Արցախը ստացավ ու սկսեց հարաբերությունները լավացնել Իրանի, Ռուսաստանի հետ

Արցախը ստացավ ու սկսեց հարաբերությունները լավացնել Իրանի, Ռուսաստանի հետ

Բանակցային գործընթացը կարծես թե դասավորվում է ոչ ի շահ Հայաստանի։ Ալիեւը բոյկոտեց Գրանադայում հնգակողմ հանդիպումը, որտեղ Նիկոլ Փաշինյանին կարող էին աջակցել Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները, նորից խոսվում է 3+3 ֆորմատն աշխատեցնելու մասին, որտեղ Հայաստանը գրեթե աջակից չունի, եւ Ալիեւը մեկնում է Բիշքեկ, ուր չի մեկնում Փաշինյանը։ Առաջիկայում հանդիպում է պլանավորված Բրյուսելում՝ Ալիեւ-Փաշինյան-Շառլ Միշել կազմով։

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն ասում է, որ բրյուսելյան ձեւաչափում որեւէ փոփոխություն չկա, դրանում մի բացառություն է եղել՝ 2022 թ․ հոկտեմբերին, որին ներկա է եղել նաեւ Մակրոնը, եւ որի ժամանակ տխրահռչակ պրահյան հայտարարությունն է եղել, որը սկիզբ դրեց Արցախի շրջափակմանն ու էթնիկ զտման միջոցով ցեղասպանության իրականացմանը։ «Ձեւաչափն ինքնին էական փոփոխություն չի կրել, ուղղակի խնդիրն այն է, որ կան որոշակի հանձնառություններ եւ երաշխավորներ՝ այդ հանձնառությունները կատարողների տեսակետից, եւ այս առումով Եվրամիությունն ինքն իրենով չի կարող որեւէ բան անել, որովհետեւ ԵՄ-ն կազմակերպություն է՝ այն գործում է իր անդամ պետությունների միջոցով։ Այդ շարքում ամենախոշոր դերակատարներն են Ֆրանսիան եւ Գերմանիան, որոնք իրենց ներկայությամբ պիտի փաստական երաշխավոր դառնային ձեռք բերված հանձնառությունների իրականացմանը։ Դա էր խնդիրը, որը բերեց այդ հնգակողմ հանդիպմանը՝ սկզբում Մակրոնի մասնակցությամբ, հետո Շոլցին ներգրավեցին՝ որպես ԵՄ-ում ծանրակշիռ դերակատարներ, որ իրենք երաշխավոր դառնան՝ այն հանձնառությունների կատարման համար, որն ամրագրված է այդ հայտարարություններում»,- ասաց Աղաջանյանը։

Եվ քանի որ Ֆրանսիան՝ Մակրոնը, նշանակված է, այսպես ասած, «Հայաստանին քավորություն անելու»՝ դեպի Եվրոպա, դեպի Արեւմուտք մեր շրջադարձը հանրության համար ընդունելի, ընկալելի եւ ցանկալի դարձնելու համար, բնականաբար, ֆրանսիական կողմը դրսեւորել է հայամետ պահվածք։ Նման պարագայում Ադրբեջանի համար դա ցանկալի չէր, եւ Ադրբեջանը սկսեց դեմ հանդես գալ Մակրոնի մասնակցությանն այդ ձեւաչափում։ Հետո փորձ արվեց Շոլցին ներգրավել՝ որպես երաշխավոր, ու որպեսզի ընտրության առաջ չկանգնեին՝ Ֆրանսիա, թե Գերմանիա, որոշվեց հնգակողմ ձեւաչափը որդեգրել։

«Հիմա հասկանանք, թե ինչու Ադրբեջանը չմասնակցեց Գրանադայի հնգակողմ հանդիպմանը։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ստացավ այն, ինչին ձգտում էր՝ ի դեմս հայաթափված Արցախի։ Այս պարագայում նա մի խնդիր ունի՝ մեծացնելու թուրքական դերակատարումը, ծանրացնելու թուրքական գործոնը եւ իր աջակցությունը, որովհետեւ ինքը միայնակ, հաշվի առնելով այն հանցագործությունն ու ագրեսիան, որ իրականացրել է, ինքն արդեն թիրախավորված է եվրոպական համայնքի համար։ Որպեսզի կշեռքի իր նժարը ծանրացնի, պահանջել է Թուրքիայի մասնակցությունը, նաեւ՝ որպես տարածաշրջանային խոշոր դերակատար եւ հարցեր լուծողի հավակնություն ունեցող։ Բնականաբար, եվրոպական կողմը չէր կարող համաձայնել նման մասնակցության․․․ Այդ պարագայում Ադրբեջանը չգնաց, որովհետեւ արդեն ստացել էր Արցախն ամբողջությամբ եւ այդ ֆորմատից ստանալիք չուներ, բացի այն, ինչը նա պիտի ընդուներ, որի ցանկությունը բացարձակ չուներ, այդ թվում՝ նաեւ որոշակի տարածքային ամրագրումներ, ինչի վերաբերյալ հստակ հայտարարություններ են անում։ Եվ երկրորդը․ «դուք խոստացել եք՝ դուք պիտի տաք» պահանջը ներկայացնելով, հաշվի առնելով հեռահար հակաիրանական ծրագրերը, որ իր հետ կապված դեռ կան՝ պլացդարմի առումով։ Հիմա նա փորձում է հնարավորինս ծանրացնել կշեռքի իր նժարը եւ արդեն թեքվելով դեպի ռուսական կողմ՝ մրցակցության մեջ դնել ռուսական զիջումները եվրոպական հնարավոր զիջումներին, որոնք, ցավոք սրտի, լինելու են Հայաստանի հաշվին»,- նշեց դեսպանը։

Արդյոք Ալիեւը վտանգի տակ կդնի՞ Ադրբեջանն ու իր իշխանությունը՝ Իրանի դեմ հարձակման պլացդարմ դառնալով։ Աղաջանյանը շեշտեց, որ ի սկզբանե Ալիեւը դա խոստացել է, ինչի դիմաց էլ Արցախը նվեր են տվել նրան։ «Դա է եղել պայմանը, որի համար նա 2020 թ․ պատերազմի ընթացքում իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում ակտիվորեն ե՛ւ ճանապարհաշինական, ե՛ւ ռազմական բազաների, ե՛ւ իսրայելական ներկայության, տարբեր ուժային ու վարձկանական ներկայության արագացված ամրապնդում է իրականացնում։ Այդ էր պատճառը, որ նա շատ ակտիվորեն անցյալ տարվա վերջից սկսեց հարաբերությունները վատացնել Իրանի հետ։ Եվ եթե հիմա նայենք այսօրվա վիճակին, երբ նա Արցախն ամբողջովին ստացավ, հանկարծ սկսեց հարաբերությունները լավացնել Իրանի հետ եւ անգամ զինավարժություններ անցկացնել համատեղ Կասպիական ավազանում։ Այսինքն, այդ թեքումը դեպի ոչ արեւմտյան դերակատարներ՝ հստակ երեւում է։ Նա ստացել է Արցախը եւ ցանկություն չունի բացարձակապես իր տարածքը դարձնել երկրորդ Ուկրաինա։ Բայց ինքը դա խոստացել է Արեւմուտքին, եւ դա է պատճառը, որ Արեւմուտքը ոչ միայն ամբողջ ժամանակահատվածում զինել է Ադրբեջանին, այլեւ աչք է փակել Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների վրա՝ թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությունների այս վերջին շրջանում․․․ նա դեռ պարտք ունի վճարելու Արեւմուտքին»,- ասաց դիվանագետը։

Նա կարծում է, որ Ալիեւն ի վերջո չի կարողանա խուսանավել, որովհետեւ Արեւմուտքը շատ լծակներ ունի Ադրբեջանի վրա, եւ այն կեղծ թեզը, որ շրջանառվում է, թե իբր նա էներգետիկ առումով վստահելի գործընկեր է, բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այդ գազային, նավթային մատակարարումները հիմնականում ռուսական են՝ հոսում են ադրբեջանականի անվան տակ։ Ուկրաինական դաշտում խնդիրների կարգավորումից հետո ադրբեջանական հեղինակության հետքն էլ չի մնալու, բայց նրանք այլ լծակներ էլ ունեն՝ ալիեւյան կլանի եւ մնացածների ֆինանսները, ունեցվածքը գտնվում են արեւմտյան բանկերում, եւ Արեւմուտքն էլ հսկայական մասնաբաժին ունի այդ երկրում։ «Այստեղ խնդիր է, թե իրենք ինչ լծակներ կօգտագործեն, եւ եթե Ադրբեջանը նժարը շատ թեքի դեպի Ռուսաստան ու Իրան եւ փորձի լրիվ ձերբազատվել եվրոպական ճնշումից, նրանք շատ հանգիստ կարող են վայրկյանական այդ սանկցիաները կիրառել եւ ստիպել Ադրբեջանին՝ կատարել իր հանձնառությունը։ Ինձ մոտ կասկած կա, որ Գազայի իրադարձությունները պատահական չեն, եւ այդտեղ բավականին մեծ դերակատարում ունի Թուրքիան, որը նման քայլով փորձ է անում շեղել Ադրբեջանի պարտադրանքից եւ հանձնառություններից»,- նկատեց Ձյունիկ Աղաջանյանը։ Դեսպանի կարծիքով՝ ՀԱՄԱՍ-ի ստեղծման եւ ֆինանսավորման հարցում թուրքերը մեծ դերակատարում են ունեցել։ Եվ պատահական չէ, որ նույն ձեռագիրն է նկատվում՝ թե՛ էթնիկ զտումներ իրականացնելը, թե՛ տոտալ շրջափակման մեջ դնելը։ Իսկ ՀԱՄԱՍ-ն Իրանի հետ կապելու փորձերը կրում են հակաիրանական ճակատ ձեւավորելու եւ Իրանին պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու տրամաբանություն։