մտածել ես մենք էլ ենք հետամնաց գեղցիներ, ապա չարաչար սխալվել ես։
Ղուկասյան, վերադասիդ ստելու համար պետք ա ամաչես, քեզ Կալավանից հանեց բերեց Երևան մարդամեջ, որ սենց բաներ անե՞ս։
Ամոթ, 250 ամոթ քեզ, թոզ փչող խաբեբա։
Չնայած վերադասդ ինչ ա, որ դու ինչ լինես»,- գրել էր Քոչարյանը։ Վարչապետի խորհրդականին հարցրինք՝ թե ինչպե՞ս է կարողացել 1 օրում 250 ընտանիքի այցելել, խնդիրներ գույքագրել․

«Ինձ ասել են, որ ինչ-որ մարդիկ բաներ են գրել, իրականում դա այնքան անլուրջ է, ես միայնակ չեմ էստեղ, այստեղ մասնագիտական խումբ կա մեզ հետ, դա աշխատանքային խմբի շրջանակներում է արվում, դրան գումարած և՛ մարզպետարանից և՛ վարչական ղեկավարներն են, տարբեր կառույցների տեղական ղեկավարները։ Կարծում եմ, որ եթե վարչապետն ասել է Ղուկասյանը, նկատի է ունեցել աշխատանքային խմբեր, ոչ թե ես միայնակ։ Բոլորս միասին ենք արել, ես արդեն 6 ամիս է՝ այս գյուղերում եմ»,- պատասխանեց Ղուկասյանը։ Նրան հարցրինք նաև, թե Փաշինյան- Ալիև- Պուտին վերջին հանդիպումը, ստորագրված փաստաթուղթը Սյունիքում ի՞նչ արձագանքներ է գտել, ինքն անձամբ ի՞նչ կարծիք ունի դրա մասին, այն հայանպա՞ստ է, թե՞ ոչ․

«Ժողովրդի հետ այդ մասով չենք խոսել, ինձ թվում է՝ բոլորը՝ այդ թվում նաև ես, տեղեկացված ենք այնքան, ինչքան բոլորը, մնացածը անընդհատ բնակիչների հետ քննարկում ենք, բայց․․․։ Ես չեմ կարող իմ տպավորություններն ասել, որովհետև ամբողջական պիտի տեղեկացված լինեմ, ես փորձում եմ ինձ հեռու պահել այդ ամենից, որովհետև իմ նպատակը մարդկանց մաքսիմում օգնելն է, ոչ միայն որպես խորհրդական, այլ նաև որպես հայ»,- պատասխանեց վարչապետի խորհրդականը։